«Ազգային ինքնություն և ընտրանի» նախաձեռնության երկրորդ համաժողովը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Արցախում՝ Գանձասարի Մատենադարանում, «Ժողովրդագրական իրավիճակն Արցախում. խնդիրներ և լուծումներ» խորագրով։
Համաժողովի գլխավոր նպատակն էր աջակցել Արցախի ժողովրդագրական իրավիճակի հայանպաստ բարելավմանն ուղղված պետական քաղաքականությանը։
Համաժողովի առաջին հատվածում ողջույնի և օրհնության խոսքով հանդես եկավ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։
ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանն անդրադարձավ ՀՀ և Արցախի Հանրապետության ժողովրդագրության ներկա խնդիրներին և հիմնական միտումներին։
Կարդացեք նաև
«Ադրբեջանի ժողովրդագրական քաղաքականությունը Արցախում խորհրդային շրջանում. քաղված դասերը» թեմայով բանախոսեց ազգագրագետ, ԱրՊՀ ավագ դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը ներկայացրեց, թե ինչ նշանակություն է ունեցել եկեղեցին ընդհանրապես Արցախի հայության և մասնավորապես ժողովրդագրական պատկերի համար։
Համաժողովի երկրորդ հատվածում «Ժողովրդագրական իրավիճակն Ադրբեջանում. ադրբեջանական քարոզչատեխնիկայի ժողովրդագրական բաղադրիչը» թեմայով բանախոսեց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով էթնիկական կառուցվածքի խնդիրներին։
«Արցախի ժողովրդագրական մարտահրավերները պաշտպանական հնարավորությունների համատեքստում» թեմայով բանախոսեց ԵՊՀ դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Արմեն Խաչիկյանը։
«Եկեղեցու բացառիկ դերը որդեծնության և ընտանիքի պահպանության աստվածադիր առաքելության և խրախուսման գործում» թեմայով տեսակապով բանախոսեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ՝ ԱՄՆ Արևելյան թեմի Նյու Յորքի Սրբոց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը։
Համաժողովի երրորդ հատվածում բանախոսներն ու մասնակիցները, բաժանվելով չորս աշխատանքային խմբի, ձևակերպեցին առաջարկվող գաղափարների նախագծային հայեցակետերը, որոնք ներկայացվեց խմբերի պատասխանատուների՝ Դավիթ Սարգսյանի, Թևան Պողոսյանի, Սարգիս Մելքոնյանի և Հովհաննես Գրիգորյանի կողմից։
Համաժողովի եզրափակիչ ելույթներով հանդես եկան քաղաքագետ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը և ծրագրի կազմակերպիչ Մենուա Սողոմոնյանը։
«Ազգային ինքնություն և ընտրանի» նախաձեռնություն