Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նախագահ Միշելը հավաստիացրել է երկու առաջնորդներին, որ Եվրամիությունը հավատարիմ է իր հանձնառություններին՝ սերտորեն աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղթահարել հակամարտությունը, ստեղծել գործակցություն և վստահության մթնոլորտ՝ հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության, որը կամրապնդվի համապարփակ խաղաղության համաձայնագրով: Երեք առաջնորդների ընդհանուր նպատակն է կառուցել այնպիսի Հարավային Կովկաս, որն անվտանգ է, կայուն և բարգավաճ՝ ի շահ այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների»,- ասվում է հայտարարության տեքստում:
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը վերահաստատել են, որ կհարգեն 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարություններով ստանձնած առանցքային հանձնառությունները, և որ պետք է ամրապնդել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նախագահ Միշելը խրախուսել է երկու առաջնորդների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով վերջին շրջանում զինված բախումներից հետո լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Մասնավորապես, գնահատվել է Միշելի միջնորդությամբ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ուղիղ կապի հաստատումը: Այդ մեխանիզմը կարող է ծառայել կանխելու հետագա միջադեպերը և ստեղծելու դրական ազդեցություն՝ օգնելով տեղում թուլացնել լարվածությունը:
Կարդացեք նաև
Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը չափազանց մեծ կարևորություն ունի: Նա ողջունել է վերջերս Ադրբեջանի կողմից 10 հայ ձերբակալվածների ազատ արձակումը և Հայաստանի կողմից բոլոր ականապատ դաշտերի քարտեզների հանձնումը: Նա կոչ է արել ամբողջությամբ և աստիճանաբար լուծել մնացած բոլոր մարդասիրական հարցերը, ինչպիսիք են մնացած պահվողների ազատ արձակումը և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզումը՝ գիտակցելով, որ մարդասիրական ժեստը երկու կողմերից էլ խթանում է վստահությունը և օգնում ստեղծել այնպիսի միջավայր, որը նպաստավոր է խաղաղության և հաշտության գործընթացի համար: «Եվրամիությունը կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին՝ այդ թվում տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն, ինչպես նաև օժանդակություն կցուցաբերի հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնմանը և վերակառուցմանը: ԵՄ-ը նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցման միջոցառումներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Առաջնորդները նաև քննարկել են առկա և հեռանկարային տնտեսական և առևտրային գործընկերությունը ԵՄ-ի և երկու երկրների միջև: Նրանք նաև քննարկել են ԵՄ-ի մտադրությունները՝ ստեղծել տնտեսական խորհրդատվական հարթակ՝ վստահության կառուցմանը, խաղաղ համագոյակցությանը նպաստելու և տարածաշրջանում տնտեսական գործակցություն կառուցելու համար:
Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման նախատեսված բանակցությունների մեկնարկի համատեքստում անհրաժեշտ է ձեռնարկել հետագա շոշափելի քայլեր՝տեղում լարվածությունը թուլացնելու համար, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծվեն բանակցությունների համար: Նախագահ Միշելը կոչ է արել Բաքվին ու Երևանին ակտիվորեն բարեխղճություն ցուցաբերել և համատեղ աշխատել ապաէսկալացման ուղղությամբ: Նա ընդգծել է ուժերի միջև պատշաճ հեռավորության ապահովումը կարևոր տարր է միջադեպերը կանխելու ուղղությամբ:
ԵՄ-ը հասանելի կդարձնի փորձագիտական առաքելություն/ խորհրդատվական խումբ՝ աջակցելու սահմանազատման և սահմանագծման հարցերին՝ կողմերին տրամադրելով տեխնիկական օժանդակություն:
Նախագահ Միշելը նաև ընդգծել է Հարավային Կովկասում, և մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցային ենթակառուցվածքները վերականգնելու կարևորությունը՝ լիարժեք կերպով հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել երկաթուղային գծերի վերականգնումը՝ սահմանային և մաքսային հսկողության համապատասխան պայմանավորվածություններով՝ փոխադարձության սկզբունքով։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապի խողովակների զարգացմանը՝ համաձայն իր տնտեսական և ներդրումային ծրագրի: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է աջակցել այս գործընթացին:
Առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և մնալ կապի մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ