Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կողմը որեւէ բանից չի հրաժարվում, խոսքը գնում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների սկիզբ դնելու մասին». Աղաջանյան

Դեկտեմբեր 14,2021 23:03

Պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը այսօր ԱԺ-ում էր: Պարզվեց՝ նրան խորհրդարան է հրավիրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Հիշեցնենք, որ պաշտոնական Թուրքիան հայտարարել է, որ  «Հայաստանի հետ փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու»: Հայկական կողմը եւս հայտարարություն է տարածել, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ նշանակել:

Աղաջանյանից հետաքրքրվեցինք՝ հայկական կողմից բանակցողն ու հատուկ ներկայացուցիչը Լիպարիտյա՞նն է՝ նա վստահեցրեց, որ ոչ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ժամանակին նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ ի՞նչ բանակցություններ Թուրքիայի հետ այն պարագայում, երբ հայ-թուրքական արձանագրությունները Էրդողանի պատուհանից ուղղակի շպրտել է դուրս, հիմա ի՞նչ է փոխվել, որ Թուրքիան բանագնացներ է ուղարկում՝ Աղաջանյանը պատասխանեց, որ դա Զոհրաբ Մնացականյանի անձնական տեսակետն է. «Հայաստանի դիրքորոշումը մշտապես Թուրքիայի հետ հարաբերությունների կոնտեքստում եղել է այն, որ մենք պատրաստ ենք հարաբերությունների սկիզբ դնել՝ առանց որեւէ նախապայմանների»:

Առանց նախապայմանների հարաբերություններ ասելով՝ հրաժարվելո՞ւ ենք հայկական հարցից, Արցախ հարցից՝ Աղաջանյանը պատասխանեց, որ հայկական կողմը որեւէ բանից չի հրաժարվում. «Խոսքը գնում է դիվանագիտական հարաբերությունների սկիզբ դնելու մասին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Սա չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային եւ պետական շահերից: Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ ՀՀ պետական շահերից է բխում Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ տարբեր պատճառներով»:

Մեր հարցին՝ ընդդիմությունն ասում է՝ եթե ձեր հարեւանը ձեզ մորթի, փորձի ձեր տունը խլել, դուք բարիդրացիություն կանե՞ք նման հարեւանի հետ, հիմա ինչքանո՞վ ենք մենք պատրաստ Թուրքիայի հետ այդ հարաբերություններին՝ Աղաջանյանը պատասխանեց. «Ցավը նրանում է, որ մեր դաշնակցական գործընկերները քաղաքական պրոցեսները նմանատիպ պրիմիտիվ ձեւով են պատկերացնում: Թերեւս, սա ՀՀ նորագույն  պատմության արտաքին քաղաքականության  դիսկուրսի տկարության լավագույն օրինակն է: ՀՀ-ն ունի կոնկրետ աշխարհագրական դիրք, ունի հարեւաններ, որոնցից չի կարող խուսափել, ինչպես նաեւ մեր հարեւան պետությունները չեն կարող խուսափել մեր առկայությունից տվյալ ռեգիոնում: Հետեւաբար, այլընտրանք, քան տվյալ հարեւանների հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ՝ ուղղակի չկա»: Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են, որ Հայաստանի շահերից բխող այդ գործընթացն իրականություն դառնա:

Հարցին, թե ի՞նչ գին ենք վճարելու դրա դիմաց՝ Աղաջանյանը պատասխանեց, որ գին չկա:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031