Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդը ասուլիս էր կազմակերպել, որի ընթացքում Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացրեց քրեական գործի բնույթը։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 1-ին։
Միհրան Պողոսյանի կարծիքով՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ առնվազն քաղաքական իշխանությունը հետաքրքրություններ ունի, և քրեական գործը նրանց վերահսկողության տակ է գտնվում։ Նա նշեց, որ 2020 թվականի նոյեմբերին Աշոտ Մինասյանին կալանավորել չստացվեց. «Այդ օպերացիան իր տրամաբանական ավարտին հասցվեց 2021 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ընդ որում, այնպես չէ, որ դեկտեմբերի 1-ին Աշոտ Մինասյանին կալանավորելու նոր հիմքեր են ի հայտ եկել, Աշոտ Մինասյանի գործողությունները անօրինական են եղել, ինչի պատճառով քննիչը որոշել է, որ պետք է կալանավորել»։
Նա շեշտեց, որ Վերաքննիչ դատարանը իր համար անհասկանալի հիմնավորումներով որոշում է կայացրել. «Այսինքն՝ ինքը արձանագրել է, որ 2020 թվականին, եթե Աշոտ Մինասյանը մնար ազատության մեջ, այս գործողությունները կաներ, բայց փաստացի մնացել է ազատության մեջ և գործողություն չի կատարել։ Ընդ որում` դեկտեմբերի 1-ից Աշոտ Մինասյանը կալանավորված է Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հիման վրա, մինչև այսօր՝ դեկտեմբերի 14-ը, այդ որոշումը պաշտպանական կողմին որևէ մարմին չի տրամադրել, չկա այդ որոշումը։ Այսինքն՝ այնքան աբսուրդ են, ընդհանուր առմամբ, պատճառաբանությունները, չկա պատճառաբանություն, որ դատավորը կարողանա ներկայացնի»։
Կարդացեք նաև
Միհրան Պողոսյանը նկատեց նաև, որ գործի նախաքննությունը մեկ տարուց ավելի է տևել, սակայն Քրեական օրենսգրքի նորմերով ծանր և առանձնապես ծանր գործերով նախաքննությունը պետք է առավելագույնը մեկ տարում ավարտվի. «Հանգամանքների բերումով Աշոտ Մինասյանը մեկ տարի կալանավորված չէ, բայց այս պահի դրությամբ Աշոտ Մինասյանին կալանավորելու միակ պատճառը ապօրինի կերպով զենք պահելն է։ Եվ մեկ տարվա ընթացքում վարույթ իրականացնող մարմինը պետք է որևէ գործողություն կատարած լիներ։ Եվ մեկ տարվա ընթացքում, եթե հանցագործություն կա, պետք է բացահայտված լիներ, ավարտած լինեին այս գործի քննությունը, բայց նախաքննական մարմինը որևէ գործողություն չի կատարել։ Եվ հաշվի առնելով, որ մեկ տարի արդեն քննություն է իրականանում, Աշոտ Մինասյանը արդեն 14 օր է՝ առանց որոշման գտնվում է կալանավորված, մենք երեկ Աշոտ Մինասյանի՝ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, անձնական երաշխավորությամբ փոփոխելու միջնորդություն ենք ներկայացրել գլխավոր դատախազին»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ