Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Արևմուտքն այստեղից գնացողը չէ, եթե, իհարկե, մենք ռուսների ճնշմամբ անկապ թղթեր չստորագրենք

Դեկտեմբեր 15,2021 13:58

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Անդրադարձ Բրյուսելին

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ՝ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի Բրյուսելի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի հարցը որոնելը վաղաժամ է, թեև չի բացառվում, որ թե առանձին, թե համատեղ քննարկումների ժամանակ հարցին անդրադարձ եղել է: Ստեղծված իրավիճակում Արցախի կարգավիճակի հարցը քննարկելն անիմաստ է՝ կողմերը պատրաստ չեն: Խնդիրը ԵՄ-ն փորձում է պահել եղած ռուս-թուրքական պայմանավորվածությունների շրջանակում, որտեղ, իհարկե, Լաչինում մաքսակետ չկա: Թե ԵՄ-ին, թե ռուս զինվորականներին ձեռնտու չէ մաքսակետը։ ԵՄ-ն փոքր քայլերով խնդրի լուծման կողմնակից է և ԵԳ-ի բացումը այդ մոտեցման շրջանակում է, ինչի մասին գրեթե միշտ ես խոսել եմ։ ԼՂ կարգավիճակով վստահաբար որևէ մեկը կոնկրետ որոշում չունի և ամենայն հավանականությամբ այն դեռ երկար կմնա չճանաչված, ինչպես թուրքական Կիպրոսը։

Անկախ նրանից՝ թե մենք մեզ ինչպես կպահենք, Արևմուտքն այստեղից գնացողը չէ, եթե, իհարկե, մենք ռուսների ճնշմամբ անկապ թղթեր չստորագրենք՝ միֆական միութենական պետության կազմ մտնելու, որի ջատագովն է օրվա խորհրդարանական ընդդիմությունը: ՌԴ-ն շատ լավ հասկանում է, որ վաղ թե ուշ կովկասյան 3 հանրապետություններն էլ թեքվելու են Արևմուտք և Արցախի խնդրով ու Ադրբեջանով ճնշում է ՀՀ-ին, որ արագ մտցնի ՌԴ կազմի մեջ։ Բնականաբար դրան դեմ է նաև Թուրքիան և այս կետում է, որ հայ-թուրքական ուղիղ, առանց միջնորդի կապը դառնում է կարևոր։ Սա էր պատճառը նաև, որ մեկ շաբաթ առաջ ՌԴ-ն պահանջել էր մեզնից խնդրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդ դառնալ, որովհետև տեղյակ էր, որ Բայդենը հորդորել է Էրդողանին ՀՀ-ի հետ սահմանը բացել և վաղ թե ուշ հայերը ուղիղ շփվելու են թուրքերի հետ:

Բրյուսելում Ալիևի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հարված էր ՌԴ պատրանքներին, թե Ադրբեջանը, հեռանկարում նաև Թուրքիան, դառնալու են ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ: Երբևէ չեն դառնալու՝ դա չի բխում նրանց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էներգետիկ շահերից: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի՝ Ստոլտենբերգին չհանդիպելը վկայում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պակասը, որովհետև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը նշանակում է Թուրքիայից՝ Արցախի ու Հայաստանի անվտանգության սպառնալիքի կանխում, որը չի կարողանում կամ չի ցանկանում ապահովել Ռուսաստանը:

Բրյուսելի հանդիպումները նաև բացահայտում են Հայաստանի ու Արցախի այս պահի խնդիրները.

1.Ազատվել ՀՀ ինքնիշխանության թերարժեքության դրսևորումներից՝ վարելով ՀՀ-ի ու Արցախի շահերից բխող արտաքին քաղաքականություն:

2.ՀՀ-ի ներքին կայունությունը ապահովել՝ չեզոքացնելով երկրում գործող հինգերորդ շարասյուները, որոնց նպատակը ոչ միայն իշխանափոխությունն է, այլև՝ հրաժարումը ՀՀ անկախությունից ու ՌԴ-ի կազմ մտնելը:

3.Արագ ժամանակակից սպառազինություն գնել Արևմուտքից կամ այն երկրներից, որ ունեն այդ զենքերը՝ մեր անվտանգության ապահովումը մեր և միմիայն մեր շահերից է բխում ու մենք պետք է ապահովենք:

4.Վերջապես սկսել տնտեսության կառուցվածքի փոփոխությունը՝ անհրաժեշտ փոփոխություններ կատարելով և կառավարության կառուցվածքում: Այս տեմպերով ու այս մտայնությամբ մեր տնտեսությունը ոչ միայն բանակ չի պահի, այլև՝ պետություն:

5.Փոխել մթնոլորտը երկրում՝ մեկ տարին տուրբուլենտության բավարար ժամանակ էր՝ վերջ դնելու արմագեդոնի կանխատեսումներին ու սկսելու զարգացման ծրագրեր:

6.Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է լուծվի՝ սա աներկբա է, ու մենք անընդհատ այս հարցը պետք է պահենք օրակարգում՝ արագ լուծում չակնկալելով, բայց քայլեր ձեռնարկելով ԼՂԻՄ-ի վերականգնման, որ միանգամայն հնարավոր է:

7.Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը անհրաժեշտ քայլ է՝ չշտապելով ու աշխատելով Արևմուտքի հետ: Դա փոխելու է Հայաստանի կարգավիճակն աշխարհում՝ մեր երկիրը դարձնելով ավելի գրավիչ իբրև հաղորդակցության ճանապարհ ու ներդրումների հեռանկարային վայր:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031