Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում անկանխիկ գործարքների մասին օրենքը։ Այսօր հրավիրված ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պատասխանելով հարցին՝ արդյոք համակարգը պատրա՞ստ է նման ծանրաբեռնվածությանն ու արդյոք համակարգն անխափան կաշխատի, պատասխանեց․ «Մենք ամեն օր մտածում ենք այդ հարցի շուրջ եւ որոշակի քայլեր ենք իրականացնում։ Այսօր էլ խորհրդակցություն է եղել՝ կապված համակարգի անխափան սպասարկման հետ եւ հնարավորինս զերծ մնալու խնդիրներից»։
Ըստ Մարտին Գալստյանի՝ «Պիտի հասկանանք, որ բալանսավորման խնդիր է։ Այսինքն, մենք մի կողմից պետք է իրականացնենք բավականին մեծ ծախսեր, որպեսզի համակարգը որեւէ խնդիր չունենա, մյուս կողմից էլ պետք է հասկանանք այն ռիսկի ախորժակը, որը ճիշտ է համակարգն անխափան սպասարկելու եւ ներդրումների տեսանկյունից։ Այդ քննարկումների մեջ ենք, մենք կարծում ենք, որ այն պահից, երբ որոշակի անկանխիկ գործարքների ծավալների ավելացում տեղի ունենա եւ այլ օրենսդրական փոփոխությունների հետ կապված, որոնք նախատեսում ենք, համակարգը պատրաստ է լինելու խնդիրը լուծելու առանց որեւէ խափանման»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ