Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թաթուլ Հակոբյան. Լաչինի միջանցքը և Զանգեզուրի միջանցքը չեն կարող նույն կարգավիճակը ունենալ

Դեկտեմբեր 15,2021 13:11

«Ադրբեջանը և Թուրքիան փորձում են, օգտագործելով Հայաստանի պարտված, թույլ վիճակը, հնարավորինս Հայաստանից «քերել», և պարտադիր չէ, որ փաստաթղթերում ձևակերպումներ լինեն Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, որ Ալիևը բարձրաձայնի»,- «Հոդված 3» ակումբում, անդրադառնալով բրյուսելյան բանակցություններին, ասաց պատմության հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»-ի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Հիշեցնենք, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առանձին, ինչից հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում։  Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի տրամաբանությամբ. եթե Երևանը մաքսակետեր տեղադրի «Զանգեզուրի միջանցքում», Բաքուն նույնպիսի պայմաններ կպարտադրի Լաչինի միջանցքում։

«Նրանք տեսնում են, որ Հայաստանը մենակ է մնացել, ըստ էության, Հայաստանը դաշնակից չունի, Հայաստանը թույլ է, և ուզում են մինչև վերջ մեզնից պոկել այն, ինչ որ հնարավոր է։ Ես այս ամենը այս կոնտեքստում եմ դիտում։ Բնականաբար, միջանցքի մասին այն տրամաբանությամբ, ինչ որ թուրքերն ու ադրբեջանցիներն են հասկանում, նման հոդված, նման կետ չկա որևէ փաստաթղթում։ Բայց թուրքերը ուզում են զրո վերջնարդյունքով խաղը մինչև վերջ ավարտել, և Հայաստանին կապիտուլյացիոն հերթական փաստաթուղթը պարտադրել։ Այսինքն՝ փորձել Հայաստանից հնարավոր ամեն ինչ ստանալ։ Լաչինի միջանցքը և Զանգեզուրի միջանցքը չեն կարող նույն կարգավիճակը ունենալ մի շարք պատճառներով։ Եվ դրանցից կարևորագույնը այն է, որ Նախիջևանը, ըստ էության, անկլավ չէ, Նախիջևանը սահմաններ ունի երկու միջազգայնորեն ճանաչված պետությունների հետ, դրանք են՝ Թուրքիան և Իրանը։ Հետևաբար՝ խոսելը Նախիջևանի անկլավության մասին իրականության հետ ոչ մի կապ չունի։ Իսկ Արցախի դեպքում խոսքը անկլավության մասին է, այսինքն՝ Արցախը որևէ երրորդ պետության հետ սահման չունի»,- ասաց Թաթուլ Հակոբյանը։

Նա համարում է, որ միջանցքի թեման Հայաստանի համար պետք է լինի կարմիր գիծ, և Հայաստանը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որ նման բան չամրագրվի որևէ փաստաթղթում. «Ասեմ ավելին՝ մենք պետք է Ադրբեջանին առաջարկենք Հայաստանի տարածքը օգտագործել՝ ճանապարհներ, երկաթուղիներ, բայց որևէ ձևով չհամաձայնենք միջանցքի գաղափարի հետ։ Ես, իհարկե՛, չեմ բացառում, որ Ադրբեջանը ու Թուրքիան փորձում են հասնել ամեն ինչին կամ փորձում են այս ստատուս քվոն շարունակական պահել երկար տարիներ։ Այսինքն՝ ես չեմ բացառում, որ եթե մենք 25 տարի հաղթած վիճակում էինք շրջափակման մեջ, կարող է մի 25 տարի էլ պարտված լինենք շրջափակման մեջ։ Սա Ադրբեջանը և Թուրքիան հաշվարկել են, և մտածում են, որ հավանաբար Հայաստանը ստիպված է լինելու գնալ իրենց ուլտիմատումներին։ Բայց համարում եմ, որ այստեղ կա կարմիր գիծ, և այդ կարմիր գիծը մենք ոչ մի ձևով չպետք է թույլ տանք, որովհետև միջանցք տրամադրելը կարող է բերել նրան, որ վտանգի տակ դնենք ոչ միայն Զանգեզուրը, այլև Հայաստանի Հանրապետությունը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031