Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «այլախոհը» բոլշեւիկյան միջավայրից

Դեկտեմբեր 14,2021 10:00

Այն բանից հետո, երբ քաղաքապետարանը նախորդ օրը հայտարարեց ավտոբուսների հերթական խմբաքանակի՝ 63 նոր մեքենայի շահագործման մասին, իշխանությունը, հավանաբար, լրջորեն մտահոգվեց, որ Հայկ Մարությանի վարկանիշը կարող է «անընդունելի չափերով» բարձրանալ, եւ իր խիստ դժգոհությունը հայտնեց քաղաքապետից: «Պարզվում է», որ ՔՊ-ի միջոցով իր պաշտոնը զբաղեցրած Մարությանը մի տարի առաջ է շեղվել «միակ ճիշտ ուղուց», կասկածելի կապեր ունի Արթուր Ալեքսանյանի եւ Սեյրան Օհանյանի հետ, եւ ընդհանրապես՝ շուտով ՔՊ-ն (այսինքն՝ Փաշինյանը) կորոշի, թե ինչպես վարվել այդ անշնորհակալ պաշտոնյայի հետ: Հետաքրքիր «զուգադիպությամբ» հաջորդ իսկ օրն ավտոբուսների վարորդները գործադուլ արեցին՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը:

Քաղաքական առումով ինձ համար Մարությանը նույնպիսի բոցավառ «բոլշեւիկ» է, որպիսիք են Փաշինյանի շրջապատի մեծ մասի ներկայացուցիչները: Նրան է, մասնավորապես, պատկանում հասարակությանը «սեւերի եւ սպիտակների» բաժանելու «հեղինակային իրավունքը»: Նրա կերպարն ինձ մի քիչ հիշեցնում է 1930-ականների սկզբի Լենինգրադի ղեկավար Սերգեյ Կիրովին, որը մյուս ստալինյան ղեկավարներից ոչնչով չէր առանձնանում (օրինակ, «տրոյկայի» անդամ էր): Բայց իր անձնական շարմի եւ հռետորական արվեստի շնորհիվ նա Լենինգրադի բնակիչների շրջանում որոշակի ժողովրդականություն էր վայելում, ինչն, իհարկե, առաջացնում էր Ստալինի խանդը: Ի վերջո, Կիրովին սպանեցին, եւ այդ սպանությունն առիթ դարձավ զանգվածային բռնաճնշումների:

Բարեբախտաբար, մենք ապրում ենք ավելի հումանիստական դարաշրջանում, եւ արդի հայաստանյան բոլշեւիկների զենքը կոմպրոմատն է: Սպասելի է, որ շուտով տեղեկություններ կհայտնվեն, որ քաղաքը սարսափելի վատ վիճակում է (իրականում դա այդպես չէ. քաղաքապետարանի աշխատանքը կարելի է գնահատել «3-»-ի): Բացառված չէ նաեւ, որ Սիլվա Համբարձումյանը հայտարարի, որ Մարությանին կաշառք է տվել:

Բայց քաղաքականությունը՝ մի կողմ: Որպես մարդ, որն օգտվում է Երեւանի քաղաքային տրանսպորտից, ինձ համար, ճիշտ ասած միեւնույն է, Մարությանը ՔՊ-ից է, Դաշնակցությունից է, թե վերակազմյալ հնչակներից: Ինձ պետք է, որ ես տրանսպորտում կանգնեմ ողջ բոյով եւ ոչ թե «շախմատի ձիու» տեսքով: Ինձ պետք է, որ կանգնելիս՝ շնչելու տեղ ունենամ, իսկ իջնելիս՝ ստիպված չլինեմ «վարորդի ուղղությամբ ճանապարհ հարթել»՝ ուղեվարձը վճարելու համար, այլ ինչ-որ մի տեղից գնեմ մեկ միասնական «մշտական»՝ տրանսպորտի բոլոր ձեւերի (նաեւ մետրոյի) համար ու այլեւս ուղեվարձի մասին չմտածեմ: Ես երազում եմ, որ քառորդ դար ընդմիջումից հետո Երեւանը կարողանա, վերջապես, շահագործման հանձնել մետրոյի նոր կայարանը Աջափնյակում:

Եթե այդ ամենը տեղի ունենա, ինչպես նաեւ լուծվեն երեւանցիներին հուզող այլ, կարեւորագույն հարցերը, ես կհասկանամ մայրաքաղաքի այն բնակիչներին, ովքեր քաղաքային իշխանության ղեկավարի ընտրություններին կքվեարկեն Հայկ Մարությանի օգտին՝ անկախ նրանից, թե որ կուսակցության ցուցակով նա կառաջադրվի: Արդեն առիթ եմ ունեցել ասելու՝ համայնքային եւ համապետական ընտրություններում տրամաբանությունը տարբեր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    Մոտ ժամանակներս արևը կսկսի պտտվել երկրի շուրջը:

  2. Լավատես says:

    Քանի որ հայության մեծամասնությունը բախտի քմահաճույքով, իսկ ավելի ճիշտ’ մեր պատմական հիմարության պատճառով, հայտնվել է իր բնօրրանից դուրս, պետք է մեր հիմարության արդյունքի սխալն ուղղել եւ որպես տարբերակ առաջարկում եմ. աշխարհի բոլոր երեւանցիները պետք է Երեւանի ինքնակառավարման համայնքի նկատմամբ շեֆություն վերցնեն, իրենք’ հենց աշխարհի երեւանցիները, պետք է գրանցվեն Երեւանի ինքնակառավարման համայնքում որպես համայնքի լիիրավ համայնքատեր եւ համայնքավար: Սա պետական կառույց չէ, բայց ուղղակիորեն պետական ծառայությունների միակ եւ լիիրավ պատվիրատուն է: Երեւանի օրինակին պետք է դիմեն բոլոր համայնքները: Այն համայնքները, որոնք կորցրել են իրենց բնօրրան հողերը, պետք է վտրանդի համայնք ձեւավորեն եւ պետք է պետական քաղաքական պատվեր ներկայացնեն հայ պետությանը իրենց բնօրրանի ազատագրման օրակարգով: Իսկական ժողովրդավարությունը սկսվում է համայնքավարությունից: Նստակյաց ազգերը ոչ թե կուսակցությունների պետք է բաժանվեն, այլ համայնքների եւ ինչքան շատ համայնքներ, այնքան շատ բազմազանություն եւ ինքնություն: Համայնքներ աշխարհի բոլոր հայերի’ միացե՛ք: Ուժեղ իքնքնակազմակերպված համայնքնե՛ր’ ուժեղ պետությո՛ւն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031