Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շուրջ ստեղծվել է բարդ վիճակ՝ պատերազմի ռիսկով «խաղաղության դարաշրջան», ինչը ենթադրում է չդադարող կորուստներ. Վահե Հովհաննիսյան

Դեկտեմբեր 15,2021 13:42

Ում միջանցքը կմտնի Պուտինի ձիթենին

Սոչիի եռակողմ հանդիման ավարտին Պուտինը Փաշինյանին և Ալիևին ձիթենու ճյուղ նվիրեց, որպես խորհրդանիշ։ Բայց սա խաղաղության պարտադրանք չէր, ու ոչ էլ՝ խաղաղության երաշխիք։ Սա Ռուսաստանի կոշտ հորդորն էր՝ բանակցություններով լուծումներ գտնելու։

Պայմանավորվածության համաձայն՝ դրան հետևեց փոխվարչապետների հանդիպումը, որն անարդյունք անցավ։ Կա վարկած, որ Նիկոլը դժվար թղթերի ստորագրումը ցանկանում է թողնել Մհեր Գրիգորյանի վրա։ Բայց ավելի հավանական է լրիվ հակառակը՝ Նիկոլը փոխվարչապետ Գրիգորյանի վրա ուզում է թողնել «ոչ» ասողի ֆունկցիան։

Երեկ Բրյուսելում Ալիևը հստակ ձևակերպեց խնդիրը. Լաչինի և Զանգեզուրի միջանցքները պետք է ունենան նույն պայմանները. կա´մ պետք է չլինեն մաքսակետեր, կա´մ դրանք պետք է լինեն երկու ճանապարհներին էլ։

Արդյո՞ք Ալիևի ձևակերպումն ընկալելի կլինի միջազգային հանրության, միջնորդների համար. ամենայն հավանականությամբ՝ այո։ Դա հետպատերազմյան զարգացումների արդյունքն է։ Հայաստանը մեկ տարվա ընթացքում չկարողացավ փոխել իր բանակցողին, և բանակցությունների իներցիոն, պարտված ընթացքը բերեց այս կետին։ Իրականում հենց սա է չարաբաստիկ «նոր, զրո կետը». բանակցության ամեն փուլում Ալիևը ձևակերպում է նոր հարցեր, որոնց հայկական կողմը պատրաստ չէ։ Իսկ Ալիևի բանակցային նոր կետի փիլիսոփայությունն էլ ոչ թե ինչ-որ ճանապարհ է, այլ Հայաստանի՝ որպես պետության, ինտենսիվ փլուզումը։

Ալիևի առաջ քաշած երկու տարբերակն էլ Հայաստանի համար անընդունելի են։ Բայց Հայաստանը չունի իր տարբերակները։ Պատերազմից հետո Ալիևն առաջ էր տանում իր օրակարգը, իսկ Հայաստանը՝ Նիկոլին։

Ակնհայտ է, որ այս փուլում Հայաստանը պետք է ձևակերպի նոր գաղափարներ, նոր առաջարկներ, ինչի ինստիտուցիոնալ ռեսուրսն այս պահին Հայաստանը չունի։

Ալիևը միջազգային հանրության առաջ վստահ է զգում նաև որովհետև համարում է, որ Հայաստանում իր գաղափարներն ունեն առնվազն 680 հազար կողմնակից։ Մեր հասարակությունը չհասկացավ, որ խաղաղ բանակցությունները նույնքան վտանգավոր կարող են լինել, որքան պատերազմը, և խաղաղ բանակցությունները պահանջում են նույնպիսի պատրաստվածություն և գրագիտություն։ Մեկ տարի հայ հասարակությունը չհասկացավ, որ խաղաղ բանակցություններին զուգահեռ՝ կոնկրետ քայլերով ու կոնկրետ նախագծերով պետք է ամրացնել բանակցային դիրքերը։ Մեկ տարվա մեջ Հայաստանը չի արել բոլոր տարբերակների, բոլոր ճանապարհների խորը տնտեսական և անվտանգային վերլուծություն՝ ո՞րն է շահավետը, ո՞րն է հեռանկարայինը, ո՞րն ինչ ռիսկեր ունի կամ թաքնված պոտենցիալ։

Հայաստանի շուրջ իրոք ստեղծվել է բարդ վիճակ՝ պատերազմի ռիսկով «խաղաղության դարաշրջան», ինչը ենթադրում է չդադարող
կորուստներ։

Ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը։

Ակնկալել, որ Նիկոլն ինքնակամ հրաժարական կտա իրավիճակը փոխելու համար, անլուրջ է։ Նա հրաժարական չի տա, եթե անգամ իմանա, որ դրանով կկանխի ռազմական էսկալացիան։

Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որպեսզի ընդդիմությունն արագ ձևակերպի իր՝ պրագմատիկ և կշռադատված առաջարկները, որոնք ընկալելի կլինեն հայ հասարակության համար և միջնորդների։ Հիմա ընդդիմությունից պետք է ոչ թե «միտինգային հայրենասիրություն», այլ՝ գրագետ այլընտրանք։

Ամենայն հավանականությամբ իրավիճակը կբերի փակուղու՝ էսկալացիայի միտումներով։ Սա Ռուսաստանին ձեռնտու չէ, և սա դեմ է 3+3 ձևաչափի փիլիսոփայությանը։ Եթե մտնենք փակուղի, ապա ԵՄ միջնորդական առաքելության ակտիվությունը կնվազի, կսառի։ Սա կբերի մեր հանդեպ միջազգային հետաքրքրության էական նվազմանը։ Եթե Ռուսաստանը զբաղված լինի այլ ճակատներով, օրինակ՝ ուկրաինական կամ ներքին, ապա Ադրբեջանը կարող է ստանալ նախասեպտեմբեր 27-ի վիճակ։

Ալիևի հայտարարությանն ի պատասխան Նիկոլի արձագանքը ոչնչի մասին էր և ոչ մի լուծում չառաջարկող։ Հայաստանին պետք են նոր ոչ ստանդարտ գաղափարներ։ Դրանք հաստատ Սևրի պայմանագրի կամ Ջրականից մինչև Շուշի անհապաղ վերադարձնելու, սահմանազատման դեմ օրենքի նախագծի պարզունակ պատկերացումները չեն։ Հայաստանում կան մարդիկ, որոնք լավ են տիրապետում խնդրին և լուծման հնարավորություններին։ Ուրեմն պետք է մեծանա նրանց պահանջարկը։ Հայաստանին պրագմատիզմի և հեռանկարի հաշվարկման վրա նոր քաղաքականություն է պետք՝ ներքին և արտաքին։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031