Պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը ԱԺ-ում է: ՔՊ խմբակցության անդամների հետ ունեցած մոտ 2 ժամ տեւած հանդիպումից հետո նա լրագրողների հետ զրույցում հորդորեց կարդալ իր «Հայաստան-Թուրքիա. Պետականություն, քաղաքականություն, պատմություն» գիրքը՝ ասելով, որ այնտեղ են իր պատասխանները:
Հիշեցնենք, որ պաշտոնական Թուրքիան հայտարարել է, որ «Հայաստանի հետ փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու»: Հայկական կողմը եւս հայտարարություն է տարածել, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ նշանակել:
Aravot.am-ը պարոն Լիպարիտյանին հարցրեց՝ ձեզ ասում են՝ երբ որ դուք այստեղ Թրքահայաստան եք ուզում ստեղծել, պատրաս՞տ եք դուք ԱՄՆ-ից գալ ու այստեղ ապրել՝ նա պատասխանեց. «Այդ տեսակ հարցադրումները կգան այն մարդկանցից, որոնք, ըստ էության, իմ փաստարկների հետ չեն խոսում ու փաստարկները նկատի չունեն: Այդ տեսակ հայհոյանք, այդ տեսակ հռետորական հարցում կուգան այն մարդկանցից, որոնք պատրաստ չեն քննարկելու իմ ասածները: Իսկ ես…ես գալիս եմ Հայաստան»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ դուք լուծումներ եք առաջարկում այստեղ բնակվողներիս համար, բայց ինքներդ չեք գալիս, վտա՞նգ եք տեսնում՝ Թուրքիայից, Ադրբեջանից Հայաստանի համար Լիպարիտյանը պատասխանեց. «Ոչ: Նորմալ է, եթե մենք նորմալ վարվենք»:
Դիտարկմանը՝ մենք խոսում ենք խաղաղության դարաշրջանից, իրենք շարունակում են գերի վերցնել, սպանել՝ Լիպարիտյանը հորդորեց կրկին իր գիրքը կարդալ ու չծուլանալ: Լրագրողները պատասխանեցին՝ ձեր գրքում չկա՝ ինչո՞ւ են իրենք գերեվարում հրադադարից հետո Հայաստանի քաղաքացիներին, ինչու են սպանում Արցախի խաղաղ բնակիչներին, սրանք վտանգներ չե՞ն՝ նա պատասխանեց, որ իր հարցազրույցներում հիմնական մոտեցումները կան. «Դուք պատահական բաներ եք ասում, ես հիմնական վերլուծական հարցեր եմ դրել: Ձեր հարցին չեմ պատասխանելու, հարցի մեջ ենթադրումներ կան, որոնք սխալ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ