«Մենք կերտում ենք ազատազրկված անձանցից մի կերպար, որը վատ արարքներ է կատարում, մեկուսացած է հասարակությունից, կարծես այդպիսով բացառում ենք նախ նրա հնարավոր վերադարձը հասարակություն, անընդհատ վերարտադրում ենք այդ հանցագործի կերպարը՝ կարծես մի կողմ թողնելով մարդուն»,- «Մեդիա կենտրոնում» «Ազատազրկված անձանց խնդիրները՝ հանրային օրակարգում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ ցանկացել են իրականացնել մի ծրագիր, որ կփորձի այս ամենից դուրս ներկայացնել մարդուն, և հեշտ կլինի կապ ստեղծել ազատազրկված անձի և հասարակության միջև:
Տեղեկացնենք՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2021թ. հունիսի 1-ից իրականացնում է «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է www.prisoninitiatives.am մեդիա հարթակը, որտեղ ներկայացվում են ազատազրկված անձանց խնդիրները հանրայնացնող տեսաֆիլմեր, ֆոտոպատմություններ և հոդվածներ: Ակնկալվում է մեդիա հարթակի միջոցով բարձրացնել հասարակության զգայունությունն ու իրազեկվածությունն ազատազրկված անձանց խնդիրների շուրջ, որոնց նրանք կամ նրանց ընտանիքի անդամներն առնչվում են:
Նարե Հովհաննիսյանը հայտնեց՝ արդյունքները գոհացուցիչ են և մանրամասնեց. «Ազատազրկված անձինք բավականին անկեղծորեն են շփվում մեզ հետ, նաև վստահելով մեզ՝ ներկայացրել են իրենց խնդիրները, ընդունել մեր առաջարկները, նկարահանվել են տեսաֆիլմերում: Ազատազրկված կանայք խուսափում են նման միջոցառումների մասնակցել: Երկու կանայք խնդրում էին, որ իրենց ձայնը փոխվի, դեմքը փակ լինի, որ չնույնականացվի: Ընդհանուր առմամբ 13 հոդված ենք ստացել, որից 5-ն է մեր հավանությանն արժանացել, և դրանք կհրապարակվեն: Ուրախալի է, որ մեզ հոդվածներ են ուղարկել կալանավորված անձինք՝ այդ թվում ցմահ ազատազրկվածները: Երբ նրանց հետ զրուցում էինք, ազատազրկված անձինք ասում էին՝ ինչ լավ է զրուցեցինք, կարծես թեթևացանք:»:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության գլխավոր մասնագետ Նանե Մելքոնյանը հայտնեց՝ նախարարությունը ձեռնամուխ է եղել վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, աշխատանքներ են տարվում ազատազրկված անձանց վերասոցիալականացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Սա նախարարության առանցքային ռազմավարության կիզակետում է: Ուստի այս ծրագիրը մեզ համար ողջունելի է»:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանն էլ նշեց. «Ազատազրկված անձինք, բարձրացնելով իրենց խոսքը, նաև հոգեբանական բարդույթ են հաղթահարում, հասկանում են՝ բացի նրանից, որ պետությունն է ապահովում իրենց առօրյան, կենցաղը, նաև քաղհասարակությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ