Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պետք է հասկացած լինի, որ բանակցային սեղանին ուժի դիրքերից որեւէ բան պարտադրել հնարավոր չէ. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 14,2021 11:36

Սուտն Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության վարած քաղաքականության հիմնական բնորոշիչներից է:

Օրերս էլ նման հերթական ստով կրկին հանդես եկավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Վերջինս կիրակի օրը հայտարարեց, թե ժամանակ առ ժամանակ սահմանին Հայաստանի կողմից «սադրանքներ» են իրականացվում, որոնց հետեւանքով մարդիկ են զոհվում: Ավելին՝ Ջեյհուն Բայրամովը հայկական կողմին մեղադրեց ագրեսիվ գործողությունների մեջ, բայց այս խոսքերի ստահոդությունը նույն հայտարարության մեջ մերկացրեց հենց ինքը՝ Բայրամովը՝ հաջորդ իսկ դատողության մեջ հայտարարելով, թե սահմանային լարվածությունից խուսափելու միակ միջոցը Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի սկիզբն է։

Ըստ Բաքվի պաշտոնական ներկայացուցչի՝ ստացվում է, որ Սոչիի հանդիպումից առաջ ոչ թե Ադրբեջանն է լայնածավալ հարձակում գործել հայկական դիրքերի վրա, գրավել դրանք եւ գերեվարել հայ զինծառայողների, այլ հայերն են հարձակում գործել: Ադրբեջանի նման մանկամիտ ստերն ո՞ւմ են ուղղված՝ անհասկանալի է:

Բայրամովի հայտարարության այդ մեկ արտահայտությունը մի քանի հատկանշական դրվագներ է պարունակում: Բացի այն, որ դրանով ակնհայտ կեղծիք է տարածվում, Բաքուն այդ հայտարարությամբ մեկ անգամ եւս փաստում է, որ զրկվել է սուվերենության վերջին նշույլից եւ նույնիսկ մի քանի նախադասությամբ արտաքին լսարանին ուղղված հաղորդագրությամբ կրկնօրինակում է «մեծ եղբորը»՝ Թուրքիային: Ինչպես Չավուշօղլուն նոյեմբերի 16-ի դեպքերի առիթով հայտարարեց, որ եթե Հայաստանը չի ցանկանում նոր տարածքներ կորցնել, ապա պետք է համաձայնի պարտադրվող պայմաններով սահմանազատման գործընթացին, այնպես էլ Բայրամովը կրկնում է նույն միտքը՝ ադրբեջանական դիվանագիտական մտքի ուժով մի փոքր սրբագրված տարբերակով ասելով, թե հայկական կողմի «սադրանքները շատ լուրջ հետեւանքներ կունենան»:

Գեղարքունիքի սահմանամերձ հատվածում հերթական բախման հետեւանքով ելման դիրքեր հետ շպրտվելուց հետո Ադրբեջանը պետք է հասկացած լինի, որ բանակցային սեղանին ուժի դիրքերից որեւէ բան պարտադրել հնարավոր չէ: Սահմանազատման գործընթացը կարող է մեկնարկել միայն այն դեպքում, երբ Արցախի կարգավիճակի հարցը չկապվի դրա հետ, մյուս կողմից էլ պետք է հրաժարվել Հայաստանի տարածքով միջանցք բացելու գաղափար առաջ քաշելուց: ՀՀ-ի այս դիրքորոշումների մասին բազմիցս հայտարարել են Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները: Եթե Ադրբեջանը սահմանագծման եւ սահմանազատման հարցում չգա կառուցողականության դաշտ, ապա Հայաստանն ամեն գնով կվերականգնի իր սուվերեն տարածքների ամբողջականությունը՝ սեփական սահմաններից դուրս շպրտելով անօրինական ձեւով այնտեղ ներխուժած ադրբեջանական զինված ուժերին:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031