«Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի տրամաբանությամբ. եթե Երևանը մաքսակետեր տեղադրի «Զանգեզուրի միջանցքում», Բաքուն նույնպիսի պայմաններ կպարտադրի Լաչինի միջանցքում: Նման հայտարարություն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ հանդիպմանը:
«Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ կետը նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի Ադրբեջանի, ՌԴ-ի և Հայաստանի առաջնորդների հայտարարությամբ: Այդպիսով, դա պարտավորություն է Հայաստանի համար»,- ասել է Ալիևը հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում:
Հարկ է նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսվում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, սակայն որևէ կերպ չի հիշատակվում «Զանգեզուրի միջանցք» եզրը, որևէ դրույթ չկա նաև Հայաստանի այդ հատվածի սուվերենությունն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահը նշել է սակայն, որ եռակողմ հայտարարության մեջ «բացահայտ ասվում է», որ Ադրբեջանը տրամադրում է անվտանգություն և մուտք Լաչինի միջանցքով, և Հայաստանն էլ պետք է տրամադրի նույնպիսի անխոչընդոտ մուտք Զանգեզուրի միջանցքով»:
Կարդացեք նաև
«Այս պահին Լաչինի միջանցքում չկան անցակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքի դեպքում: Եթե Հայաստանը պնդի, որ մաքսակետեր է տեղադրելու Զանգեզուրի միջանցքով բեռների և մարդկանց տեղափոխման համար, ապա մենք կպնդենք, որ նույնական պայմաններ լինեն նաև Լաչինի միջանցքում: Դա տրամաբանական է»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ այս պահին պայմանավորվածություն կա դեպի Նախիջևան երկաթուղու և ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ: «Բայց ավտոճանապարհի հստակ երթուղին դեռ որոշված չէ, դա հետագա բանակցությունների հարց է: Այդ հարցը մենք անպայման կքննարկենք այսօր երեկոյան եռակողմ հանդիպմանը»,- ասել է Ալիևը:
Նա նաև ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն իրենց համար է ճանապարհ բացում դեպի Նախիջևան, այլ այն «նաև պետք է Հայաստանին՝ Իրանի և Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության համար»: «Այնպես որ, այն իսկապես դրական մթնոլորտ կստեղծի»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ