ՀՀ ԿԲ խորհուրդը դեկտեմբերի 14-ին որոշում կայացրեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա ներկայացմամբ՝ այս տարվա նոյեմբերին արձանագրվել է 1․7% գնաճ նախորդ տարվա 1.3% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է, ամսվա վերջում կազմելով 9.6%։ 12-ամսյա բնականոն գնաճը եւս նախորդ ամիսների կայուն վարքագծից հետո նոյեմբերին ավելացել է, այն կազմել է 8.4%:
Մարտին Գալստյանի խոսքով՝ արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է զգալի գնաճային ազդեցություն։
«ՀՀ տնտեսական ակտիվությունը գնահատվում է սպասվածից ավելի ցածր՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության եւ արդյունաբերության ճյուղերի աճի դանդաղմամբ։ Այդուհանդերձ, պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են, որին ներկայումս նպաստում է արտաքին պահանջարկի ազդեցությունը՝ պայմանավորված զբոսաշրջության աճի ավելի բարձր տեմպերով»,-ասաց ԿԲ նախագահը։ Գնաճի որոշակի արագացում է սպասվում, կրկին պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցություններով։
Կարդացեք նաև
«Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ կանխատեսվող միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին եւ կկայունանա։
ԿԲ-ն պատրաստ է գնաճին համարժեք արձագանքել ու ապահովել գների կայունության նպատակի իրագործումը»,-հայտարարեց Մարտին Գալստյանը։
Եկող տարվա համար ԿԲ-ն կանխատեսում է 5.3% տնտեսական աճ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ