Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը՝ օպերային բեմում

Դեկտեմբեր 15,2021 12:00

Քանի՜-քանի հոդվածներ են գրվել Արմեն Տիգրանյանի «Անուշ»-ի մասին, քանի՜ հազար հանդիսատես է դիտել այդ ներկայացումը… Սա այն դեպքն է, երբ վստահաբար կարելի է ասել, որ Երկիր մոլորակի վրա չկա գեթ մի հայ՝ անկախ երաժշտական ճաշակից, որ չիմանա թումանյանական պոեմը օպերայի վերածված այս ստեղծագործությունից արիաներ, խմբերգեր։ Ավելին՝ խնջույքների ժամանակ հաճախ հենց այդ խմբերգերն են նաեւ «միավորում» սեղանակիցներին։ Հիշեցնենք, որ օպերան առաջին անգամ բեմադրվել է 1912թ.՝ Գյումրիում, իսկ Երեւանի օպերային թատրոնում՝ 1935թ.։

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ»-ի հեթական ներկայացումն էր։ Շուրջ 86 տարի անց ներկայացման գլխավոր դերերգերը առաջին անգամ դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, ում ղեկավարությամբ եւ կայացավ ներկայացումը, վստահել էր բացառապես երիտասարդներին՝ թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մասնակիցներին։ Հարգելով եւ արժանվույն գնահատելով կոնկրետ այս ներկայացման տարբեր տարիների մեներգիչներին, միանշանակ համակարծիք ենք հանդիսատեսի հետ. «Ուրիշ բան է երիտասարդությունը՝ ձայնը, տեսքը…»։

«Ռեքվիեմ»

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Երիտասարդական օպերային ծրագրի երգիչների մասնակցությանը տարբեր նախագծերի, միջազգային մրցույթներում նրանցից շատերի հաղթանակներին։ Ներկայացումից հետո զրույցի հրավիրեցինք Օհանի դերերգով հանդես եկած բաս Ֆերդինանդ Մուրադյանին։ Վերջին անգամ երգչին հանդիպել էինք աշնանը՝ Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի համերգային կատարման ժամանակ, որը ղեկավարում էր իտալացի դիրիժոր Ալեքսանդրո Բոնատոն։ Այստեղ նա կատարում էր Դուլկամարայի դերերգը։ Թեեւ ընդունված չէ դերերը բաժանել գլխավոր-երկրորդականի, մեծ ու փոքրի, բայց, այնուամենայնիվ, բացառության կարգով այս դեպքում օգտագործենք դրանք։ Օհանը, որի դերերգը փոքր է, գյուղացիների ուրախությունն է, անպակաս նրանց սեղաններից։ Իսկ դոկտոր Դուլկամարան շառլատանի ցցուն կերպար է, ու հասնում է իր ուզածին, գերնպատակին՝ իրացնել «սիրո ըմպելիքը»։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ մեր զրուցակիցը նախ փաստեց, որ որոշ հայտնի ու սիրված ֆիլմերում երկրորդական, նույնիսկ էպիզոդիկ դերով հանդես եկած դերասանի մի արտահայտություն կարող է դառնալ թեւավոր խոսք եւ տասնամյակներով գործածվել։ «Ինչ խոսք՝ մեծ ու փոքր էական չէ, ասելիքդ պետք է տեղ հասցնես»,- ասաց նա։ Հետո էլ ծնունդով գյումրեցի արվեստագետը ժպտալով հավելեց. «Օհանին մի աչքով մի աշեք, հեշտ դերերգ չէ, նույնիսկ դժվար է։ Պետք է նախ կերպարը քեզնով անես, հետո նոր հրամցնես հանդիսատեսին»։

«Սիրո ըմպելիք»

Ապրիլի 24-ին մեր զրուցակիցը Հայաստանի պետական կամերային նվագախմբի, «Հովեր» կամերային երգչախմբի եւ ճանաչված օպերային ձայներ՝ սոպրանոներ Իրինա Զաքյանի, Սոֆյա Թումանյանի եւ տենոր Հովհաննես Այվազյանի ընկերակցությամբ կատարեց բասի պարտիան՝ Մոցարտի Ռեքվիեմում, որը ղեկավարում էր ճանաչված կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը։

«Անուշ»

Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս էր հայտնվել այդ ծրագրում, երգիչն ընդամենն ասաց, որ Եվրոպայում ապրող ու ստեղծագործող Իրադյանն իրեն լսել էր տեսաձայնագրություններով եւ հրավիրել։ Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ Ֆերդինանդ Մուրադյանը մինչ օպերային բեմ դուրս գալը հանդես է եկել բացառապես այլ ոլորտում՝ դարձյալ որպես պրոֆեսիոնալ։ Բայց այդ մասին՝ քիչ հետո։

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս հայտնվեց Երիտասարդական օպերային ծրագրում։ «Ծրագրում եմ 2018-ից։ Հենց այդ թվականից Երիտասարդական օպերային ծրագրի մեներգիչները Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում վարպետության դասընթացներ էին անցկացնում պարոն Ջավադյանի գլխավորությամբ։ Ես երգել եմ դեռեւս դպրոցական տարիներից, բայց մտքովս չի անցել օպերային երգիչ դառնալ։ Դասընկերներիս հետ մի օր ռուսական զինվորական բազայում ելույթ էինք ունենում։ Կատարումիցս հետո ինձ մոտեցավ Գյումրիի կոնսերվատորիայի փոխտնօրենը եւ խորհուրդ տվեց անպայման դիմել վոկալի մասնագետի։ Կարճ ասած՝ ընդունվեցի եւ ավարտեցի Գյումրիի մասնաճյուղ՝ Սերգեյ Զաքարյանի դասարանը։ Ներկայումս էլ շարունակում եմ ուսումս Երեւանի կոնսերվարտորիայի մագիստրատուրայում, պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի ղեկավարությամբ։ Բայց Լեւոն Ջավադյանն էր, որ Գյումրիում ինձ լսեց եւ ընդգրկեց ծրագրում»,- պատասխանեց երգիչը։ Ասում են, որ նրան հոգեհարազատ են պատերազմական տարիների երգերը, հաճույքով է ծրագրի մասնակիցների հետ շրջագայում զորամասերում։ Հաստատելով ասվածը, մեր զրուցակիցը ընդամենն ասաց, որ կրթություն է ստացել է Գյումրիում գտնվող ՌԴ պաշտպանության նախարարության միջին մասնագիտական թիվ 19 դպրոցում։

Ինչպես եւ խոստացել էինք, հիմա գանք օպերային բասի առաջին պրոֆեսիոնալ գործունեությանը։ Նա շուրջ երեք տարի հանդիսացել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն լիգայի «Շիրակ» թիմի դարպասապահը։ Հաստատելով ասվածը՝ Ֆերդինանդ Մուրադյանը պատմեց հետեւյալը. «Յոթ տարեկանից հաճախել եմ ֆուտբոլի։ Գիտե՞ք, այնտեղ էլ՝ ինչպես օպերային արվեստում, չկան գլխավոր եւ երկրորդական դերեր։ Ով քրտնաջան աշխատում է, նա էլ հասնում է բաղձալի արդյունքի…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վաղուց ժամանակը հասունացել է, որ ,,Անուշ,,-ի կողքին մի նոր Անուշ դնել: Նաև,այս մասին է պետք մտածել …

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031