Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը «առեւտուր» անելու մեծ վարպետ է, նա Արեւմուտքին է վաճառում իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես ՌԴ-ին՝ Արեւմուտքի հետ հարաբերությունները, դրա դիմաց թե՛ Արեւմուտքից, թե՛ Ռուսաստանից պահանջում է զիջումներ. Ռուբեն Սաֆրաստյան. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 15,2021 10:56

Բավական հետաքրքիր են ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք սերտ համագործակցությունից կարող են անցում կատարել հակամարտության փուլ եւ հակառակը։ Տնտեսական հարաբերությունները կարողանո՞ւմ են, արդյոք, մեղմել եւ չեզոքացնել աշխարհաքաղաքական հարթությունում ռուս-թուրքական հարաբերություններում առկա հակամարտությունը։ Ի վերջո, Ռուսաստանն ու Թուրքիան դաշնակիցնե՞ր են, հակամարտող կողմե՞ր, թե՞ թշնամական երկրներ, եւ որքանո՞վ է տուժում Հայաստանի շահը երկու պետությունների միջեւ տեղի ունեցող զարգացումների հետեւանքով։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի շրջանակներում զրույցի ժամանակ ակադեմիկոս, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը ռուս-թուրքական հարաբերությունները բնութագրեց հետեւյալ կերպ. ռազմավարական առումով հակառակորդներ են, մարտավարական առումով՝ փորձում են որոշակի շահեր գտնել եւ հավասարակշռել միմյանց. «Երկուսի ռազմավարական նպատակները շատ դեպքերում հակադրվում են իրար, ինչպես օրինակ՝ Հարավային Կովկասում, որը Խորհրդային Միության փլուզումից հետո տասնամյակներ շարունակ եղել է Ռուսաստանի միանձնյա ազդեցության գոտի։ Հիմա Թուրքիան մխրճվել է Հարավային Կովկաս եւ փորձում է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը։ Այսինքն՝ այստեղ ռազմավարական առումով հանդես են գալիս որպես հակառակորդներ, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանն ու Թուրքիան վերջին տարիներին գտնում են այնպիսի մարտավարական բնագավառներ, որտեղ կարողանում են համագործակցել։ Դրա վառ օրինակներից է Սիրիան»։

Երկու երկրներն ունեն նաեւ տնտեսական լուրջ շահեր, օրինակ՝ Թուրքիայի զբոսաշրջության զգալի մասը պայմանավորված է ռուս զբոսաշրջիկներով, ռուսական շուկան շատ կարեւոր է թուրքական գյուղատնտեսական ապրանքների համար, իսկ Ռուսաստանի ներքին տնտեսական կյանքում կարեւոր դերակատարում ունեն թուրքական շինարարական եւ մանրածախ առեւտրի ընկերությունները։ Չմոռանանք նաեւ ռուս-թուրքական խոշոր նախագծերի մասին, մասնավորապես՝ ատոմակայանը Թուրքիայում, գազատարները, ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Սպասվում է, որ կկնքվի արդեն երկրորդ գործարքը՝ C-400-ների հետ կապված, հայտարարվեց նաեւ, որ համաձայնություն է ձեռք բերվել արտադրությանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։ «Գաղտնիք է պահվում, թե ինչ մակարդակով կլինի այդ մասնակցությունը, բայց փաստացի ռուսները որոշ չափով թույլ են տվել այն, ինչին թուրքերը վաղուց էին ձգտում։ Այստեղ եւս հետաքրքիր հանգամանք կա. թեպետ Թուրքիան դեմ գնաց Միացյալ Նահանգների պահանջներին, չհրաժարվեց C-400-ներից եւ 3-4 միլիարդ դոլար արժողությամբ գործարք կնքեց Ռուսաստանի հետ (իհարկե, մեծ մասը վարկ ստացավ Ռուսաստանից), բայց դրանք (C-400-ները.-խմբ.) դեռեւս չեն մտցվել թուրքական հակաօդային պաշտպանության համակարգ, պահեստավորված վիճակում են՝ կարծես մեռյալ ապրանք։ Հենց այստեղ էլ երեւում է թուրքական քաղաքականության բուն էությունը, այն է՝ հակաամերիկյան մեծ շոու սարքելով գնացին այդ գործարքին, բայց ամերիկացիներից վախենալով այն չեն օգտագործում»,- մանրամասնեց արեւելագետը։

Ռուս-թուրքական հարաբերությունների առանձնահատկություններից է այն, որ Թուրքիան փորձում է «խաղալ» Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում առկա լարվածության վրա եւ օգտագործել այն սեփական շահերն առաջ մղելու համար։ Ռուսաստանը լուրջ պատժամիջոցների տակ է եւ շահագրգռված է Թուրքիայի հետ տնտեսական, ռազմական կապերով, իսկ Թուրքիան էլ իր անհնազանդությունն է ցույց տալիս Նահանգներին։ «Սա Ռուսաստանին դուր է գալիս, եւ նա փորձում է իրեն մոտեցնել Թուրքիային, սակայն դա խաբուսիկ խաղ է Թուրքիայի կողմից, քանի որ վերջինս Ռուսաստանի հետ լուրջ համագործակցության չի գնա։ Էրդողանը «առեւտուր» անելու մեծ վարպետ է, նա Արեւմուտքին է վաճառում իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես Ռուսաստանին՝ Արեւմուտքի հետ հարաբերությունները։ Դրա դիմաց թե՛ Արեւմուտքից, թե՛ Ռուսաստանից պահանջում է զիջումներ»,- ընդգծեց զրուցակիցս։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031