Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս իրավական վեճի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնելը բարոյական չի»․ գլխավոր դատախազի տեղակալ

Դեկտեմբեր 14,2021 15:34

«Երբ որեւէ մեկը տրամադրված է պնդում անելու, տրամադրված է ամեն ինչում տեսնել այն, ինչ ուզում է։ Դեպքեր ունենք, որ անձը ձերբակալվում է թմրամիջոց պահելու համար, բայց որպես պաշտպանության միջոց հայտարարում է, որ սա քաղաքական հետապնդում է, որովհետեւ ինքը հարում է ինչ-որ քաղաքական ուժի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ ՍԴ որոշմանը, որի հիման վրա պատգամավորները կալանքից ազատ արձակվեցին՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը։

«Ոչ, մեր դիրքորոշումը քաղաքական չէ։ Երբ դիրքորոշումը ձեռնտու է, արձանագրում են, որ դատարանը լավն է։ Իսկ երբ դատարանի դիրքորոշումը չի համապատասխանում իրենց դիրքորոշմանը, ասում են, թե որոշումը քաղաքական է»,-մեկնաբանելով գնահատականները, թե ՍԴ որոշման հետ կապված դատախազության հայտարարությունը քաղաքական է՝ համոզմունք հայտնեց Գեւորգ Բաղդասարյանը։

«Ինչ վերաբերում է պնդմանը, թե մեր դիրքորոշումները չհաստատվեցին, ապա ասեմ, որ այդպես չէ։ Արմեն Գեւորգյանի մասով մենք պնդել ենք, որ քրեական հետապնդում հարուցելու համար ԱԺ համաձայնությունը պետք չէ։ ՍԴ-ն մեր պնդումների հետ համաձայնել է եւ արձանագրել, որ քրեական հետապնդումը շարունակելու համար ԱԺ համաձայնություն պետք չէ։ Հետեւաբար, հայտարարությունները, թե ՍԴ-ն հերքեց դատախազության մոտեցումները, ճիշտ չէ։ Ինչո՞ւ ենք մենք գտնում, որ նույնը վերաբերում է նաեւ կալանավորմանը, որովհետեւ սահմանադրությունում քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու իրավիճակները լրիվ միատեսակ կարգավորմանն են ենթարկված։ Նշված է, որ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համար պետք է ԱԺ համաձայնություն։ Մենք պնդել ենք, որ դա վերաբերում է հարուցելուն եւ ազատությունից զրկելուն եւ չի վերաբերում հետապնդումը շարունակելուն եւ ազատությունից զրկելը շարունակելուն։ ՍԴ-ն հարցի մի մասով արձանագրել է, որ այդպես է, իսկ ազատությունից զրկելու մասով ասում է, որ այդպես չի, որ ազատությունից զրկելը շարունակելու մասով էլ պետք է լինի համաձայնություն։ Ստացվում է, որ, օրինակ, ճանապարհով աջ կամ ձախ գնալու համար պետք է ունենալ առավելագույնը 60 կմ ժամ արագություն, բայց մի օր դատարանը մեկնաբանում է, որ աջ գնալու համար պետք է 60, իսկ ձախ գնալու համար՝ ոչ»,-այսպես պարզաբանեց Գեւորգ Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ սահմանադրությունում նշյալ երկու իրավիճակները կարգավորված են լրիվ միատեսակ, մինչդեռ ՍԴ-ն իրավիճակներից մեկի վերաբերյալ համակարծիք չի եղել՝ պատճառաբանելով, որ դա կխոչընդոտի ԱԺ գործունեությանը․ «Այս իրավական վեճի մեջ քաղաքական որեւէ ենթատեքստ տեսնելը բարոյական չի․․․եթե քաղաքական էր, ՍԴ-ն ինչո՞ւ է մեր ասածի առնվազն հիսուն տոկոսի հետ համաձայնել»։

Ինչ վերաբերում է ՍԴ-ի հանդեպ ճնշումների մասին գնահատականներին, Գեւորգ Բաղդասարյանը նշեց՝ եթե կան նման տվյալներ, պետք է հանցագործության մասին հաղորդում տալ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031