Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Ֆարմանյան. «Անհեթեթ, անարդյունավետ կառավարման դրսևորումներ կան: Անորոշություն, նաև անվտանգային ճգնաժամի պայմաններում տնտեսական ակտիվության մասին խոսելն անիմաստ է». «Փաստ»

Դեկտեմբեր 14,2021 09:00

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսությունում առկա միտումներին, շարունակական բնույթ կրող գնաճին ու անվտանգային խնդիրներից բխող հնարավոր հետևանքներին:

Անդրադառնալով ամփոփվող 2021 թվականին՝ տնտեսական տեմպերի տեսանկյունից՝ նա մի քանի հանգամանքի մասին մատնանշեց: Շեշտելով ՊԵԿ նախագահի՝ եկամուտների հավաքագրման աննախադեպ աճի վերաբերյալ հայտարարությունն ու 2019-ի հետ համեմատությունները՝ Հ. Ֆարմանյանը հավելեց. «Շատ խաբուսիկ իրավիճակի հետ գործ ունենք: Ինդիկատորներից մեկը բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակն է: Առաջին հայացքից, թվերին նայելով, կարող ենք ասել, որ ամեն ինչ նորմալ է, բայց որևէ մեկը չի վերլուծում տնտեսության որակական կողմը: Այսինքն, ինչի՞ հաշվին է աճը: Հիմա միջազգային շուկայում պղնձի գներն ավելացել են, տրանսֆերտներն աճել են, որոնց հաշվին եկամուտների հավաքագրման աննախադեպ աճ կա: Մինչդեռ որակական աճ չենք կարող արձանագրել, որովհետև գոյություն ունեն արդյունաբերական ոլորտներ, որոնց զարգացման դեպքում միայն կարող ենք ասել, որ որակական աճ ունենք: Խաբուսիկ ասելով՝ հենց այս իմաստը նկատի ունեմ. այսինքն, բացարձակ թվերով աճ կա, բայց խորը վերլուծության արդյունքում հասկանում ենք, որ այլ է իրավիճակը: Այս իմաստով պարզ հարց՝ ո՞ր ոլորտում ունենք ներդրումներ, ներդրումային շահագրգռող ի՞նչ քաղաքականություն է իրականացվում:

Ներդրողն ինչի՞ համար պետք է շահագրգիռ լինի ՀՀ-ում ներդրում իրականացնելու համար: Որևէ բան չի կատարվել այս ուղղությամբ: Բնականաբար, երբ չկան արձանագրված ներդրումների փաստեր, այս պարագայում տնտեսական ակտիվությունից, տնտեսական աճից խոսելուն հումորով եմ վերաբերվում: Բացարձակ թվերով աճ գուցե կա, բայց որակական աճի առկայությունը կերևա որոշ ժամանակ հետո: Հիմա գնահատելը վաղ է, որովհետև կան արհեստական երևույթներ, որոնք դրական իմաստով ազդում են եկամուտների աճի վրա»:

Հայկ Ֆարմանյանը նշեց, որ, բացի նշվածներից, ամենախոսունը այն իրավիճակն է, որում այսօր գտնվում է մեր երկիրը. «Իրականում խոր վերլուծելու կարիք չկա: Այս իրավիճակում, երբ անորոշություն, անվտանգային ճգնաժամ, պատերազմական վիճակ, չհաղթահարված խնդիրներ կան, տնտեսական ակտիվության մասին խոսելն անիմաստ է: Ո՞ր միջավայրում բիզնես գործունեություն կծավալի մարդը: Բնականաբար, որտեղից շահույթ է ակնկալում: Իսկ այս վիճակում միայն թվերի լեզվով խոսելը ճիշտ չէ. երբ հիմքը վերլուծում ենք, հասկանում ենք, որ աճի գործոնները որակական չեն»:

Այս համատեքստում նա շեշտեց Հայաստանի միջազգային հեղինակության խնդրի մասին. «Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրված մաքսակետերի վերաբերյալ մասնագետների մի ստվար զանգված խոսում է Իրանից ներմուծվող ապրանքների հնարավոր թանկացման մասին: Սա պրիմիտիվ մոտեցում է, որովհետև Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ընդամենը 5 տոկոս է կազմում: Եթե 5 տոկոսից զրկվենք, ուղիղ իմաստով դրանից չենք տուժում: Մինչդեռ տուժում ենք մեր համբավի կորստի տեսանկյունից՝ Հայաստանը կորցնում է իր միջազգային հեղինակությունը: Եթե Իրանի համար մինչև պատերազմը Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհն ինչ-որ առումով թուրքական աշխարհից կտրվելու այլընտրանքային ճանապարհ էր հանդիսանում, այսօր այն չկա, Իրանի համար հետաքրքրություն չենք ներկայացնում: Իսկ քաղաքական ղեկավարությունը, փոխանակ պայքարեր, բանակցեր, ասեր՝ մեր հողերն են, դրանք բարձր մակարդակով ադրբեջանական համարեց:

Ադրբեջանն էլ տեղակայեց համապատասխան մաքսակետ, ու մենք զրկվեցինք մեր ռազմավարական նշանակության ճանապարհից: Ինչքան էլ եկամուտ չունենայինք, Իրանից ՀՀ տարածքով դեպի Վրաստան արտահանումը մեզ բավականին լուրջ կշիռ էր հաղորդում, բայց հիմա դրանից էլ ենք զրկվել: Հետո էլ հայտարարում են, թե հայելային եղանակով մեր մաքսակետերն են տեղադրել այդ ճանապարհին, որը ոչ մի նշանակություն չունի, որևէ մեկը չի անցնելու այդ տարածքով: Այսինքն, դա ավելորդ ռեսուրսների վատնում է: Մեծ հաշվով՝ անհեթեթ, անարդյունավետ կառավարման դրսևորումներ կան: Անվստահության մթնոլորտն անվտանգային ճգնաժամի ամենավառ դրսևորումներից մեկն է: Այս պայմաններում ո՞վ պետք է վստահի ու ներդրում իրականացնի: Այս պայմաններում տնտեսական առաջընթացի մասին խոսելն ավելորդ է, որովհետև ամեն ինչ ավելի քան ակնհայտ է մեզ մոտ»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031