«Մենք Անկարայի կողմից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ շարունակական պահանջներ և ոչ բարիդրացիական հարաբերություններին բնորոշ քայլեր: Ուստի բավական տարակուսած եմ և կասկած ունեմ, թե ինչ նպատակ է հետապնդում այս 3+2 ձևաչափը»,-լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով 3+2 ձևաչափին:
ԱԳ նախկին նախարարն ասաց՝ հուսով է, որ մեր դիվանագետները լավ հաշվարկել են այն սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ այս ձևաչափի հետագա աշխատանքի հետ կապված:
Հարցին՝ դա կարո՞ղ է խանգարել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ Արա Այվազյանը պատասխանեց. «Մտավախություն ունեմ, որ այս ձևաչափը կարող է փորձել ստվերել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը: Մինսկի խմբի համանախագահները, ինչպես մի շարք մեր միջազգային գործընկերներ, հայտարարում են, որ Ղարաբաղի հիմնահարցը փակված չէ՝ ի տարբերություն պաշտոնական Բաքվի և Անկարայի կողմից հնչեցված հարցերի: Ես հետևում եմ, որ այսօր Մինսկի խմբի համանախագահները շեշտը դնում են հումանիտար հարցերի լուծման վրա»:
Արա Այվազյանը հույս ունի, որ համանախագահները հնարավորություն կունենան այցելել տարածաշրջան, քանի որ նրանք խնդիր ունեն ապացուցելու իրենց կենսունակությունը: Հարցին՝ ինչպիսի՞ն է ՌԴ դերակատարությունն այս հարցում, Արա Այվազյանը պատասխանեց. «Պաշտոնական ՌԴ-ն միշտ ասել է, որ համանախագահների ձևաչափը զբաղվում է հակամարտության վերջնական կարգավորման հարցով և նշել, որ զուգահեռ պիտի լինի մեխանիզմ, որը կչեզոքացնի տարածաշրջանային ապակայունացնող միտումները:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կան այսօր կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից, Արա Այվազյանը պատասխանեց. «Չեմ կարծում՝ էական փոփոխություն լինի: Միշտ լավ է երկխոսություն ունենալը, տեսել ենք, որ շատ դեպքերում երկխոսությունից հետո չեն պահպանվում պայմանավորվածությունները: Հույս ունեմ, որ սա ևս հերթական հանդիպումն է, որը կարող է որոշ առաջընթաց արձանագրել հատկապես հումանիտար հարցերի լուծման հարցում»:
Խոսելով այն մասին, որ ՀՀ-ն և Թուրքիան պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչ նշանակել երկխոսության շարունակության համար՝ Արա Այվազյանն ասաց. «Հայտնի դասական կինոն հիշելով՝ ասում են բարեկամիդ հետ մոտիկ եղիր, բայց թշնամուդ հետ ավելի սերտ: Բնականաբար, բոլոր ժամանակներում եղել է ձգտում առնվազն ՀՀ կողմից առանց նախապայմանների երկխոսություն ծավալել: Երկար ժամանակ որևէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ: Պետք է տարբերակել նորմալ իրավիճակն ու այսօրվա իրավիճակը հատկապես Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը վերջին պատերազմում, հնչեցվող նոր նախապայմանները ՀՀ-ի նկատմամբ: Շատ կարևոր է, որպեսզի արտաքին գործերի նախարարության՝ մեր գործընկերները լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ