Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռաֆայել Մովսեսյանը պահանջել է Ադրբեջանից դադարեցնել միջազգային հարթակներում ատելության և խտրականության քարոզը հայկական կազմակերպությունների և հայազգի հայտնի գործիչերի դեմ

Դեկտեմբեր 14,2021 22:44

ՄԱԿ կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի կազմակերպած հարակից միջոցառման վերաբերյալ

Դեկտեմբերի 13-ից 17-ը Շարմ Էլ Շեյխում (Եգիպտոս) անցկացվող ՄԱԿ կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում, Ադրբեջանի պատվիրակությունը սեփական երկրում առկա էնդեմիկ կոռուպցիայի դրսևորումներին անդրադառնալու փոխարեն, որոշել էր չարաշահել համաժողովի հարթակը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական կազմակերպություններին և անհատներին վարկաբեկելու համար։

Ադրբեջանի պատվիրակության կազմակերպած “Misuse of fund raising activities for corruption and related criminal purposes” խորագրով հարակից միջոցառման նպատակն էր պիտակավորել հայկական կազմակերպություններին՝ որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կառույցների, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ներկայացնել որպես անջատողականություն և ահաբեկչություն։

Միջոցառմանը լեգիտիմություն հաղորդելու նպատակով Ադրբեջանի պատվիրակությունը որոշել էր իր քաղաքական շահարկումների մեջ ներքաշել ՄԱԿ Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) քարտուղարությանը և փորձագիտական ներուժը՝ վերջիններիս հրավիրելով մասնակցել թեմատիկ քննարկմանը՝ որպես բանախոս։ Բացի այդ, առանց UNODC-ի քարտուղարության թույլտվության Ադրբեջանը օգտագործել էր վերջինիս և համաժողովի պատկերանշանները միջոցառման կազմակերպչական նյութերի վրա՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե UNODC-ն և ՄԱԿ կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի 9-րդ նստաշրջանը հանդիսանում են միջոցառման համակազմակերպիչներ։

Նստաշրջանին մասնակցող ՀՀ պատվիրակությունը, որը գլխավորում է Գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանը, ադրբեջանական քարոզչությանը հակազդելու նպատակով ձեռնարկեց մի շարք քայլեր։ Մասնավորապես, ՀՀ պատվիրակության պահանջով UNODC-ի քարտուղարությունն Ադրբեջանի պատվիրակությունից պահանջեց ադրբեջանական հարակից միջոցառման բոլոր փաստաթղթերի վրայից հեռացնել UNODC-ի և նստաշրջանի պատկերանշանները։

Բացի այդ ՀՀ պատվիրակության պահանջով UNODC-ի փորձագետը, որը պետք է ելույթ ունենար թեմատիկ քննարկման ժամանակ, հայտարարեց, որ UNODC-ի քարտուղարությունը սովորաբար անդամ երկրների խնդրանքով բանախոսներ է տրամադրում հարակից միջոցառումների համար: Այնուհետև, նա ընդգծեց, որ քարտուղարության ներկայությունը միջոցառմանը որևէ կերպ չի նշանակում, որ UNODC-ն հաստատում է միջոցառման ընթացքում տեղ գտած որևէ ելույթ կամ հայտարարություն: Խնդրելով իր այդ հայտարարությունը արձանագրել միջոցառման ամփոփիչ փաստաթղթում՝ նա լքեց հարթակը և դուրս եկավ դահլիճից:

Միջոցառմանը հրավիրված մյուս բանախոսների (ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում գրանցված խորհրդատվական կազմակերպություններից) ելույթից հետո խոսք վերցրեց ՀՀ պատվիրակության անդամ, Եգիպտոսում ՀՀ հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը և, խստագույնս քննադատելով Ադրբեջանի կողմից կազմակերպված հակահայկական միջոցառումը, պահանջեց Ադրբեջանից դադարեցնել միջազգային հարթակներում ատելության և խտրականության քարոզը հայկական կազմակերպությունների և հայազգի հայտնի գործիչերի դեմ, որոնք փորձել են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել 2020թ. պատերազմի ժամանակ Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կիրառված բռնությանը, մարդկության դեմ հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումներին, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը և Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Նա Ադրբեջանին հիշեցրեց դեկտեմբերի 7-ին ՄԱԿ Միջազգային արդարադատության դատարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշման մասին, որով պահանջվում է Ադրբեջանից քայլեր ձեռնարկել հայկական ծագմամբ անձանց նկատմամբ ռասայական ատելության և խտրականության քարոզը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից։

Հանդիպմանը ֆիզիկապես մասնակցում էին խիստ սահմանափակ թվով օտարերկրացիներ, որոնք ՀՀ պատվիրակության ելույթից հետո անմիջապես հեռացան դահլիճից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031