Ermenihaber. Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ ելույթ ունենալիս արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար ներկայացուցիչներ են նշանակելու։
Այս թեմայով Չավուշօղլուն մասնավորապես ասել է․ «Կովկասում եղբայր Ադրբեջանի հետ միասին տարածաշրջանային խաղաղության և բարօրության կերտման համար ինտենսիվ դիվանագիտություն ենք վարում։ Ձեզ 2 լուր եմ ուզում հայտնել։
Շուտով (Ադրբեջանի հետ էլ ենք խորհրդակցել-խմբ.) Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի համար փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակելու։ Ամեն քայլին Ադրբեջանի հետ միասին ենք գործելու»։
Չավուշօղլուն նաև հայտնել է, որ առաջիկայում Թուրքիան Հայաստանի հետ սկսելու Երևան-Ստամբուլ չարթերային թռիչքներ իրականացնել։