Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որ խոսում եք բարիդրացիությունից, ո՞ւմ հետ՝ մի պետության, որն ուզում է ոչնչացնի՞ քեզ, դրա հետ ի՞նչ բարիդրացիություն». Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 14,2021 13:46

Պաշտոնական Թուրքիան հայտարարել է, որ «Հայաստանի հետ փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու»: Հայկական կողմը եւս հայտարարություն է տարածել, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ նշանակել:

Այս առնչությամբ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրուցում ասաց. «Մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ այս մարդիկ արհամարհում են ազգի, ժողովրդի ցանկությունը՝ բերում են ազգին կործանման եզրին: Ակնհայտ է, չէ՞, որ Թուրքիան, Ադրբեջանը իրենց շահերը կամա թե ակամա սպասարկող իշխանությունից ցանկանում են պոկել ամեն ինչ: Այս վտանգավոր միտումը տանելու է ի վերջո մեր պետականության կործանման: Այդ մարդիկ կամ չեն գիտակցում, կամ հատուկ են անում այնպես, որ մենք հայտնվենք թուրք-ադրբեջանական ճիրաններում»:

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ տեղի ունեցան, որ Անկարայից նման հայտարարություն հնչեց՝ Արծվիկ Մինասյանը հորդորեց իշխանություններից ճշտել. «Ակնհայտ է, որ սա մեր ազգի նպատակներին չի ծառայելու:

Հարցին՝ դուք դե՞մ եք, որ Թուրքիայի հետ ի վերջո բարիդրացիական հարաբերություն հաստատվի՝ Մինասյանը զարմացավ՝ ի՞նչ բարիդրացիական հարաբերության մասին է խոսքը. «Եթե առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին է խոսքը, մենք բազմիցս ենք ասել, որ՝ այո: Բայց երբ որ խոսում եք բարիդրացիությունից, ո՞ւմ հետ՝ մի պետության, որն ուզում է ոչնչացնի՞ քեզ, դրա հետ ի՞նչ բարիդրացիություն: Դու պետք է քո միջազգային իրավունքի շրջանակներում քո իրավունքները պաշտպանես: Առանց մեր ազգային իրավունքները հարգելու, առանց դրանից բխող մեր ազգին պատուհասած արհավիրքները ճանաչելու՝ ի՞նչ բարիդրացիություն կա: Ո՞նց եք պատկերացնում՝ ձեր թշնամին, որը թեեւ ձեր հարեւանն է, պատրաստ է ամեն ժամ մորթի ձեզ, ոչնչացնի ձեզ, խլի ձեր տունը ձեր ձեռքից, իր հետ ի՞նչ բարիդրացիությունից եք խոսում: Եթե նման հարեւան ունենաք, իր հետ բարիդրացիությո՞ւն կշարունակեք»:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի 2015-ի ապրիլի 24-ի նամակն է հրապարակվել Էրդողանին ուղղված, որտեղ ասում է՝ «որպես երկու հարեւաններ՝ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնենք միասին ներդաշնակ ապրելու համար», գուցե հիմա այս իշխանություննե՞րն էլ են այդ ճանապարհը փնտրում՝ ներդաշնակ ապրելու՝ Արծվիկ Մինասյանն ի պատասխան հորդորեց ամբողջական գործընթացն ուսումնասիրել. «Մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը ՀՀ-ն հանդիսանում էր միջազգային իրավունքի դաշտում սուբյեկտ, դրանից հետո վերածվել ենք օբյեկտի: Եթե Թուրքիան պատրաստ էր առանց նախապայմանների որեւէ համաձայնության, այն ժամանակ, երբ մենք իբրեւ պետականություն ամուր էինք, ինչո՞ւ չէր գնում երկխոսության: Հիմա, օգտագործելով ՀՀ իշխանության դավադիր վարքագիծը, ստեղծել է մի իրավիճակ, երբ իրենք իրենց ցանկություններն են բավարարում: Դուք նորմա՞լ եք համարում հելնել գցվել մի պետության գիրկը, որը փորձում է ոչնչացնել քեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031