Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հիշատակ Ռուբեն Սահակյանի` hայրենասիրության տիպարի և իրավաբանության կանխագիտակի

Դեկտեմբեր 14,2021 23:23

Ռուբեն Արամի Սահակյանը կյանքից հեռացավ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին, 74 տարեկան հասակում: Նա եղել է իմ ընկերն ու գործընկերը արդարադատության և իրավական պետության կայացման ուղղությամբ համատեղ գործունեությունում: Մենք առաջնորդվել ենք հայրենասիրության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նույն գաղափարներով: Մեր գործնական մոտեցումը կայանում էր հայաստանյան հաստատությունների և քաղաքացիական հասարակության համար զսպումների և հակակշիռների ստեղծմանն աջակցելու մեջ: Այդ սկզբունքներն ու արժեքները շարունակում են մնալ վտանգված։

Սահակյանը քիչ էր հայտնի սփյուռքում, բացառությամբ իրավաբանական շրջանակների։ Ոմանք տեղյակ էին միայն վերջերս քաղաքական վերլուծությունների կիզակետում հայտնված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանական թիմի կազմում նրա գործունեությունից: Սա Ռուբեն Սահակյանի գործունեության մի փոքր մասն է միայն, հատկապես, եթե նկատի ունենանք նրա գաղափարների ողջ խորությունը:

Նրան չէր հետաքրքրում քաղաքականությունը: Նա իր մասնագիտական կարողություններն ի սպաս էր դրել առաջին երեք նախագահներին։ 1988 թվականից ի վեր կամավորության հիմունքներով աշխատելով Հայոց համազգային շարժման իրավաբանական խմբում, նա տարանջատվեց այդ կազմակերպությունից 1990-ականների սկզբի քաղաքական բռնաճնշումների պատճառով: Որպես փաստաբան, լինելով մի քանի դատավարություններում պաշտպանական առաջին շարքերում, նա իր սեփական աշխատասենյակում ֆիզիկական հարձակման ենթարկվեց այն ժամանակվա ներքին գործերի ամենազոր նախարար Վանո Սիրադեղյանի կամակատարների կողմից։ Այդ պատճառով նրա մոտ բացասական լուրջ վերապահում ձևավորվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ:

Գնահատելով հանդերձ նրան որպես մարդ և մասնագետ, նրա հիշատակին նվիրված սույն հոդվածը, նպատակ ունի նաև որոշ դասեր քաղել մեր երկուսի կողմից հաստատված համագործակցությունից, որը ոչ միայն երկու անձանց համագործակցություն էր, այլև՝ անձանց, որոնք ջանում էին օգտակար լինել Հայաստանին և սփյուռքին:

Շատ «փորձագետներ» ջանում են մշակել Հայաստան-Սփյուռք համագործակցության մոդելներ, մինչդեռ այդ անելիս անտեսում են խնդրի պարզագույն բաղադրիչները: Ինչպիսին էլ լինի մոդելը, համագործակցությունը հիմնվում է նախևառաջ մարդկային հարաբերությունների և արժեքների ու սկզբունքների ընդհանրության վրա։ Մարդիկ ովքեր այս ասպարեզում ունեցել են համանման փորձ, իրենց կտեսնեն վերն ասվածի մեջ:

Ճշմարտության և քաջության առաջամարտիկը

Ռուբեն Սահակյանը, ծնվել է 1947 թվականին (Վանեցի նախնիներից): Իրավագիտություն է ուսանել Ռուսաստանի Վոլգոգրադի իրավաբանական դպրոցում, որն ավարտել է քրեական իրավունքի մասնագիտացմամբ: Նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարարությունում որպես քննիչ: Նա խանդավառությամբ էր պատմում իր անցյալի մասին, քանի որ հետաքրքիր պահեր էր ապրել ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային հարաբերությունների առումով: Մեր երկուսի ընկերության հիմքում ընկած որոշիչ սկզբունքների նկատմամբ հարգանքից ելնելով, նա ինձ խոստովանեց, որ խորհրդային ժամանակաշրջանում իր գործունեության ընթացքում որոշ արարքներ է թույլ տվել, որոնցով չի հպարտանում։ Ես նրան հարցեր չեմ տվել։ Նրա խիղճն էր խոսում:

1985 թվականին նա դարձել է խորհրդային Հայաստանի Հանրապետության Փաստաբանների կոլեգիայի անդամ: 1988-ի փետրվարին սումգայիթյան ջարդերից անմիջապես հետո նա դարձավ հայ զոհերի ընտանիքների ներկայացուցիչը։ Նա մեկնել է Սումգայիթ, ապա Բաքու՝ քաղաքացիների շահերի պաշտպանությունը կազմակերպելու համար և հինգ ամիս շարունակ գտնվել է Ադրբեջանում։ Ռուբեն Սահակյանը խիզախ մարդ էր, և նրա հրապարակային ելույթներն ու վճռականությունը այդ խիզախության վկայությունն են։

Աջակցությունը նոր սերնդին

Նրա կոմպետենտությունը, որպես քրեական գործերով փաստաբան և քրեագետ, միանշանակ ճանաչվել է արդարադատության բոլոր ոլորտներում: Դատավորների, դատախազների և ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպումներում, որոնց ականատեսն եմ եղել անձամբ, նկատելի էր հարգանքը և պատկառանքը Ռուբեն Սահակյանի նկատմամբ։ Այդ ամենը չի ազդել նրա համեստության վրա: Երբ նրանից խնդրում էին խորհրդատվություն այլ բնագավառներից, օրինակ՝ քաղաքացիական իրավունքից, նա շատ ազնվորեն մարդկանց ուղղորդում էր այլ իրավաբանների մոտ։ Նա չէր ձգտում միայնակ աստղ լինելուն, այլ փորձում էր ուղղորդել իրեն դիմած անձին դեպի տվյալ հարցի լավագույն մասնագետը:

Նա միշտ ձգտել է մյուսներին փոխանցել իր ունեցած գիտելիքները: 1997 թվականին, դեռևս մեր փաստաբանների դպրոցի նախագծից առաջ, նա հանդես եկավ տասնհինգ երիտասարդ իրավաբանների ի մի բերելու և քրեական իրավունքի մասնագիտական նրբություններն ուսուցանելու նախաձեռնությամբ։ Այդ մարդիկ հետագայում դարձան քրեական գործերով հայտնի փաստաբաններ։ Մինչև վերջերս Նրանք գալիս էին Սահակյանի տուն, երբ դժվարություններ էին ունենում գործերում։ Այժմ նրանք զրկվել են իրենց ուսուցչից:

Մենք ավարտին հասցրեցինք փաստաբանական պրակտիկայի բարեփոխումները, մասնավորապես, փաստաբանական գործունեությունն ու դրա էթիկան կարգավորող օրենքների վերանայումը, դրանց համապատասխանեցումը եվրոպական հիմնարար սկզբունքներին, փաստաբանների համախմբումը միասնական փաստաբանական պալատի կազմում և իրավաբանների պատրաստման ինստիտուցիոնալ դպրոցի ստեղծումը, որը հատկապես հոգեհարազատ էր մեզ համար 2005-2013թթ. ժամանակահատվածում:

Երբ այս բոլոր խնդիրները կարգավորվեցին 2013 թվականին, Ռուբեն Սահակյանը ոչ միայն հաջող բանակցություններ իրականացրեց պալատի գրասենյակը նոր և ավելի ֆունկցիոնալ շենք տեղափոխելու վերաբերյալ, այլև նախապատրաստեց իր լիազորությունների փոխանցումը փաստաբանների պալատի նոր ղեկավարին։

Ծառայությունը ազգային շահերին և սկզբունքներին

Ռուբեն Սահակյանն ունեցել է օրինակելի ազգային գիտակցություն, որը զուրկ էր սեփական շահի և շահագրգռվածության զգացումներից: Մեր առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1995թ.հուլիսին Գերագույն դատարանում, որտեղ ես դիտորդական առաքելություն էի իրականացնում քաղաքական դատավարություններում, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) անունից։ Ռուբեն Սահակյանը գլխավորում էր ամբաստանյալներին պաշտպանող փաստաբանների խումբը։ Սկզբում ինձ ուղեկցում էր փաստաբան Միշել Զավրիանը, որը Ալժիրի ազգային ազատագրման ճակատի (FNO) զինյալներին պաշտպանող մի քանի խիզախ փաստաբաններից մեկն էր 1960-ական թվականներին Ֆրանսիայում, իսկ հետո՝ փաստաբան Միշել Տուբիանը (մեկ այլ ընկեր, որին ես կորցրեցի հոկտեմբերի սկզբին, երբ նա 67 տարեկան էր), պաղեստինցիների իրավունքների եռանդուն և արդյունավետ պաշտպանը: Երկուսն էլ միանգամից Ռուբենին գնահատեցին որպես լավ պրոֆեսիոնալ։

Մենք Ռուբեն Սահակյանի հետ պահպանեցինք մեր կապերը: Սկսած 1995 թ., նա հյուրընկալել է ինձ իր տանը, և ես պատիվ եմ ունեցել ապրել նրա ընտանիքի հետ նույն հարկի տակ: Հաճախ ես նրանց դուռը ծեծում էի գիշերվա կեսին (թռիչքների ժամերի պատճառով), բայց նա միշտ ողջունում էր ինձ ժպիտով և ջերմությամբ: Նա մեծ առատաձեռնության մարդ էր։ Նա իր ընտանիքի, իր հարազատների, իր ընկերների, իր հարևանների համար հենարան էր:

Փոխլրացումն ու լիազորությունների տարաբաշխումը Հայաստան-Սփյուռք արդյունավետ հարաբերությունների բանալին են։ Նրանք չեն կարող լինել թելադրված, այլ արդյունք պետք է լինեն փոխադարձաբար սովորելու և փոխադարձ վստահության գործընթացների:

Ազգային շահերին ծառայելն ամենակարևոր մարտահրավերն է հայերի համար: Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պատշաճ կերպով չեն զարգացել այդ ուղղությամբ։ Պարտվողականության և ծայրահեղ բարոյալքման ժամանակներում, դրա փոխարեն, տեղի է ունենում խուճապային փախուստ։

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի փորձում է ապահովել իր անձնական ապագան, այլ ոչ թե իր երկրի ապագան։ Սփյուռքում իրավիճակն ավելի լավ չէ։ Հայկական կազմակերպությունները, որոնք գնալով ավելի մասնատված են դառնում, ավելի շատ հոգ են տանում իրենց գոյության շարունակականության մասին և կենտրոնանում են իրենց ավանդական գործունեության վրա՝ առանց մտահոգվելու ազգային առաջնահերթությունների մասին: Նախկինում մենք երբեք չենք տեսել և չենք լսել այդքան շատ «փորձագետների» սփյուռքում։ Ի՞նչ արժեն այդ բոլոր վերլուծությունները, եթե դրանք համատեղ քննարկումների և երկրի ներքին ուժերի հետ խորհրդակցությունների արդյունք չեն:

Ես դարձա Ռուբեն Սահակյանի ընտանիքի անդամը, ինչպես նաև մաս դարձա նրա ընկերական և մասնագիտական շրջանակների: Նրա հետ սերտ համագործակցությունը կարևոր դերակատարում ունեցավ իմ հետագա կամավոր գործունեության և Հայաստանի խնդիրներն ու մարտահրավերներն իմ կողմից ընկալելու համար:

Ես կարողացա դիտարկել հայ հասարակության մեխանիզմներին ու չգրված օրենքները, որոնք շատ ավելի քողարկված են, քան կարելի էր պատկերացնել։ Ես սովորեցի, առանց դատապարտելու, պարզապես փորձում էի հասկանալ, նախքան գործելը: Եվ հակառակը՝ Ռուբեն Սահակյանն օգուտ քաղեց իմ արևմտյան կրթությունից և աշխատանքային մեթոդներից, ինչպես նաև սփյուռքում իմ կապերից՝ ուսումնասիրելու և սովորելու համար։ Դա մեր երկուսի մեծ ուժն էր։

Երբ մենք գտնվում էինք բանակցային իրավիճակներում Հայաստանում իշխանությունների և հաստատությունների հետ, կամ արտասահմանում՝ գործընկերային փաստաբանական կառույցների կամ Եվրոպական փաստաբանական կազմակերպությունների խորհրդի, կամ անգամ միջազգային հաստատությունների հետ, մենք միմյանց փոխլրացնում էինք զրուցակիցների հետ հանդիպումներում, քանի որ ունեինք փոխըմբռնման և համագործակցության բացառիկ ունակություն։

2005 թվականից ի վեր, այսինքն ներկայիս փաստաբանների միասնական պալատի ստեղծումից և Ռուբեն Սահակյանի առաջին նախագահ ընտրվելուց հետո, մենք առաջ ենք շարժվել մեր նախագծերի իրականացման գործում։ Որպես հատուկ խորհրդական՝ ես պատասխանատու էի հայկական փաստաբանական պալատի միջազգային կապերի զարգացման համար, ներառյալ Եվրոպական միության օգնության ձեռքբերման խնդիրների լուծման մասով։ Նախագիծը անմիջապես ընդունվեց Եվրոպական հանձնաժողովի կողմից 2006 թվականի սկզբին և ներառվեց բյուջեի մեջ։

Մեր համագործակցությունն այնուհանդերձ փորձության ենթարկվեց 2007 թվականին։ Ռուբեն Սահակյանից լսելով, որ օֆշորային խորհրդատվական ընկերությունն իր տրամադրության տակ ունի ապագայում կայանալիք տենդերի տեխնիկական առաջադրանքը, ես դիմեցի Եվրոպական հանձնաժողովի խարդախության դեմ պայքարի բաժին (OLAF), որը որոշեց կասեցնել նախագիծը այդ գործով քննության ժամանակահատվածում։ Ռուբեն Սահակյանը, ընկնելով ինչպես հայաստանցի այնպես էլ ֆրանսիացի, որոշ չարամիտ ու նախանձոտ մարդկանց ազդեցության տակ, սկսեց կասկածել իմ նախաձեռնության հիմնավորվածության վրա։ Սակայն դա երկար չտևեց, և նա հասկացավ, որ իմ նախաձեռնությունը փրկել է այդ նախագիծը (նախագիծը իրականացվեց և ավարտին հասցվեց Եվրոպայի խորհրդի վերահսկողության ներքո 2009-2012թթ.):

Այս նախագիծը և 2,5 միլիոն եվրո կազմող նրա բյուջեն գրավեց շատերի ուշադրությունը: Գործեց կոռուպցիայի ավանդական սխեման (վերահսկող նախարարության ղեկավարներ, օֆշորային խորհրդատվական ընկերություն և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության կոռումպացված ղեկավար)։ Մենք հաջողությամբ ձախողեցինք այս սխեման։

Մեր գործողությունների և ձեռքբերումների ցանկը կարելի է երկար թվարկել։ Կարևոր է հիշել, որ Ռուբեն Սահակյանը կարողացավ հաղթահարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բոլոր խոչընդոտներն ու ավանդական կաղապարները։ Նա հասկացավ, թե Հայաստանի համար ինչ առավելություններ կարող են տալ արժեքների, սկզբունքների և պարտականությունների ճիշտ ընկալումը։

Նրա մահվամբ ես կորցրեցի ոչ միայն իմ եղբորը, այլև նրան, ով ստիպեց ինձ սիրել Հայաստանը և ցանկանալ ծառայել նրան։ Հայ հասարակության մեջ և Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առկա բազմաթիվ հարցերի առկայության պայմաններում, հուսով եմ, որ Ռուբեն Սահակյանի օրինակը կդառնա մտորումների և ոգեշնչման աղբյուր:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռուբեն: Մենք շարունակելու ենք պայքարը հանուն քո թողած ժառանգության պաշտպանության։

 

Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայան

ՓԱՐԻԶ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2021

 

Նկարում՝ ձախից աջ ՝ հեղինակ Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանը, Փարիզի փաստաբանների կոլեգիայի անդամներ Վինսենտ Նուարը և Ժան-Իվ Լեբորնը, փաստաբանների կոլեգիայի նախագահի տեղակալ (32 000 անդամ): Նստած՝ Ռուբեն Սահակյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, 2010թ. դեկտեմբերին համագործակցության համաձայնագրի ստորագրման առիթով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031