Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ո՞րն է մակբայի դերը հայոց լեզվում»… «Արեք նախարարի անունը քիչ հոլովվեք». ԲԴԽ-ում Նախշքարյանի գործով նիստի ուշագրավ դրվագները

Դեկտեմբեր 13,2021 21:28

Ինչպես տեղեկացրել ենք, Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) օրերս որոշեց մերժել արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Սակայն մեկ այլ գործով ԲԴԽ-ն բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը: Այսօր էլ ԲԴԽ-ն քննում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գործի հետ կապված Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  գործը: Եթե Նախշքարյանին եւ մեկ նկատողություն լինի, նա կզրկվի դատավորի լիազորություններից:

Նիստի ժամանակ Նախշքարյանը հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ դուք համարում եք, թե դատարանը դուրս է եկել հայցի հիմքի շրջանակներից: Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերի 29-ին, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտն արգելել էր մի շարք լրատվամիջոցների մասնակցությունն իր կազմակերպած միջոցառմանը, իսկ երբ լրագրող Թագուհի Ասլանյանը փորձել էր ներս մտնել՝ Սաֆարյանն ասել էր՝ «Ես կարո՞ղ եմ գալ նույնքան լկտի, ինչպես Դուք եւ ներխուժել Ձեր բնակարան»: Նիստին տեւական ժամանակ «խաղարկվեց» այդ «լկտի» բառը՝ հարցուպատասխանի տեսքով:

Զարուհի Նախշքարյան

Նախ Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ դիմող կողմը, թեեւ հայերեն է խոսում, բայց իրենք ոչինչ չեն հասկանում ասածներից. «Կարո՞ղ եք ի մի բերել ձեր դիրքորոշումը ընկալելի հայերենով, որպեսզի չհայցենք թարգմանչի ծառայություններ: Ի՞նչ եք վերագրում տիկին Նախշքարյանին՝ օրե՞նքն է սխալ մեկնաբանել ու ի՞նչ հետեւանք է ունեցել դա»:

Բանը հասավ հայոց լեզվի իմացության ստուգման: Սիրանուշ Սահակյանը դիմող կողմին հարցրեց. «Ի՞նչ քերականական իմաստ ունի լկտի բառը ձեզ համար, որովհետեւ կարող է լինել «լկտի պահվածք», «լկտի մարդ» եւ լկտի ներխուժել» արտահայտություններ, որոնք տարաբնույթ իմաստներ ունեն»: Պատասխանեցին, որ բառի ստուգաբանական եւ բառակազմական վերլուծության հարցը չի, ամեն դեպքում չի պարզաբանվել, որ «լկտի» բառն օգտագործվել է ոչ թե որպես ածական, այլ՝ որպես մակբայ, որը գործողության հատկանիշ է: Սահակյանը եզրակացրեց. «Այսինքն, դուք ընդունեցիք, որ գործ ունենք բայի եւ մակբայի հետ: Ո՞րն է մակբայի դերը հայոց լեզվում»: Դիմող կողմը պատասխանեց, որ այդ հարցին անդրադարձել են միջնակարգ դպրոցում ու այս վարույթի շրջանակներում դրա բացահայտման անհրաժեշտությունը չեն տեսնում՝ ի՞նչ կապ ունի դա քննության հետ: Նախշքարյանի ներկայացուցչի հիմնավորմամբ՝ դա շատ կարեւոր է. «Մակբայի դերը որակական հատկանիշներ տալն է բային, ինչպե՞ս կարելի է դա մեկնաբանել՝ առանց անդրադառնալու հիմնական բային: Շատ կարեւոր լեզվաբանական խնդիր եք առաջ քաշում»:

Նախշքարյանը հայտարարեց. «Թե՛ Վերաքննիչ ատյանը, թե՛ հարգարժան պարոն Անդրեասյանը քաղհան են արել դատարանի՝ իրականում հնչեցրած արտահայտությունը ու այն ներկայացրել ոչ ամբողջական: Չե՞ք գտնում, որ դատարանը 02.07.2020-ի նիստում ապացուցողական դերը բաշխելիս մինչ դատական ակտը բացատրել է կողմերի համար: Իսկ այն, թե ինչպես պետք է դատարանն ընկալեր հայցը, դա նախարարի գործը չի արդեն, դատավորի գործն է… Խնդրում եմ պարզաբանել՝ եթե կողմերը՝ հայցվորն ու պատասխանողը օժտված են ապացուցման պարտականությունը բաշխելու որոշումը վերանայելու խնդրանքով, բայց օրինակ հայցվորը չի ասել՝ հարգելի դատարան, այ այս արտահայտությունը նշել ես, մենք ընդհանրապես սրանցից վիրավորված չենք, մենք վիրավորված ենք միայն լկտի բառից»: Դիմող կողմը պատասխանեց, որ չգիտի, թե ինչու հայցվորը չի իրացրել իր իրավունքը: Նախշքարյանը եզրակացրեց. «Այսինքն, գտնում եք, որ նախարարն ավելի լա՞վ է իմանում, թե հայցվորն ինչ է ուզում: Վերաքննիչի որոշումը մենք չենք ընկալում՝ որպես կարգապահական վարույթի հիմք: Ստացվում է՝ դժգոհ է նախարարը»:

ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիտողություն արեց Նախշքարյանին. «Արեք նախարարի անունը քիչ հոլովվեք»: Նախշքարյանն էլ զարմացավ. «Բայց վիրավորական չի նախարար բառը, սա իր դիմումն է, կարող եմ պարոն Անդրեասյան ասել»: Ջհանգիրյանը դա էլ թույլ չտվեց:

Ի դեպ, նիստին ներկա էր նաեւ Ստյոպա Սաֆարյանը: Նախշքարյանը բողոքեց, որ վերջինս իր հետեւում է նստած ու իրեն խանգարում է: Ստյոպա Սաֆարյանը ստիպված եղավ տեղը փոխել:

Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 20-ին, ժամը 15-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031