Իշխանության եւ ընդդիմության (հիմնականում՝ ՀՀԿ-ի) բանավեճն այն մասին, թե «ինչ էր պետք անել» անցած 3 կամ 30 տարվա ընթացքում, շարունակվում է: Երեկ «Առավոտում» այդ թեմայով հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հավանաբար, ՔՊ-ից կլինի պատասխան. ցանկալի է, իհարկե, որ այն նույնպես լինի մեր թերթում, քանի որ այսօրվա հասարակական հիմնական խնդիրներից մեկն այն է, որ հայաստանցիների տարբեր խմբեր ապրում են իրենց «տեղեկատվական պատյաններում» (information bubble), որտեղ մարդիկ պատրաստ են լսել միայն իրենց համախոհներին եւ ցասումով մերժում են ընդդիմախոսներին:
Բայց, բոլոր դեպքերում, վեճի առարկան ներկա իրավիճակի տեսանկյունից հետաքրքիր է այնքանով, որքանով նախկինում գտնված կամ չգտնված լուծումները կարող են ազդել այսօրվա ու վաղվա գործընթացի վրա: Օրինակ, երբ իշխանությունները, փորձելով արդարանալ պատերազմում պարտության համար, ասում են՝ «Ղարաբաղը վաղուց արդեն հանձնած-պրծած էր», դա համոզիչ է թվում ՔՊ-ական հսկայական ընտրազանգվածին, եւ այդ առումով նման պնդումները հասնում են իրենց թիրախին: Բայց արտաքին քաղաքական առումով այդ ուղերձը նշանակում է, որ այն, ինչ առաջարկում էին ռուսները կամ համանախագահները, այնպիսի խայտառակ լուծումներ էին, որ ավելի լավ էր պարտվել պատերազմում եւ 3700 երիտասարդ կյանք զոհել, քան ընդունել այդ առաջարկները: Այդպիսի ուղերձը կասկածի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ, հատկապես, Ռուսաստանի առաջարկները եւ չի կարող բացասական հետեւանքներ չունենալ:
Բայց հիմա ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչ է պետք անել, քան քրքրել նախորդ առաջարկների էությունը: Օրինակ՝ արդյո՞ք Հայաստանը պետք է Թուրքիայի հետ բանակցություններում նշանակի իր ներկայացուցչին: Իմ կարծիքով, այս հարցի պատասխանը սկզբունքորեն կարող է դրական լինել, եթե… Եթե Հայաստանի իշխանությունն անկեղծ լինի իր հասարակություն հետ եւ պատասխանի երեք փոխկապակցված հարցերի:
1/ Արդյոք Թուրքիան հրաժարվե՞լ է իր նախապայմաններից ցեղասպանության, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» եւ «միջանցքի» վերաբերյալ:
Կարդացեք նաև
2/ Եթե չի հրաժարվել (ենթադրում եմ, որ դա այդպես է), արդյոք այդ նախապայմանները հայկական կողմի համար ընդունելի՞ են:
3/ Եթե ընդունելի են, ապա անվտանգության առումով ի՞նչ հեռանկարներ են բացվում Հայաստանի եւ Արցախի առաջ: Եթե ընդունելի չեն, ի՞նչ իմաստ կա սկսելու գործընթացը: Պարզապես Բրյուսելից առաջ ինչ-որ «առաջընթաց» արձանագրելու համա՞ր:
Ես կցանկանայի, որ իշխանությունն այս հարցերում առանց քարոզչության եւ հռետորաբանության ասի՝ «եթե այսպես անենք, դա կունենա այսինչ հետեւանքները, եթե այնպես անենք, դա կունենա այնինչ հետեւանքները»: Կարծում եմ, որ իշխանական վերոհիշյալ ընտրազանգվածի համար ցանկացած լուծում ընդունելի կլինի: Եթե այդպես է, ուրեմն՝ վերջ, թեման փակված է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ո՞վ է Արարչի հակառակորդը, սատանա՞ն, չէ, Արարչի հակառակորդը դա մարդու ստեղծած կուռքն է’ մարդու թե պետության տեսքով, կռքասիրությունը դա մեր մեղքերից ամենագլխավորն է’ մեկս Արեւմուտք է սիրում, մյուսս’ Հյուսիս, մենք կուռքերին աստվածացնում ենք եւ դարձնում ամենազոր եւ կուռքերով փոխարինում ամենազոր Արարչին, իսկ հաջողության ու երջանկության ու բնական զարգացման համար պետք է ունենալ միայն երկու գործոն’ Արարիչ եւ Արարչի ստեղծած հանգամանքներ, որոնք պետք է հաղթահարել: Վերջ: Վատ եղանակը թե թշնամիդ’ դրանք Արարչի ստեղծած հանգամանքներն են, որոնց բարի եղիր հաղթահարել մեծագույն սիրով Արարչի նկատմամբ: Եթե մարդկանց թե հանգամանքներին կուռք դարձնես, դե մեր Մեծն Թումանյանի Անխելք մարդու օրը կընկնես: Մեր անհաջողությունների դարավոր պատճառը համատարած անհավատությունն է, իսկ մեր հոգեւորականները հոգեւոր բիզնեսով են զբաղված, փոխանակ հային ուղղակի կապով կապեն Արարչին: Հայ հոգեւորականներ, միգուցե դուք եք մեր փրկությունը եւ մեզ խելք սովորացնեք, թե չէ անխելքներին կարոտ սոված գայլեր հա էլ կգտնվեն: