Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից հետաքրքրվեց, թե ստացվո՞ւմ է ՔՊ-ական փոխքաղաքապետերի հետ աշխատանքը․ բարդություննե՞ր, տարաձայնություններ չկա՞ն։
Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինք»-ի՝ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելը բուռն քննադատության էր արժանացել գյումրեցիներից շատերի, հատկապես դաշինքի ընտրազանգվածի կողմից։ Այս երկու քաղաքական ուժերի համագործակցության արդյունքում փոխքաղաքապետեր էին նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մեկը՝ Դավիթ Առուշանյանն է՝ զբոսաշրջային ոլորտի մասնագետ, մյուսը՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգական Արթուր Պապիկյանն է՝ նախկին զինվորական։
Վարդգես Սամսոնյանն ասաց․ «Շատ նորմալ ենք աշխատում, բարյացակամ հարաբերություններ են ձևավորվել։ Իրենք էլ ինձ պես կամաց-կամաց ինտեգրվում են աշխատանքի մեջ՝ բաժինների համակարգումն իրենց է տրված, ամեն մեկն ունի իրեն կցված բաժինները։ Գրեթե ամեն օր ժամը 22․00-ին ենք տուն գնում, կատակով ասում ենք ՝ էս է․․․
Նորմալ է, չկա կուսակցական պատկանելության խնդիր, բազմիս ասել եմ, մեր ժամանակը չի ներելու, որ մենք զբաղվենք քաղաքականությամբ, մենք զբաղվելու ենք քաղաքաշինությամբ՝ քաղաքը զարգացնելով, տարբեր ծրագրեր իրագործելով, նոր թանգարաններ ենք հիմնելու, զբոսաշրջիկների համար նոր գրավիչ վայրեր ենք ստեղծելու, մեր գործերը շատ են։
Կարդացեք նաև
Միայն առողջ, համերաշխ, լավ մթնոլորտում կարող ենք հաղթահարել, այլապես չի ստացվելու կառավարումը։ Փառք Աստծո, աշխատում ենք, նորմալ է, արդյունքում կունենանք մարդկային նորմալ հարաբերություններով աշխատանքային թիմ, որը կծառայի ի շահ քաղաքի»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ