Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավալի է, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի արտգործնախարարները մոտ 2 շաբաթ առաջ չկարողացան հանդիպել ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում. Դեսպան Ջոն Գալագեր

Դեկտեմբեր 13,2021 19:05

Aravot.am-ը զրուցել է ՀՀ-ում  Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ:

Պարոն դեսպան, Միացյալ Թագավորությունը 2021թ. նոյեմբերին Գլազգոյում անցկացրեց ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության համաժողովը: Փորձագետների գնահատմամբ, այն Միացյալ Թագավորության՝ երբեւէ հյուրընկալած ամենամեծ միջազգային համաժողովն էր: Ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին: Կլիմայի փոփոխության դեմ պայքարում արդյոք կլինի՞ բեկումնային: Հատկապես՝ զարգացող երկրները, որոնք ունեն ֆինանսական ոչ բավարար միջոցներ, ինչպե՞ս են մարտահրավերը հաղթահարելու՝ հրաժարվելու ածուխից ու անցում կատարելու կանաչ տնտեսության:

-Ինչպես նշեցիք, Կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP26-ի իրականացումը հսկայական նախաձեռնություն էր Միացյալ Թագավորության կողմից։ Այն համախմբեց տասնյակ հազարավոր մասնակիցների գրեթե 200 երկրներից։ Անչափ ուրախ եմ, որ կողմերը կարողացան հասնել ուղենշային համաձայնության՝ Գլազգոյի կլիմայական համաձայնագրին, որում արձանագրված է երկրի գլոբալ տաքացումը մինչեւ 1,5oC պահպանելու նպատակը։ Այսուհանդերձ, դրան հասնելու համար հարկ կլինի, որ բոլոր երկրները շարունակեն գործադրել համաձայնեցված եւ անհապաղ ջանքեր։

Գլազգոյի կլիմայական համաձայնագիրը կարագացնի կլիմայի փոփոխության դիմագրավմանն ուղղված գործողությունների տեմպը: Համաշխարհային համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի ավելի քան 90 տոկոսն այժմ նպատակադրվել է հասնել արտանետումների զրոյական մակարդակի: Առաջին անգամ գլոբալ դիրքորոշում է որդեգրվել ածխի էներգիայի օգտագործումն աստիճանաբար դադարեցնելու վերաբերյալ: Բոլոր երկրները համաձայնել են 2022 թվականին վերանայել եւ ամրապնդել մինչեւ 2030 թվականը արտանետումների նվազեցման նպատակով իրենց որդեգրած թիրախները, որոնք հայտնի են «Ազգային մակարդակով սահմանված գործողություններ» անվանմամբ: Այս տարվա համաժողովի ընթացքում 153 երկրներ արդեն ներկայացրել են իրենց նոր թիրախները։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանն այդ երկրների շարքում է, եւ Հայաստանի կառավարությունը պարտավորվել է կրճատել արտանետումները 40%-ով նվազեցնելու թիրախին հասնելու ժամկետը՝ նոր ժամկետ սահմանելով 2030 թվականը։

Կլիմայի փոփոխության դիմագրավմանն ուղղված գործունեությունը չի ենթադրում ընտրություն շրջակա միջավայրը բարելավելու եւ մեր տնտեսությունները զարգացնելու միջեւ։ Աշխարհի ավելի քան երկու երրորդում արեւի եւ քամու էներգիան արդեն ավելի մատչելի է, քան ածխից ստացվող էներգիան։ Կանխատեսվում է, որ մինչեւ 2030 թվականն այն ածխից եւ գազից ավելի էժան կլինի գրեթե ամենուրեք։ Էկոլոգիապես մաքուր զարգացումը մեծ հնարավորություններ է ընձեռում 21-րդ դարի տնտեսական զարգացման համար։ Այն աշխատատեղերի ստեղծման հնարավորություններ կապահովի ապագայի արդյունաբերության մեջ՝ միաժամանակ արձագանքելով հանրային առողջության, կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի հրատապ մարտահրավերներին: Այն երկրները, որոնք ավելի լավ կհաջողեն հարմարվել եւ օգտագործել այդ հնարավորությունները, ամուր դիրք կունենան զարգացման եւ բարեկեցության ապահովման համար, քանի որ համաշխարհային տնտեսությունը գնալով հեռանում է հանածո վառելիքից:

-Բրիտանական դեսպանատունը Հայաստանում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում մի շարք ոլորտներում իրականացվող ծրագրերի, ներառյալ՝ ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների, մարդու իրավունքների եւ կրթության ոլորտները։ Ինչպե՞ս եք գնահատում այդ ծրագրերի արդյունավետությունը: 2022-ին Միացյալ Թագավորությունն աջակցության ինչպիսի՞ ծրագրեր կունենա Հայաստանում:

-Տարիներ շարունակ Միացյալ Թագավորությունը ֆինանսավորել է մի շարք ծրագրեր՝ Հայաստանի կառավարման եւ տնտեսական բարեփոխումներին աջակցելու, կայունությունը բարելավելու եւ տնտեսական հնարավորությունները բոլորի համար մեծացնելու նպատակով: Ուրախ ենք, որ կարողացել ենք կիսել Միացյալ Թագավորության փորձը եւ գիտելիքները` աջակցելու Հայաստանի կառավարության՝ բարեփոխումների ջանքերին եւ օգնելու նպաստել կառավարման եւ ժողովրդավարացման ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացին:

Ընդամենը մի քանի օրինակ բերեմ։ Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ վերջերս իրականացված եւ ընթացիկ ծրագրերը ներառում են աջակցություն Հայաստանի կառավարությանը՝ ավելի թափանցիկ եւ ներառական տնտեսական միջավայրի ստեղծման նպատակով։ Դա իրականացվում է հարկային վարչարարության եւ հարկատուներին մատուցվող ծառայությունների բարելավման, մաքսային վարչարարության բարեփոխումներին աջակցելու եւ էլեկտրոնային գործիքների կիրառմամբ հայ արտահանողների համար միջազգային շուկաների հասանելիությունը մեծացնելու միջոցով։

Մենք նաեւ ֆինանսավորել ենք ծրագրեր՝ բարձրացնելու կանանց մասնակցությունն ու ներկայացվածությունը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում, աջակցել ենք Ազգային ժողովի ինստիտուցիոնալ արդյունավետության ամրապնդմանը՝ Փորձագիտական կենտրոն հիմնելու միջոցով:

 

Ներկայում մեր ամենամեծ ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով, ուղղված է Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանամերձ համայնքներում կայունության եւ ճկունության ամրապնդմանը: Այն ներառում է միջին մասնագիտական ուսուցում, օժանդակություն համայնքապետարաններին աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման եւ իրականացման գործում, ինչպես նաեւ մասնագետների համար աջակցության գծի հիմնում՝ խոցելի ընտանիքներին հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Մեկ այլ ծրագրի շրջանակում համագործակցելով Բրիտանական խորհրդի հետ՝ մենք նաեւ ֆինանսավորել ենք ուսումնական կենտրոնների հիմնումն ու գործունեությունը Հայաստանի մարզկենտրոններում՝ նպատակ ունենալով աջակցել անգլերեն լեզվի ուսուցման բարելավմանը:

Այսպիսով, կարծում եմ, որ Միացյալ Թագավորությունն արժեքավոր ներդրում է կատարում Հայաստանի տնտեսական եւ ժողովրդավարական զարգացման գործում։ Ակնկալում եմ, որ 2022 թվականին եւս մեր ծրագրերը կունենան նմանատիպ ուղղվածություն: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել կառավարության, խորհրդարանի եւ բիզնես հատվածի հետ՝ բացահայտելու այն ոլորտները, որոնցում Միացյալ Թագավորության փորձը կարող է դրական փոփոխություններ մտցնել:

Դեկտեմբերի 6-ին հանդիպել էիք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որի մասին շատ կարճ հաղորդագրություն հրապարակվեց: Սակայն, ի պատասխան նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ձեզ հետ հանդիպման մասին թվիթերյան գրառման, արձագանքել էիք, որ Ձեզ դուր եկավ մտորումների տեղիք տվող զրույցը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Կարո՞ղ եք փակագծեր բացել, մասնավորապես՝ անվտանգային խնդիրների վերաբերյալ ի՞նչ եք քննարկել:

-Նախագահ Սարգսյանը եւ ես վերջերս տեղի ունեցած մեր հանդիպման ընթացքում խոսեցինք մի շարք թեմաների շուրջ, ներառյալ՝ տարածաշրջանում եւ Հայաստանում քաղաքական միջավայրը, նրա այցը Միացյալ Թագավորություն՝ COP26 կլիմայի փոփոխության համաժողովին մասնակցելու համար եւ հետագա միջազգային ներգրավվածության առաջիկա ծրագրերը։ Ինչպես եւ ակնկալվում է պետության ղեկավարից, նախագահը հետաքրքրված է Հայաստանին առնչվող բազմաթիվ հարցերով, այդ թվում՝ դիվանագիտական, գիտական եւ տնտեսական ոլորտներում։ Այդ պատճառով իմ զրույցները նրա հետ միշտ եղել են բազմակողմանի եւ խորհելու առիթ են տվել։

-ՀՀ իշխանությունները խոսում են Ադրբեջանի, Թուրքիայի հետ խաղաղ դարաշրջան բացելու մասին, մինչդեռ, պատերազմից մեկ տարի անց ունենք Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներ,  ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, եւ Ադրբեջանի նախագահը շարունակում է հավակնություններ ցուցաբերել Զանգեզուրի, Երեւանի եւ հայկական այլ տարածքների նկատմամբ: Կխնդրեի Միացյալ թագավորության դիրքորոշումն այս հարցերի շուրջ:

-Միացյալ Թագավորությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղ հարաբերությունների զարգացմանը։ Տարածաշրջանի ապագա կայունության եւ բարեկեցության համար կենսականորեն կարեւոր է, որ ընթացիկ խնդիրները լուծվեն բանակցային, խաղաղ գործընթացի միջոցով։ Ուրախ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ կապ է հաստատվել, եւ քննարկումները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, եռակողմ աշխատանքային խմբի գործընթացի միջոցով եւ այլ միջազգային միջոցառումների եւ համաժողովների շրջանակում։ Ցավալի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները մոտ երկու շաբաթ առաջ չկարողացան հանդիպել ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում։ Բայց ես կարծում եմ, որ շարունակական ներգրավվածությունն ու բանակցությունները միակ ճանապարհն են ձեր նշած երկկողմ խնդիրները լուծելու համար: Մենք մեծապես խրախուսում ենք հետագա առաջընթացը հումանիտար հարցերում, ինչպիսիք են բոլոր ռազմագերիների եւ պահվող անձանց վերադարձը, ականազերծումը եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքների հետաքննությունը, ինչպես նաեւ այլ չլուծված հարցեր, ինչպիսիք են սահմանագծումն ու սահմանազատումը: Մենք շարունակելու ենք այդ հարցերը բարձրացնել Ադրբեջանի կառավարության հետ քննարկումներում, ինչպես դա անում ենք Հայաստանի կառավարության հետ։

-Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրելուց հետո տեսնում ենք՝ նոր ձեւաչափեր են հրապարակ նետվում, օրինակ՝ «3+3»-ը, որը, քաղաքագետների գնահատմամբ, կարող է շատ վտանգավոր լինել Հայաստանի համար: Ի՞նչ կասեք այս առիթով: Եվ, Ձեր կարծիքով, Արցախի հարցի լուծման նախընտրելի ձեւաչափը ո՞րն է:

-Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափի վերաբերյալ մնում է նույնը։ Միացյալ Թագավորությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա։ Մենք լիովին աջակցում ենք ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուս համանախագահների ջանքերին եւ կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում։

Միացյալ Թագավորությունը պաշտոնական տեսակետ չունի այլ հարցերի քննարկման ձեւաչափերի, այդ թվում՝ առաջարկվող «3+3» ձեւաչափի վերաբերյալ։ Տարածաշրջանային տարբեր ձեւաչափերում ներգրավվածությունը երկրների որոշելիքն է: Ես տեղյակ եմ վարչապետ Փաշինյանի վերջին նկատառումների մասին, առ այն, որ ցանկացած նոր խմբավորում չպետք է կրկնօրինակի բանակցային այն ոլորտները, որոնք արդեն քննարկվում են գոյություն ունեցող ձեւաչափերի միջոցով, ինչպիսիք են ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ընթացիկ եռակողմ գործընթացները։ Իմ կարծիքով դա խելամիտ եւ տրամաբանական դիրքորոշում է:

– Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի եռակողմ՝ վերջին՝ Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո, կարծես թե, ավելի որոշակիացվում է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների մեկնարկը: Չնայած, որ մասնագետները պնդում են, որ այդ գործընթացը անհրաժեշտ եւ կարեւոր է երկարատեւ խաղաղության հասնելու համար, բայց, որպես աշխարհում ազդեցություն ունեցող երկրի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք պատկերացնում նման գործընթաց, երբ այդ գոտիներում ապրող մարդկանց իրավունքները՝ անվտանգության տեսանկյունից, ոտնահարված են: Չկան անվտանգային գոտիներ՝ նախքան դեմարկացիան եւ դելիմիտացիան, մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց արոտավայրերից, այգիներից, աղբյուրներից:

 

-Կարծում եմ, որ ձեր նշած հումանիտար խնդիրները ցույց են տալիս, թե ինչու է սահմանագծման եւ սահմանազատման շուրջ շարունակական երկխոսությունն այդքան կարեւոր սահմանամերձ եւ մյուս շրջաններում անվտանգություն եւ կայունություն ապահովելու համար: Սահմանին մոտ տեղի ունեցած վերջին միջադեպերը մտահոգիչ են, եւ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է։ Մենք կոչ ենք անում դադարեցնել ցանկացած սադրիչ գործողություն եւ խրախուսում երկխոսությունը երկու երկրների միջեւ առկա բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար: Նաեւ հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ապագայում կկարողանան այցելել տարածաշրջան՝ շարունակելու իրենց աշխատանքը տեւական եւ կայուն խաղաղության հաստատման համար։

 

Հարցազրույցը՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031