Չնայած թշնամու կողմից այսօր էլ շարունակվում են հրադադարի խախտման դեպքերը եւ սահմանին, ինչպես եւ խաղաղ բնակչության շրջանում ունենում ենք զոհեր ու վիրավորներ, ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում յուրահատուկ զսպաշապիկ է հակառակորդի սադրիչ գործողությունները կանխելու եւ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Անկախ այն բանից, թե Ադրբեջանի նախագահն ընդունում է Արցախի հիմնախնդրի առկայությունը, թե՛ ոչ, միջազգային կառույցները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը, բազմիցս են նշել, որ «հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ, եւ այն տեւական, համապարփակ լուծում է պահանջում»:
Իսկ բազում զրկանքներ ու դժվարություններ ապրած Արցախի ժողովուրդը չի վհատվում՝ ամուր կառչելով զավակների արյամբ սրբացած մայր հողին, կառուցում է, արարում, բուժում վերքերը, ապավինում իր ոգու եւ բազկի ուժին: Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության եւ մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Արցախի ժողովրդին ուղղված խոսքում կարեւորելով խորհրդանշական իրադարձությունների նշանակությունը պետական ինստիտուտների կայացման գործում՝ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը մասնավորապես ընդգծել է, որ, հակառակ անկախության ճանապարհին ունեցած տարածքային եւ մարդկային կորուստների, Արցախի Հանրապետությունը շարունակում է կանգուն մնալ, մարդկանց կամքն ու տոկունությունն անսասան են: Նրա համոզմամբ՝ անժխտելի է այն իրողությունը, որ ծանր պատերազմից հետո այսօր Արցախում 120 հազար հայ է ապրում, պահպանվում է նրանց անվտանգությունը, լիարժեք ապահովվում է պետական ինստիտուտների գործունեությունը, վերականգնվում են ենթակառուցվածքները, եւ տնտեսության զարգացման համար ստեղծվում են նախադրյալներ:
Կայունության հաստատման համատեքստում արժեւորելով անվտանգության բաղադրիչի դերը՝ նախագահը նշում է. «Չնայած Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ իրականացվող նպատակային սադրիչ գործողություններին, ռուսական խաղաղապահ զորակազմի եւ պաշտպանության բանակի ջանքերի շնորհիվ երկրում պահպանվում է հարաբերական կայունությունը, ինչը հնարավորություն է տալիս ապագայի տեսլական ունենալ: Իսկ դա վկայում է այն մասին, որ Արցախի իշխանություններն ու ժողովուրդը անվտանգային խնդիրների հարցում՝ նույն տեսակետն ունեն եւ կարծում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը պիտի երաշխավորված ու անժամկետ լինի, իսկ ժողովրդի կարիքն ու կարծիքը պիտի լինեն առանցքային գործոններ, քանի որ հենց արցախցիներն են համարվում խաղաղապահ առաքելության գլխավոր շահառուները»:
Երկրի առանցքային խնդիրների շարքում առաջնահերթ է մնում «սեփական ուժերը վերականգնելու հրամայականը»: Եվ Արցախի իշխանությունները պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին կարեւորում են պաշտպանության բանակի կարողությունների հետեւողական զարգացումը՝ «հաշվի առնելով առկա մարտահրավերները եւ իրավիճակի առանձնահատկությունները»: Ու նախագահը վստահեցնում է, թե տարեցտարի բարելավվելու է երկրի անվտանգային մեխանիզմների արդյունավետությունը: Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության հարցում Ստեփանակերտի առաջնահերթությունները չեն փոխվել, ու ԱՀ իշխանությունները շարունակելու են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման եւ բռնազավթված տարածքների վերադարձի համար պայքարը… «Մենք կողմ ենք հակամարտության կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր նպատակն է, որն ուղի կբացի մեր երազանքների իրագործման համար,- համոզված է Ա. Հարությունյանը:- Իսկ որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է ամեն կերպ պահպանել եւ ամրապնդել հայկական ներկայությունը, կյանքի կոչել բնակարանաշինության, սոցիալական ոլորտի եւ ժողովրդագրության ծրագրերը: Արցախում յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա իր սեփական բնակարանը»:
Կարդացեք նաև
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: