Վերամիավորվելու կոչ՝ բոլոր ռամկավար-ազատականներին
Տեւական ժամանակ է արդեն, որ 100-ամյա Ռամկավար Ազատական կուսակցությունը, ներքին պառակտումների ու տարանջատումների հետեւանքով գտնվում է անփառունակ վիճակում, զրկված՝ իր 100-ամյա փորձը, միշտ կենսունակ իր գաղափարախոսությունը, Սփյուռքում եւ Մայր հայրենիքում իր ամբողջական ներուժը ի սպաս Հայաստանի եւ Արցախի հանրապետություններին ու համայն հայությանը ներդնելու պատեհությունից։ Այն էլ այնպիսի ժամանակում, ինչպիսին է ներկա պահը, երբ հայ ժողովրդից պահանջվում է միավորել իր բոլոր ուժերը՝ կարենալ դիմագրավելու համար աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ներքին՝ անհաղթահարելի թվացող մարտահրավերները։
ՌԱԿ մի խումբ նախկին ղեկավարներ օրերս հանդես են եկել կուսակցության շարքերն ու հատվածները վերամիավորելու նախաձեռնությամբ՝ առանձին կոչով դիմելով անխտիր բոլոր ռամկավարներին։ Ընդգծելով, որ իրենք չեն հավակնում ներկուսակցական որեւէ պաշտոնի ու դիրքի, միաժամանակ շեշտելով, որ վերամիավորման այդ կոչը հրավեր չէ միանալու իրենց՝ նախաձեռնող խմբին, այլ՝ աջակցելու վերամիավորման գաղափարին ու գործընթացին, նրանք հույս են հայտնում, որ Ռամկավար Ազատական կուսակցության միջոցով հայրենիքին ու համայն հայությանը ծառայելու երդում տված յուրաքանչյուր Ռամկավար Ազատական կաջակցի, իր համերաշխությունը կհայտնի այդ նախաձեռնությանը եւ ջանք չի խնայի վերականգնելու ՌԱԿ-ի ամբողջականությունն ու հեղինակությունը, ինչ-որ փափագն է նաեւ հայ ժողովրդի։
«ԱԶԳ»