Լրահոս
Օրվա լրահոսը

Ամասիայում հաղթած ՔՊ-ականները հրաժարվում են մանդատներից

Դեկտեմբեր 15,2021 14:41

Շիրակի մարզի Ամասիա խոշորացվող համայնքում, որտեղ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՔՊ-ականները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՔՊ-ի ցուցակը գլխավորող, անկուսակցական Մերգել Ղարիբյանը՝ Արփի խոշորացված համայնքի ղեկավարը։

Aravot.am-ին հասած տեղեկություններով, պատճառը եղել է համայնքապետի պաշտոնի շուրջ անհամաձայնությունը։

Բանն այն է, որ ՔՊ-ի ու «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքի հավաքած ձայները չնչին քանակով են միմյանց զիջում՝ ընդամենը 16 ձայնով, երկու քաղաքական ուժերն էլ ստանալու են 6-ական մանդատ։

«Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը, որը գլխավորում է Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, և որը ի սկզբանե մտադիր էր կոալիցիա կազմել 3 մանդատ ունեցող ՀՀԿ-ի հետ, մեզ հասած տեղեկություններով, որոշակի ճնշումների ներքո փոխել էր որոշումը։

Նշենք, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում է Ջեմմա Հարությունյանի տեղակալը՝ Արթուր Մկրտումյանը, որը ժամանակին եղել է ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի շտաբի պատասխանատուն Ամասիայի տարածաշրջանում։

Ի դեպ, ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու մասին անգամ հաղորդագրություն էին տարածել, որից հետո Ջեմմա Հարությունյանը լրատվամիջոցներից մեկով հերքել էր՝ նշելով, որ վեց մանդատ իր գլխավորած քաղաքական ուժն ունի, վեց մանդատ էլ ՔՊ-ն, ըստ օրենքի, որպես տարեց՝ ինքն է դառնալու համայնքապետ:

Նշենք, սակայն, որ ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, Ամասիայում մոտ 150 հոգանոց խնջույք-հավաք է եղել, որտեղ Ջեմմա Հարությունյանն ու իր ՀՀԿ-ական տեղակալը համախոհների մասնակցությամբ շնորհավորել են միմյանց՝ դաշինք կազմելու ու համայնքի տեղական ինքնակառավարումը համատեղ ստանձնելու համար։

Ինչևէ, ըստ շրջանառվող լուրերի, այս ամենից հետո «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը համաձայնել է համագործակցել ՔՊ-ի հետ՝ այն պայմանով, որ համայնքապետ լինի Ջեմմա Հարությունյանը։

ՔՊ-ականներն էլ, սակայն նեղվել են այս պայմանից ու որոշել ինքնաբացարկ ներկայացնել։ Ըստ էության Ամասիայում նոր ընտրություններ են նշանակվելու։

ՔՊ-ի թեկնածու Մերգել Ղարիբյանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ այո՛, իրենք գտնում են՝ համայնքապետը պիտի լինի ՔՊ-ից, սակայն ասաց՝ Ջեմմա Հարությունյանի հետ կոալիցիա կազմելու հարցին չի կարող այս պահին պատասխանել։

Մեր այն հարցին էլ՝ որքանո՞վ են իրական շրջանառվող լուրերը, թե Ամասիայում կտրուկ դեմ են, որ Նինոծմինդայի շրջանի գյուղ Գանձայում ծնված Մերգել Ղարիբյանը գլխավորի Ամասիա համայնքը, որովհետև նա տեղացի չէ, Մերգել Ղարիբյանն ասաց, որ կան նման խոսակցություններ։

«Ամասիա համայնքում, այո՛, կան այդ խոսակցությունները, բայց մի բան պիտի ասեմ, մենք էլ նույնպես Ամասիայից ենք ու մեզանից լավ ամասիացի չի էլ կարող լինել։ 30 տարի մենք էլ բնակվում ենք Ամասիայում, Ամասիայում ծնված մարդիկ կան, որոնք 30 տարի չեն էլ բնակվում իրենց ծննդավայրում, խնդրում եմ՝ ասե՛ք, ինձանից լավ ամասիացի կարո՞ղ է լինել»։

Ի դեպ, Ամասիայում նշում են, որ 38-ամյա Մերգել Ղարիբյանը աշխատասեր է, աշխատատեղեր ստեղծող է, պահվածքով էլ համեստ երիտասարդ է։

Նշենք, որ «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը գլխավորող 71-ամյա Ջեմմա Հարությունյանը «Աշոցք ճանշին»-ի ղեկավար Մարսել Կարապետյանի կինն է։

Կարապետյանները Հայաստանի մեծահարուստներից են, նրանք ևս աշխատատեղեր են ստեղծել Ամասիայում, մասնավորապես այս ընտանիքին է պատկանում Բանդիվան կաթնամթերքի գործարանը, որը շրջակա բոլոր գյուղերի բնակիչներից շատերին փրկել է գործազրկությունից: Այս գյուղերից ՌԴ խոպան չեն գնում աշխատանքի։

Ջեմմա Հարությունյանի տեգրոջը՝ Գենիկ Կարապետյանի ընտանիքին է պատկանում «Հին Արենի» գինու գործարանը, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցը։

Գենիկ Կարապետյանը ԱԺ ընտրություններում սատարել է Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան դաշինք»-ը Բանդիվանում ձայների քանակով առաջատար էր։

Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանից, որը, սակայն, ասաց, որ վաղը ժամը 18․00-ին նիստ են հրավիրել, ինքնաբացարկի բոլոր դիմումները կքննարկեն, որոշում կկայացնեն, որից հետո նոր միայն պարզաբանումներ կներկայացնեն։

«Ինքնաբացարկի դիմում ներկայացնողը իրավունք ունի վաղը մինչև ժամը 18․00-ը իր դիմումը հետ վերցնել, այնպես որ այդ տեղեկությունը ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ էլ հերքել, սպասենք վաղվան՝ մինչև ժամը 18․․00-ին»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Ամասիա խոշորացվող համայնքը կունենա 25 բնակավայր, կմիավորվեն նախկինում խոշորացված Ամասիա և Արփի համայնքները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031