Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրացիների գործով» քրեական վերաքննիչ դատարանում դեռ շարժ չկա

Դեկտեմբեր 15,2021 12:30

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ. Ֆարխոյանի այս տարվա հունիսի 11-ի դատավճռով «վրացիների գործով»՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Շոթա Ցագարաշվիլին եւ Զուրաբ Քվաթաձեն դատապարտվեցին ազատազրկման 4 տարի ժամկետով: Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, թողնվեց անփոփոխ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Այս գործով անցնող 3-րդ օտարազգի Էմզար Օքրաձեի նկատմամբ պատիժ նշանակվեց 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում: Պատժին հաշվակցվեց Էմզար Օքրաձեի 02.03.2019 թվականից մինչեւ 23.07.2020 թվականը արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը եւ վերջինս համարվեց պատիժը կրած: Նրա խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Օքրաձեի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտվել այն, որ նա վատառողջ է, վերջինիս մոտ ախտորոշվել է «ՍԻՀ Լարման ստենոկարդիա II ՖԴ: Զարկերակային գերճնշում IIIo, III շրջան, ռիսկ 3»…
Սերգեյ Քուռոյանը, ով Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետությունների քաղաքացի է, դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը դատարանը փոխել է կալանքով:

Ըստ գործի նյութերի, Սերգեյ Քուռոյանը գտնվելով Վրաստանում, նախապես տեղյակ լինելով կնոջը ծեծի ենթարկելու պատճառով Վրաստանի իրավապահ մարմինների կողմից իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին, ադրբեջանցու օժանդակությամբ, նրան պատկանող ավտոմեքենայի խցիկում թաքնվելու եղանակով՝ 2019 թվականի հունվարին ապօրինի` «Բավրա» անցակետով մուտք էր գործել Հայաստան: Նա դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ նախաքննության ժամանակ իրեն մեղավոր էր ճանաչել:

Տասը հատորանոց գործը քրեական վերաքննիչ դատարանում է:

Նախաքննության մարմնի կողմից Էմզար Օքրաձեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-334-րդ հոդվածի 1-ին մասով` պարտակման:

Ըստ նախաքննական մարմնի՝ ԱԱԾ-ի ձեւակերպման. «Օքրաձեն էսինչ օրը հատել է ՀՀ պահպանվող սահմանը եւ 2019 թվականի փետրվարի 13-ին հայ-վրացական սահմանի «Գոգավան» անցակետի մոտ, ըստ նախնական համաձայնության, հանդիպել է ծանոթին` ՀՀ եւ Վրաստանի քաղաքացի Սերգեյ Քուռոյանին, իր խնդրանքով Սերգեյ Քուռոյանն ավտոմեքենան վարել է դեպի Տաշիր քաղաքի արվարձաններ, ուր հանդիպել են նույն օրը ՀՀ պետական սահմանն ապօրինի` առանց սահմանված փաստաթղթերի հատած Վրաստանի քաղաքացիներ, նշված երկրի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Շոթա Ցագարաշվիլիին ու Զուրաբ Քվաթաձեին: Նստեցնելով վերջիններիս ավտոմեքենայի մեջ եւ դեպի Երեւան ճանապարհին Սերգեյ Քուռոյանին տեղեկացրել է, որ Շոթա Ցագարաշվիլին եւ Զուրաբ Քվաթաձեն, թաքնվելով Վրաստանի իրավապահ մարմիններից, նախնական համաձայնությամբ ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը, Սերգեյ Քուռոյանն առանց նախապես խոստում տալու համաձայնել է Էմզար Օքրաձեի առաջարկին` 2.200 ԱՄՆ դոլարի չափով վարձատրության դիմաց պարտակել սահմանախախտներին, ՀՀ-ում թաքնվելու եւ իրավապահ մարմինների կողմից չհայտնաբերվելու նպատակով ապահովել բնակավայրով եւ նրանց արտերկիր ուղարկելու համար միջոցներ ձեռնարկել համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելու ուղղությամբ»: Սերգեյ Քուռոյանը Շոթա Ցագարաշվիլուն եւ Զուրաբ Քվաթաձեին տեղափոխել է Երեւան, վարձակալել է Երեւանում բնակարան, անձամբ նրանց ապահովել սնունդով, սակայն 2019 թվականի փետրվարի 28-ին Շոթա Ցագարաշվիլին եւ Զուրաբ Քվաթաձեն բռնվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Շոթա Ցագարաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք էր տվել, համաձայն որի՝ ՀՀ սահմանն անօրինական չի հատել, եկել է օրինական` տաքսի ավտոմեքենայով, Հայաստան է եկել Ախալցխայով օրինական ճանապարհով, Զուրաբ Քվաթաձեի հետ նույն տաքսի ավտոմեքենայով: Էմզար Օքրաձեին չի ճանաչում, ճանաչում է Սերգեյ Քուռոյանին, որի հետ ծանոթացել է ՀՀ-ում: Զուրաբ Քվաթաձեի հետ եկել են ՀՀ, քանի որ վերջինս Վրաստանում զբաղվում է ավտոմեքենաների ավտոպահեստամասերի առքուվաճառքով եւ եկել էր Հայաստան՝ ավտոշուկան ուսումնասիրելու համար:

Էմզար Օքրաձեն իրեն մեղավոր չի ճանաչել եւ դատաքննության ընթացքում ցուցմունք էր տվել այն մասին, որ Դմանիսի քաղաքում գնացել էր իր բարեկամ Ֆրիդոն Ջաճվիանիին տեսնելու, ում տեղեկացրել է` ավտոմեքենաների վարձակալության հարցերով Հայաստան գալու իր մտադրության մասին: Ֆրիդոնը խնդրել է իրեն Հայաստանի Տաշիր քաղաքում հանդիպել երկու վրացիների եւ նրանց տեղափոխել Երեւան: Երկու վրացիներին հանդիպելուց եւ հյուրանոցում նրանց տեղավորելու ժամանակ տեղեկացել է, որ այդ վրացիներն անձնագիր չունեն, որի մասին մինչ այդ տեղյակ չի եղել, իսկ նախկինում նրանց չի ճանաչել: 2019թ. փետրվարին ավտոմեքենաների հարցով իր գործընկերոջ՝ Գեորգի Փրուիձեի հետ կրկին եկել է Հայաստան, որի ժամանակ Գեորգին ասել է, որ Հայաստանում ունի վրացի ծանոթներ եւ ցանկանում է նրանց տեսակցել: Դրանից հետո նրա հետ միասին գնացել են այդ մարդկանց վարձակալած բնակարան, որտեղ էլ ծանոթացել է Զուրաբի եւ Շոթայի հետ: Վերջիններիս տեղեկացրել են, որ ավտոմեքենաների հարցով են եկել Հայաստան, որից հետո Գեորգին զրուցել է նրանց հետ:

Զուրաբ Քվաթաձեն իրեն մեղավոր չի ճանաչել եւ դատաքննության ընթացքում հայտնել է, որ ՀՀ պետական սահմանը Շոթայի հետ հատել են օրինական ճանապարհով, իրենց անձնագրերով: Վրաստանի եւ Հայաստանի սահմանին հսկիչ-անցագրային կետերում սահմանված կարգով ներկայացրել են իրենց անձնագրերը. «Ուշադիր չի եղել, թե հսկիչ-անցագրային կետի աշխատակիցը կնքել է կամ որեւէ գրառում կատարել են, թե ոչ: Սահմանը հատելուց հետո ծանոթացել են վրացի տղաների հետ, որոնք էլ իրենց համար բնակարան են գտել: Անձնագրերը չի հիշում՝ ինչ պայմաններում են կորցրել»: Նա նաեւ հայտնել էր, թե Հայաստանում են իմացել, որ Վրաստանի իրավապահների հետ կապված «խնդիր ունեն»: Մինչդեռ, իրենք նման խնդիր չեն ունեցել:

Մինչդեռ, գործով ապացույց է ճանաչվել ՀՀ դատախազությունից ստացված Շոթա Ցագարաշվիլիի վերաբերյալ փաստաթղթերը, համաձայն որոնցից մեկի` Շ. Ցագարաշվիլին Վրաստանի իրավապահ մարմինների կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (սպանություն երկու կամ ավելի անձանց) եւ 236-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով (ապօրինի կերպով զենք փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցագործությունները կատարելու մեղադրանքով 25.02.2019թ.-ից գտնվում է հետախուզման մեջ:
Վերաքննիչ դատարանը մի անգամ արդեն ամբաստանյալների բողոքը թողել էր առանց քննության՝ նրանց խափանման միջոցների հետ կապված:

Այս տարվա հուլիսի 23-ին վերաքննիչ քրեական դատարանում մուտքագրվում է Շոթա Ցագարաշվիլու բողոքը: Նա խնդրում է ամբողջությամբ բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ նստավայր Կենտրոն, դատավճիռը: Շոթայի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը, Արտաշես Հովհաննիսյանը իր պաշտպանյալի՝ Զուրաբի համար նույնպես բողոքներ են բերում: Օգոստոսի 16-ին հայազգի Քուռոյանի պաշտպան Ա. Ծառուկյանը բողոք է հանձնում դատարան, նույնպես դատավճռի ու կալանքի դեմ:
Նշեմ, որ քրեական վերաքննիչ դատարանը՝ դատավորներ Արմեն Բեկթաշյան, Տիգրան Սահակյան, Ռուբիկ Մխիթարյան կազմով, մինչ օրս երեք նիստ էր նշանակել՝ սեպտեմբերի 14-ին, որը չի կայացել, քանի որ դատավորներից մեկն արձակուրդում է գտնվել, նոյեմբերի 15-ին, քանի որ պաշտպան Լ.Ավետիսյանը խնդրել է հետաձգել, դեկտեմբերի 10-ի նիստը եւս հետաձգվեց եւ տեղի կունենա գալիք տարի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031