«Երբեւիցե անակնկալ չեն եղել այս իշխանության գործողությունները, հասկանալի էր, որ կարող են բոյկոտել, որովհետեւ նմանատիպ միջոցառումների իրականացումը անհրաժեշտություն է ՀՀ-ի եւ Արցախի շուրջը ստեղծված միջավայրում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ ստեղծված ծանր իրավիճակն է ստիպում, որ նման քննարկումներ կազմակերպեն՝ գնահատական տալու ու լուծումներ գտնելու համար ու առաջին հերթին դա պետք է աներ իշխանությունը:
Հիշեցնենք, որ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին այսօր քվորում չեղավ, քանի որ ՔՊ պատգամավորները բոյկոտեցին այն:
Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր զորքերը բանավոր ցուցումի հիման վրա հետ են քաշվել՝ չհասկանալով, որ ռազմավարական կետերը՝ կարեւոր ճանապարհները, կարեւոր բարձունքները այսօր հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ ու դրա արդյունքում դժվար է լինելու սահմանազատում, սահմանագծում անել. «Որտեղ զինվորի ոտքն է դիպչում, դժվար է լինելու հետ գնալ ու բանակցությունների ընթացքը դժվար է լինելու: Եթե մենք սահմանազատումն ու սահմանագծումը չկապենք Արցախի ինքնորոշման իրավունքի հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է լինելու Արցախի ճակատագրին եւ Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունքին: Սահմանագծում եւ սահմանազատում՝ նշանակում է խաղաղության պայմանագիր եւ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում: ՀՀ այսօրվա իշխանությունները՝ կլինի մեկ անձ, թե բոլորը, գնում են բանավոր եւ գրավոր պայմանավորվածությունների՝ խախտելով օրենսդրական կետերին հավատարիմ լինելու ընթացակարգերը»:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը հորդորեց իշխանություններին որեւէ գործընթացի մեջ չմտնել, որը հարվածի տակ կդնի Արցախն ու Արցախի ժողովրդի ճակատագիրը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ