Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. «Իշխանության իրականացրած ձերբակալությունները պատիվ են բերում, այդ մարդկանց ազնիվ լինելը, հայրենիքին նվիրված լինելը ավելի շեշտվում է»

Դեկտեմբեր 14,2021 18:10

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամ, հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի» ակումբում վերլուծելով այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, վերջին շրջանում տեղի ունեցած ձերբակալություններն ու կալանավորումները՝ ասաց. «Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սպասելի է: Երբ համադրում, վերլուծում ես փաստերը, կերպարները, մանավանդ ՏԻՄ ընտրություններից հետո, նույնիսկ շատ պարզ հայացք ունեցող մարդկանց հասկանալի է դառնում, որ շատ բան մարդկանց տրամադրությունների մեջ փոխվել է, մարդիկ կարողանում են գնալ ընդդեմ իշխանությունների եւ իրենց ընտրությունը կատարել: Իշխանությունը նույնպես դա շատ լավ հասկանում է, Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում է: Որքան այսպիսի փաստերը առկա են, այնքան նրա համար դժվար է դառնում մարդկանց մոլորեցնել: Այնուամենայնիվ, նա փորձում է շարունակել իրեն շատ բնորոշ մանիպուլյատիվ եղանակներով, ընտրություններից հետո ինչ-որ գրառումներ է կատարում, թե ազնիվ ընտրություններ են եղել՝ էլի նախկիններին հիշատակելով: Բայց իրենք շատ լավ հասկանում են, որ գետինը ոտքերի տակից գնում է: Սա վիրավոր գազանի սինդրոմ կարելի է համարել, երբ տեսնում է, որ իրավիճակը առաջվանը չէ:

Իսկ այն մարդիկ, եթե նույնիսկ գնում, ընտրում են տխրահռչակ ՔՊ-ին, կարող է վախի ռեակցիա լինել: Մարդկանց մի շերտ կա, որն առհասարակ չի սիրում իրեն սուր իրադրությունների մեջ դնել. այն, որ ասում են՝ շառից-փորձանքից հեռու, մտածում են՝ մենակ ինձանով չի: Եվ այդ վախի մթնոլորտը, որ կա Հայաստանում, ըստ էության հիմքեր ունի: Ամեն մարդ չէ, որ ի վիճակի է ճակատ առ ճակատ կանգնել, արդարության համար պայքարել: Մարդիկ մեծ մասամբ ինչ-որ կապերով կապված են: Ոմանց վախեցնում են, թե աշխատանքը կկորցնի, մեկ ուրիշը ընտանեկան կապեր ունի, երրորդը ավելի կարեւորում է իր ծանոթի այնտեղ ձգտումը պաշտոնի, քան թե Հայաստանի վիճակը:

Իսկ ինչ վերաբերում է ռեպրեսիաներին, երբ մարդիկ մտնում են քաղաքական պայքարի մեջ, մանավանդ այսպիսի ծանրագույն վիճակում գտնվող Հայաստանում երբ ընդդիմադիր կեցվածք են ցույց տալիս, այն էլ՝ հետեւողականորեն, այդ մարդիկ ներքուստ պատրաստ են, սպասում են, որ իրենց այդ հարվածը հասնելու է: Չեմ կարծում, թե այն մարդիկ, որոնք այսօր ձերբակալված են, ընկճվող են: Համոզված եմ, որ նրանք հենց ազատության մեջ հայտնվեն, շարունակելու են պայքարը: Բայց ցավալին այն է, որ հասարակական տրամադրությունների որակ է փոխվում, մի տեսակ սովորական է դառնում, որ շատ արժանավոր մարդկանց կարելի է շատ հանգիստ ազատազրկել:: Օրինակ, համայնքապետերը եւ Աշոտ Երկաթը: Ախր, նրանք մարդիկ են, ովքեր, համոզված եմ, հետագայում մեր դասագրքերում է նրանց անունը հիշատակվելու, մեր երեխաներին, թոռներին նրանց անունով ենք դաստիարակելու: Իսկ նրանք հիմա ազատազրկված են: Բայց դա այն ազատազրկումն է, որ պատիվ է բերում: Ում ազատազրկում, ձերբակալում են, այդ մարդկանց ազնիվ լինելը, հայրենիքին նվիրված լինելը ավելի շեշտվում է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031