Լրահոս
Օրվա լրահոսը

«Կույր Կոպեռնիկոսների» եւ «քարերով ծեծված Շեքսպիրների» մասին

Դեկտեմբեր 15,2021 13:30

Ի՞նչն է պետությանն ավելի ձեռնտու՝ «հավասարությո՞ւնը», թե՞ հիերարխիան

Դարձյալ հիշենք Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»: Այնտեղ կենդանիներն ապստամբում են մարդկանց դեմ՝ «համընդհանուր հավասարության հասնելու համար: Բայց շատ արագ պարզվում է, որ հեղափոխությունն առաջնորդող խոզերին սկսում է դուր գալ արտոնյալ «մարդկային» («բուրժուական») կյանքը, նրանք վերանայում են բոլոր հեղափոխական օրենքները եւ դառնում են ճիշտ նույնպիսի (եթե ոչ ավելի վատ) «շահագործողներ», որպիսիք մարդիկ էին: Այդպիսի իրավիճակ է ստեղծվում ցանկացած հեղափոխությունից հետո: Ի դեպ, ինձ թվում է, որ դա Խորհրդային Միության փլուզման պատճառներից մեկն էր: Կոմունիստների վերնախավը հարստացել էր կոռուպցիայի միջոցով, նա ուզում էր ապրել բացեիբաց «նորմալ բուրժուական» կյանքով: Բայց միլիոնները, «Մերսեդեսները» եւ շքեղ առանձնատները հրապարակավ, ոչ ծածուկ վայելելու հնարավորություն չկար: Դրան խանգարում էր կոմունիստական գաղափարախոսությունը՝ «հավասարության» մասին ուտոպիստական պնդումներով: Այդ է պատճառը, որ կոմունիստները (հենց նրա՛նք, եւ ոչ թե CIA-ը) քանդեցին այլեւս չգործող գաղափարախոսական «տանիքը» եւ դարձան «նորմալ բուրժուաներ»՝ համապատասխան վայելքներով:

Ի՞նչ է «հավասարությունը»: Դոստոեւսկին իր «Դեւերը» մարգարեական վեպում վարպետորեն նկարագրում է այդ նախագծի ջատագովներին: Նրանցից մեկն առաջարկում է կտրել Կիկերոնի լեզուն, հանել Կոպեռնիկոսի աչքերը, քարեր շպրտելով սպանել Շեքսպիրին: Ինչո՞ւ են «երկնային դրախտի» մասին պատկերացումներն այդ աստիճանի դաժան: Շատ պարզ՝ որովհետեւ «հավասարությանը» հնարավոր չէ հասնել՝ բոլորին Շեքսպիրի մակարդակին բարձրացնելով: «Նոր, հրաշագեղ աշխարհը» կարելի է կերտել միայն՝ իջեցնելով բոլորին «խոզերի» (ըստ Օրուելի) մակարդակին:

Բայց եթե «հավասարության» գաղափարը կեղծ է, եթե պետք լինի որոշակի հիերարխիա եւ, հետեւաբար, վերնախավ, ապա հարց է առաջանում՝ որտեղի՞ց է այդ վերնախավն առաջանում: Այդ հարցը հատկապես արդիական է 20-րդ եւ 21-րդ դարերում. այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ուներ միապետություն կամ, համենայնդեպս, միապետական հիերարխիային ձգտող հասարակություն, այդ հարցի վրա պետք չէր գլուխ կոտրել: Պարզ էր, որ «էլիտայի» դերը կատարում էր ազնվականությունը, արիստոկրատիան: Գլուխկոտրուկն առաջանում է այն ժամանակ, երբ այդ տոհմական վերնախավը վերանում է կամ կորցնում է իր նշանակությունը: Ընդ որում, շատ դեպքերում որքան շատ են մաքրվում այդ արիստոկրատիայի հետքերը, այնքան՝ վատ:

Այդ առումով, ինձ թվում է, Վրաստանի վիճակը փոքր-ինչ ավելի բարվոք է, քան մերը: Հարեւան երկրում հարյուրավոր մարդիկ իրավամբ կան հանիրավի իրենց անվանում են «իշխան» (князь): Դա մեզանում հաճախ հեգնական վերաբերմունք է առաջացնում: Բայց վրացական հասարակության մեջ հարգանքը ազնվականության հանդեպ ստեղծում է ավելի նպաստավոր մշակութային իրավիճակ, քան Հայաստանում է, եւ խոսքը նաեւ քաղաքական մշակույթի մասին է: Ես պատիվ եմ ունեցել շփվելու վրացական ազնվական տոհմի հայտնի ներկայացուցիչ՝ 19-րդ դարի բանաստեղծ եւ հրապարակախոս Իլյա Ճավճավաձեի ժառանգներից մեկի հետ: Նա ժամանակակից անկախ Վրաստանում խորհրդարանի պատգամավոր էր: Խոսքը, բնականաբար, ոչ միայն «արյան ազնվականության» մասին է, այլեւ բարձր բարոյական արժեքների, նրբանկատության, համեստության, մեծահոգության՝ մանր հաշիվների մեջ չմտնելու մասին: Բայց համաձայնեք՝ տոհմական արիստոկրատիայի եւ մտավորականության միջեւ որոշակի կապ, այնուամենայնիվ, կա:

Հայաստանում ազնվականությունը ոչնչացվել է դարերի ընթացքում՝ օտար նվաճողների կողմից եւ, ինչպես եւ ամենուր, խորհրդային իշխանության առաջին տարիներին: Այդ էր պատճառներից մեկը, որ, հասնելով 1991 թվականին, մենք չունեինք շուկայական հարաբերությունների վայրագությունը զսպող բարոյական, գուցե նաեւ՝ կրոնական սահմանափակումներ: Իսկ հասնելով 2018 թվականի հեղափոխությանը (որը, այդ ժամանակվա ճահճացման ֆոնին, կարծում եմ, oբյեկտիվ անհրաժեշտություն էր)՝ մենք չկարողացանք մեր քաղաքացիների մեծամասնությանը հեռու պահել «հավասարության» մասին շարիկովյան երազանքներից, որոնք իրականում իրագործվեցին «Անասնաֆերմայի» վերը նկարագրված սցենարով: Այդ ամենը հիմք է տալիս ներկայիս իշխանությանը՝ արհամարհանքով խոսելու մտավորականության եւ վերնախավի մասին, քանի որ ցանկացած հեղափոխությունից հետո բոլշեւիկյան իշխանությանը ձեռնտու է ունենալ «կույր Կոպեռնիկոսներ» եւ «քարերով ծեծված Շեքսպիրներ»:

Լեհական ծագում ունեցող շվեյցարացի փիլիսոփա Յուզեֆ Բոհենսկին ունի մի հետաքրքիր աշխատություն, որը կոչվում է «100 նախապաշարումների բառարան»: Այդ 100-ից 3-ը, ըստ փիլիսոփայի, վերնախավի մասին նախապաշարումներն են.

1/ Էլիտան պետք է անընդհատ իջնի, համապատասխանի ժողովրդի մակարդակին, իր եւ ժողովրդի միջեւ չպիտի տարածություն լինի:

2/ էլիտայի ներկայացուցիչները պարտադիր պետք է սերեն հարուստ եւ ազդեցիկ ընտանիքներից:

3/ էլիտան չպիտի վարձատրվի ավելի բարձր, քան միջին քաղաքացին: Բոհենսկին, բնականաբար, չգիտեր, թե ինչպես են Հայաստանում վարձատրվում ավտոբուսի վարորդները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031