Դեկտեմբերի 14-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում լրացուցիչ քննարկվել է «Արցախի Հանրապետության 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը։
Նախագծի շրջանակներում քննարկվել են առողջապահության ոլորտում որոշ ծրագրերի վերջնական մշակման մասին հարցերը։
Առողջապահության նախարարը պարզաբանումներ է տվել բուժաշխատողների աշխատավարձերի մինչև 20 տոկոս բարձրացմանը, բուժհիմնարկներում բոնուսային համակարգի ներդրման ծրագրի կարգի մշակմանն ու գործարկմանն ուղղված պատգամավորներին մտահոգող հարցերին։
Նախարարը նշել է, որ բոնուսային համակարգի ներդրման հիմնական նպատակը 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում մեկնարկող անվճար բուժօգնության որակի ապահովումն է, ինչպես նաև բժիշկների՝ ըստ արժանվույն վարձատրվելը։
Շահագրգիռ քննարկումների արդյունքում ներկաները որոշել են նախագծի մշակումից հետո Աժ համապատասխան հանձնաժողովի հետ համատեղ նիստում ընդլայնված քննարկում կազմակերպել։
Համատեղ նիստում քննարկվել են նաև 2022թ․ պետական բյուջեով նախատեսված «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսված հատկացումների , հատկապես մասնավոր ատամնաբուժական ծառայություններին տրամադրվող գումարների չափը և նախագծով սահմանված «Փորձի փոխանակման նպատակով հրավիրված և ուղեգրված մասնագետներին տրամադրվող փոխհատուցում» ծրագրի գումարի չափն ու նպատակայնությունը, ինչպես նաև վերահսկման մեխանիզմները։
Պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով և առաջարկություններով։
Ոլորտի պատասխանատուները հավաստիացրել են, որ նման քննարկումները լինելու են շարունակական՝ ի նպաստ բնակչության բուժսպասարկման որակի բարձրացմանը և բուժաշխատողի սոցիալական երաշխիքների ապահովմանը։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին