Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ձեռքսեղմման սկզբունքով. «Mantashov» գործարար ակումբը Մոսկվայում է

Դեկտեմբեր 14,2021 11:14

Օրերս Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ «Mantashov» հայկական գործարար ակումբի մոսկովյան ճյուղի շնորհանդեսը, որին ներկա էին և Երևանից ժամանած, և մոսկվայաբնակ հայազգի գործարարներ, ովքեր բիզնեսմենին հատուկ գործնականությամբ ու պատրաստակամությամբ ընկալեցին՝ ակումբի գործունեությունը Ռուսաստանում խթանելու անհրաժեշտությունը:

Ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով, Հայաստանում ակումբի գլխավոր ներկայացուցչությունն արդեն ունի մոտ 120 անդամ և երաշխավորվում է, որ անդամների թիվը 200-ի կհասնի՝ արդեն եկող տարվա ընթացքում: Ակումբը երկու ամիս առաջ մասնաճյուղ է բացել նաև Լոս Անջելեսում, իսկ մոսկովյան շնորհանդեսից հետո նախատեսվում է մասնաճյուղի շնորհանդես Կրասնոդարի երկրամասում: Մինչ 2025 թվականը «Mantashov» գործարար ակումբների ցանցը ներկայացված է լինելու Բելառուսում, Ուկրաինայում, Գերմանիայում, Կանադայում և աշխարհի այլ հայաշատ համայնքներում:

Բիզնես ակումբի գաղափարի հիմքում բարեգործական նախագծեր իրականացնելը չէ, ինչպես սխալմամբ ընկալում են շատերը: Այո, ակումբը ընձեռնում է հնարավորություն և պայմաններ բարեգործության համար, ինչին ընթացք են տալիս այն գործարարները, ովքեր ակումբի անդամ են հանդիսանում և նման մտահղացում ու ցանկություն ունեն: Ակումբի գլխավոր նպատակը, ինչպես և ընդունված է ամբողջ աշխարհում, բարենպաստ միջավայր ստեղծելն է, որտեղ գործարարները՝ ձեռք բերվող կապերի և շփումների արդյունքում կզարգացնեն ու կընդլայնեն իրենց բիզնեսը:

Պարոն Միրաքյանի համոզմամբ, վեց ձեռքսեղմմամբ ցանկալի նպատակին հասնելու շղթայական հայտնի ռեակցիան, ակումբի անդամներ հանդիսացող մանթաշովցիների պարագայում գործելու է առավել արագ, այն է՝ ձևավորվելու է այնպիսի միջավայր, որտեղ մեկ անհրաժեշտ ձեռքսեղմումով հնարավոր կլինի մոտենալ ու հասնել ցանկալի նպատակակետին:

Ակումբի անդամ, ըստ համակարգողների, կարող են դառնալ միայն նրանք, ովքեր զբաղվում են թափանցիկ և մաքուր բիզնեսով, նախկին պաշտոնյա չեն, ովքեր բիզնես են մուտք գործել մութ ճանապարհներով և, նրանք, ովքեր իրականացնում են բավարար ֆինանսական շրջանառություն՝ տարվա կտրվածքով: Հայաստանյան ակումբի անդամների համար նման անցագիծ է սահմանվել տարեկան 300 հազար դոլարի շրջանառությունը, որը հասանելի է միջին բիզնեսի ներկայացուցիչներին, Լոս Անջելեսում անցագծի այդ նիշը ակումբի անդամ դարձող գործարարի համար տարեկան մեկ միլիոն դոլարն է, իսկ Ռուսաստանում՝ ամսեկան երեք միլիոն ռուբլի շրջանառող հայազգի գործարարները շանս ունեն ակումբի անդամակցության հայտ ներկայացնելու:

«Mantashov» գործարար ակումբի առաջնային սկզբունքներից մեկն էլ ազգությամբ հայ գործարարների համախմբումն է: Այլազգի գործարարները կարող են մուտք գործել այդ շրջանակ, սակայն, միայն այն պայմանով, եթե հետաքրքրված են հայկական բիզնես միջավայրով և պատրաստվում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Իսկ ամենալուրջ անելիքներից մեկն այն է, ըստ բանախոսների, որ մանթաշովցիները կոտրելու են տարածված կարծրատիպը, թե իբրև հայերը մեկ նպատակի շուրջ միավորվել, արդյունավետ համագործակցել և միմյանց աջակցել չգիտեն:

Ակումբի ուշադրության կենտրոնում լինելու են բիզնես ոլորտին առնչվող կրթական ծրագրերը, networking-ի ճկուն քաղաքականության իրականացումը և ՀՀ կառավարությանը կից համապատասխան գերատեսչությունների հետ աշխատանքը, որի փորձն արդեն կա՝ ակումբի երեքամյա գործունեության արդյունքում:

Ակումբը քաղաքական կառույց չէ, հավաստիացնում են հիմնադիրները և չի զբաղվում քաղաքական հարցերով: Պետական մարմինների հետ համագործակցության նպատակը՝ բիզնես միջավայրի առավել բարենպաստ դարձնելն է, ինչը հնարավոր է անել տարատեսակ օրենսդրական փոփոխություններ իրականացնելու միջոցով, իսկ նման առաջարկներ կարող են և պետք է անեն գործարարները, ովքեր լավատեղյակ են առկա խնդիրներին, քանզի գործնականում են առնչվում ոլորտի հետ:

Ակումբի հիմնադիրներն ու անդամները սերտորեն շփվում են նաև միջազգային կարգավիճակ ունեցող նմանատիպ ակումբների հետ, ինչը իրական հնարավորություն է՝ այլազգի գործարար խավի ուշադրությունը հայաստանյան ներդրումային դաշտին սևեռելու:

Ի դեպ, բիզնես ակումբների ստեղծման պատմության արմատները 18-րդ դարի Անգլիայում են: Հարուստ և ազդեցիկ անգլիացի ջենթլմենների համար, որոնք անընդհատ գտնվում էին մամուլի և հասարակության ճնշող ուշադրության կենտրոնում, ինչ-որ մի պահ ստեղծվում են հատուկ ակումբներ, որտեղ մուտք կարող էին ունենալ միայն սահմանափակ թվով և վստահելի ընտրյալներ: Գործարար աշխարհի խելահեղ ռիթմից, ընտանեկան հոգսերից և հասարակական ուշադրությունից անասելի հոգնած հարուստ տղամարդիկ հնարավորություն ունեին հավաքվել այդ ակումբներում՝ շփվելու, խաղալու և լիցքաթափվելու համար: Կանանց և հարուստ խավին չպատկանող անձանց մուտքը ակումբ արգելված էր: Իսկ Ռուսաստանում առաջին նման ակումբը բացվել է Եկատերինա Մեծի ժամանակ՝ անգլիացի վաճառականների կողմից:

Սակայն, եթե անցյալի ակումբների հիմնական նպատակը, իրենց անդամների համար ժամանցի ապահովվումն էր, ապա վերջին քսան տարվա ընթացքում ակումբային այդ շարժումը ձեռք է բերել այլ՝ գործնական ուղղվածություն: Կարծիք կա, որ բիզնեսմենները, չնայած իրենց ակտիվ և բազմապրոֆիլ շփումներ ենթադրող գործունեությանը, ամենահաճախն են ապրում խորը միայնության և չհասկացվածության զգացում: Նրանք բիզնեսին առնչվող խնդիրներին լուծումներ գտնելու, նոր ուղիներ փնտրելու լարված գործընթացում են և, բնականաբար, նման կարգավիճակում գտնվող գործարար համար լավագույն զրուցակից կարող է հանդիսանալ մեկ այլ համախոհ-գործընկեր: Եվ դա է պատճառը, որ բիզնես ակումբների արդյունավետությունը՝ համապատասխան գործընկերներ և գործարար կապեր ձեռք բերելու հարցում, մեծ բիզնեսի աշխարհում արդեն կասկած չի հարուցում: Այսօր աշխարհում կան և շարունակում են ստեղծվել գործարար ակումբներ, որոնց անդամակցում են խոշոր կորպորացիաների և բիզնեսների հիմնադիրներն ու թոփ-մենեջերները, ովքեր վստահեցնում են, որ ակումբային միջավայրը նպաստում է իրենց գործունեության հորիզոնները ընդլայնելու հարցում:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031