Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Հակոբյան. «Ադրբեջանը ասում է՝ եկեք ձեզ մի քիչ փող տամ և ինչ ուզեմ տեղափոխեմ, օրինակ՝ զենք՝ դեպի Նախիջևան»

Դեկտեմբեր 15,2021 15:01

«Ադրբեջանը ասում է՝ դուք չպետք է իմ բեռները ստուգեք, որին Հայաստանը դեմ է»,- ,- «Հոդված 3» ակումբում, անդրադառնալով բրյուսելյան բանակցություններին, ասաց պատմության հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»-ի համակարգող Թաթուլ Հակոբյանը։

Հիշեցնենք, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առանձին, ինչից հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում։  Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի տրամաբանությամբ. եթե Երևանը մաքսակետեր տեղադրի «Զանգեզուրի միջանցքում», Բաքուն նույնպիսի պայմաններ կպարտադրի Լաչինի միջանցքում։

Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ դա է դարձել հիմնական կետը, որ թույլ չի տվել բանակցությունները առաջ տանել. «Սա, հավանաբար, առաջին անգամ եմ ասում՝ տեղյակ լինելով այս փաստաթղթերի բովանդակությանը։ Ես համարում եմ, որ սա է հիմնական պատճառը։ Ադրբեջանը ասում է՝ եկեք ձեզ մի քիչ փող տամ և ինչ ուզեմ տեղափոխեմ, օրինակ՝ զենք՝ դեպի Նախիջևան, դեպի Թուրքիա։ Սա է, որ ես կարծում եմ, ոչ միայն Հայաստանն է դեմ, սրան դեմ է նաև Ռուսաստանը»։

Անդրադառնալով միջանցքների հարցին՝ նա շեշտեց, որ Լաչինի միջանցքը ոչ թե Հայաստանի անվտանգության և պաշտպանության տակ է լինելու, այլ՝ Ռուսաստանի. «Ադրբեջանը ուղղակիորեն նաև ռուսների հետ է խոսում այս հարցում։ Եվ այստեղ էլ կա խնդիր, որովհետև այդ միջանցքը, որով Հայաստանը անարգել կապվելու է, Հայաստանի տարածքում այդ կետը լինելու է Կոռնիձորը, իսկ Արցախում, նախկին անունը ասեմ, Կրկժանը։ Այսինքն՝ նոր ճանապարհ է կառուցվելու, և սա նշանակում է, որ միջանցքների միջև նույնություն մտցնելով՝ Ադրբեջանը Ռուսաստանին է նաև քաշում այս գործընթացի մեջ»։

Թաթուլ Հակոբյանը կարծում է, որ Ռուսաստանը դեմ չի լինի միջանցքի գոյությանը՝ պայմանով, որ այդ միջանցքը ամբողջապես լինի իր վերահսկողության տակ. «Դրանով ինքը կունենա ազդեցության լծակ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի վրա։ Հայաստանի մասին չեմ խոսում, որովհետև Հայաստանը ըստ էության ռուսների ափի մեջ է, ռուսների ձեռքի մեջ է։ Եվ նույնիսկ, եթե միջանցք տրամադրվի, և ռուսները այդ միջանցքը ղեկավարեն, կարգավորեն, դա նշանակում է, որ իրենք լուրջ ազդեցություն են ունենալու Թուրքիայի և Ադրբեջանի վրա»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031