Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեգենդ, խորհրդանիշ, ուսուցիչ». Գուրգեն Մելիքյանը տոնում է ծննդյան 85-ամյակը

Դեկտեմբեր 14,2021 23:45

ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի ծննդյան 85-ամյակին:

«Համալսարանն է ինձ դարձրել Մելիքյան Գուրգեն: Դա այն օրրանն է, որ քեզ ուժ է տալիս և ուղղորդում: Երջանիկ եմ, որ համալսարանական եմ: Երջանիկ եմ, որ հայ մարդն այդտեղ ստանում է դաստիարակություն: Համալսարանի ուսուցիչներս տվել են հոգու մաքրություն, համալսարանը՝ անուն ու հայրենասիրություն»,- մի առիթով ասել է Գուրգեն Մելիքյանը, որը, գործընկերների, ընկերների, հեռու, մոտիկ հարազատների բնորոշմամբ, հայրենասիրության և հայրենիքի խորհրդանիշ է, ԵՊՀ լեգենդ ու մեծ ուսուցիչ, որի վաստակի մասին վկայում են նրա արած գործերը:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի պրոֆեսորի 85-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանն այսօր ներկա են գտնվել ու շնորհավորական խոսքեր ասել պետական, քաղաքական, հասարակական, գիտության ու մշակույթի բազմաթիվ գործիչներ, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորները, տարբեր ֆակուլտետների ու ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև Գուրգեն Մելիքյանի հարազատները, բարեկամներն ու ընկերները:

Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց ՀՀ պետական և ԵՊՀ օրհներգերով, որոնք կատարեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները: Ինչպես նշեց Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, բացման արարողության այս ձևաչափը պատահական չէր ընտրվել. Գուրգեն Մելիքյանը Հայաստանի ու Մայր բուհի խորհրդանիշն է:

Պրոֆեսորի 85-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որոնք ընթերցեց Ռուբեն Մելքոնյանը: Շնորհավորական ուղերձ էր հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն ընթերցեց Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Նա տեղեկացրեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշմամբ, ի գնահատում պրոֆեսորի ազգօգուտ և եկեղեցանվեր գործունեության, նրան շնորհվում է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան:

Գուրգեն Մելիքյանը 1962 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը: 1964 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա, 1968 թ. ավարտել և աշխատել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում: 1993-2017 թթ. Գ. Մելիքյանը եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան: Տասնամյակներ շարունակ նա դասավանդում է «Պարսից լեզու» և «Թարգմանության տեսություն» առարկաները:

Հասարակական, բարեգործական և կրթական բնագավառներում մեծ ավանդի համար և ծննդյան 85-ամյա հոբելյանի կապակցությամբ Գուրգեն Մելիքյանը ԵՊՀ գիտական խորհրդի միաձայն որոշմամբ պարգևատրվել է ԵՊՀ «Պատվո շքանշանով», որը նրան այսօր հանձնեց ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այսօր նշանակալի օր է ԵՊՀ-ի կյանքում, քանի որ համալսարանական բարձր շքանշանով է պարգևատրվում Գուրգեն Մելիքյանը՝ Մայր բուհի լեգենդը. «Պրոֆեսորի մասին կարող ենք խոսել ժամերով, բայց ես մի դրվագ կհիշեմ. վերջերս միասին այցելել էինք Արցախ՝ մասնակցելու ԵՊՀ-ի կողմից ֆինանսավորված տան կառուցման հիմնարկեքի արարողությանը, և պետք էր տեսնել նրա հրճվանքը, ուրախությունն ու հուզմունքը, երբ անցնում էինք Բերձորով ու տեսնում իր ստեղծած պուրակները: Այդ պուրակներից յուրաքանչյուրը մի նոր կյանքի սկիզբ է: Եվ երբ Գուրգեն Մելիքյանի հետ գնում ես Արցախ, հասկանում ես՝ ոչինչ չի ավարտվել. մենք դեռ ասելիք ունենք, քանի որ մեր կողքին կան հենց նրա պես մարդիկ, որոնք իրենց գոյությամբ, իրենց կենսագրությամբ ու գործունեությամբ ոգեշնչում են մեզ»:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մելքոնյանը, շնորհավորելով պրոֆեսորին, փաստեց՝ նա մեծ ուսուցիչ է. «Իմ կարծիքով, ամենակարևորը, որ կարելի է սովորել Մելիքյանից, և որը մելիքյանական հատուկ դասընթաց է, ճիշտ ապրելու, ճիշտ հայ, ճիշտ քաղաքացի, ճիշտ դասախոս, ճիշտ պաշտոնյա լինելու դասն է»:

Լեգենդ, խորհրդանիշ, ուսուցիչ. ըստ Ռ. Մելքոնյանի՝ ահա այս բառերով է ամենից առաջ բնորոշվում Գուրգեն Մելիքյանը. «Այո՛, իր գործունեությամբ և կյանքով Մելիքյանը լեգենդ է, իր կերպարով՝ ուսուցիչ և ինքն իրենով՝ Հայաստանի, Արցախի ու համալսարանի խորհրդանիշ»:

Գուրգեն Մելիքյանը գործուն մասնակցություն է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժմանը, հսկայածավալ մարդասիրական օգնություն ուղարկել: Մասնակցել է Մաճկալաշենի կամավորական ջոկատի կազմավորման, զինելու և հանդերձավորելու աշխատանքներին: 1995 թվականից նա «Գուրգեն Մելիքյանի» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է, որն իրականացնում է հայրենասիրական-բարեգործական բազմաբնույթ ծրագրեր: 1999 թվականից հիմնադրամի նախաձեռնությամբ ուսանողների հետ Բերձորում իրականացվում է ծառատունկ. ԵՊՀ 100-ամյակի պուրակում տնկվել է 10.000-րդ ծառը:

Հոբելյարի ծննդյան տարեդարձի շնորհավորական խոսք ասաց Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը՝ փաստելով, որ պրոֆեսորը սովորեցնում է, թե ինչ է գործնական հայրենասիրությունը: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն էլ իր խոսքում նշեց, որ Գուրգեն Մելիքյանը հայ արևելագիտության նահապետն է. «Նա մեծ աշխատանք է իրականացնում. ապահովում է շարունակականությունը և՛ գիտության, և՛ երիտասարդների հետ աշխատանքի, և՛ հայրենասիրության»:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ Գուրգեն Մելիքյանը լեգենդ է, որն ապրում է մեր կողքին: Նա հիշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ հանդիպել է պրոֆեսորի հետ, նա իր անդավաճան կեցվածքով փաստել է՝ ամեն ինչ լավ է լինելու. «Այո՛, ես հավատում եմ, որ լավ է լինելու»:

ԵՊՀ ՀՀԻ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանն իր խոսքում փաստեց՝ Գուրգեն Մելիքյանը ծնվել է որպես ազնվազարմ անձնավորություն, որը մանուկ հասակից ունեցել է աշխարհընկալման իր յուրահատուկ և հաստատուն հայացքները. «Նա դեռ պատանի հասակից հասկացել է, որ եթե ուզում ես թունելի ծայրում լույս տեսնել, պիտի անընդհատ փորես այդ թունելը: Նա աշխատանքի, գործունեության, եռանդի մեջ է տեսել իր երջանկությունը»: Ա. Սիմոնյանը պրոֆեսորին մաղթեց ապրել այնքան, ինչքան ինքն է ուզում, ինչքան մտերիմներն ու բոլորն են ուզում. «Քո կողքին լինելով՝ մենք երկարացնում ենք մարդանալու մեր ճանապարհը»:

ԵՊՀ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանն ասաց, որ Գուրգեն Մելիքյանն իր գործով բազմաթիվ դասեր է տվել, որոնցից են՝ ամեն ինչ պետք է ընդունել այնպես, ինչպես կա, թե կարող ես, լավություն արա, թե չես կարող, մի՛ բամբասիր. «Նա լավատես է, որն ամեն ինչ անում ու անելու է, որ իսկապես լավ լինի: Երբ դու ես ասում, մենք հավատում ենք, որ իսկապես լավ է լինելու»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հիշեց, որ Գուրգեն Մելիքյանի աջակցությամբ էր, որ 30 տարի առաջ ուսանողությունը սկսեց իր պայքարը և 30-ամյա հաղթարշավը: Նա ասաց, որ պրոֆեսորին լավագույն նվերը նրա պաշտած հայրենիքը փայփայելն է: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը ևս շնորհավորեց Գ. Մելիքյանին՝ ողջ ինստիտուտի անունից փաստելով, որ մեծ է նրա ներդրումն արևելագիտության զարգացման ու երկու կառույցների համագործակցության ամրապնդման գործում:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շնորհավորական ուղերձն ընթերցեց Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Քնարիկ Միրզոյանը՝ Գ. Մելիքյանի ընկերն ու համախոհը, որը, ինչպես նշեց Ռ. Մելքոնյանը, նախկինում բազմիցս կազմակերպել և վարել է պրոֆեսորի հոբելյանները:

Մեծ է Գուրգեն Մելիքյանի ներդրումը Հայաստանում իրանագիտության զարգացման գործում. նա զբաղվել է պարսկերենի, հարադիր բառակապակցությունների, բառաքերականական, բարդ բառերի, բարբառների և հայերենում իրանական բառաշերտի ուսումնասիրությամբ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական հինգ ատենախոսություն:

Գ. Մելիքյանն ավելի քան 50 բարձրարժեք գիտական հրապարակումների հեղինակ է, զգալի է նրա ավանդը պարսկերենի տեղային բարբառների, ինչպես նաև հայերենի ու պարսկերենի միջև բառային փոխթափանցումների ուսումնասիրության մեջ:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը փաստեց, որ Գ. Մելիքյանը, ի թիվս այլ կոչումների, նաև խոշոր գիտնական է. «Նա է մեզ և համաշխարհային իրանագիտությանն առաջին անգամ ներկայացրել իրանագիտության ասպարեզի հրեական պարսկերեն կարևորագույն ուղղությունը»:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն էլ իր խոսքում ասաց, որ վաստակաշատ պրոֆեսորն այն սակավ մարդկանցից է, որ սերունդ է կրթում ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ իր ապրած կյանքով. «Ես հպարտ եմ, որ քո ընկերն եմ, քո կողքին եմ, և միասին գործելու ենք հանուն մեր երկրի»:

Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Սամվել Մուրադյանն ուշագրավ դեպքեր հիշեց՝ կապված Գ. Մելիքյանի գործունեության, հատկապես Արցախին օգնություն հասցնելու հետ: Նա  Գուրգեն Մելիքյանին նվիրեց Հ. Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմի նոր հրատարակչությունը՝ ընթերցելով սիրելի, անզույգ, ավագ եղբորն ուղղված իր մակագրությունը:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր խոսքում ասաց, որ Գ. Մելիքյանը երեք սեր ունի՝ կինը՝ տիկին Լաուրան, արևելագետներն ու հայրենիքը: Արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանն էլ փաստեց՝ պրոֆեսորը նվիրյալ հայ է, որի ավանդը մեծ է հայ մարդու կերտման գործում:

Գուրգեն Մելիքյանն Իրանի լեռնագնացների ակումբի պատվավոր անդամ է: 1958 թ. նա բարձրացել է Իրանի առասպելական Դամավանդ լեռը (5676 մ): Նա նաև նվաճել է 4000 մետր բարձրություն ունեցող տասը գագաթ և ընդգրկվել Իրանի «Թենսինգ-Հիլարի» ալպինիստական խմբի հիմնադիր կազմում: Նրան է նվիրված 2003 թ. հրատարակված «Իրանի լեռնագնացության պատմություն» մեծածավալ գիրքը:

ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի մարզիչ, Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Սուրեն Սեփանյանը, շնորհավորելով պրոֆեսորին, այսօր նրան փոխանցեց Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի նախագահի շնորհավորական ուղերձը և նրա կողմից շնորհված բարձրագույն մեդալը:

Հոբելյանական հանդիսավոր միջոցառմանն այսօր Գ. Մելիքյանին նվիրված իր հեղինակային բանաստեղծությունն ընթերցեց բանաստեղծ Վարուժան Խաստուրը, Արևելագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Զազյանն էլ ասմունքեց պրոֆեսորի սիրելի հեղինակի բանաստեղծությունը:

Այնուհետև Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մելքոնյանը ներկաներին ցույց տվեց այն նոր կրծքանշանը, որը թողարկել է ֆակուլտետը: Կրծքանշանները, որոնք կրելու են արևելագետները, թվագրված են. «Այսօր բոլոր արևելագետների անունից թիվ 0001 կրծքանշանը հանձնում ենք Գուրգեն Մելիքյանին»:

Բացի դրանից՝ Ռ. Մելքոնյանը ֆակուլտետի անունից Գ. Մելիքյանին հանձնեց Կենտրոնական բանկի կողմից թողարկված խորհրդանշական «Աշխարհի հնագույն ծառերը» շարքի մետաղադրամները, որը ներառում է նաև Սխտորաշենի սոսին, ինչպես նաև ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ թողարկված հոբելյանական կոնյակ, որի տուփի վրա պրոֆեսորի սիրելի խոսքերն են գրված՝ ի փառս հայրենիքի:

Գուրգեն Մելիքյանը միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնեց բոլոր ընկերներին, որոնք օգնել են իրեն իր կյանքի ճանապարհին: Պրոֆեսորը վստահեցրեց, որ կյանքում ամենից կարևորը հավատն է. «Եթե դու հավատաս քո խոսքին, քո գործին, քո հետևից կգան, կգան ու կօգնեն քեզ»: Նա հավաստիացրեց՝ իսկական երջանկությունն անանձնական երջանկությունն է:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031