Aravot.am-ը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմից հետաքրքրվեց, թե ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Առողջապահության նախարարության կողմից նախագծված այն սահմանափակումները, որ հունվարի 1-ից հանրային սննդի կետեր, համերգներ, միջոցառումներ մուտքը կարող է թույլատրվել կա՛մ պատվաստված, կա՛մ թեստի բացասական պատասխան ունեցող մարդկանց։
Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց․ «Միանշանակ շատ վատ է ազդելու թատրոնի գործունեության վրա։ Թատրոնի ներսում դա խնդիր չէ, որովհետև աշխատակազմը, կարելի է ասել, 98 տոկոսով պատվաստված է, բայց հանդիսատեսի պարագայում, երբ գործ ունենք նաև պատանի հանդիսատեսի հետ՝ մինչև 14 տարեկան, որը բնական է, չի կարող պատվաստվել, մտահոգված ենք։
Միանշանակ շատ է ազդելու և բոլորս էլ մտահոգ ենք այդ խնդրով․ առանց հանդիսատեսի, թատրոնի չի կարող լինել։ Եղել է ժամանակահատված, որ մենք խաղացել ենք սահմանափակումով, դիմակներով, ամեն փորձություն անցել ենք, այս փորձությունն էլ կհաղթահարենք։ Ինձ համար, իհարկե, շատ կարևոր է նաև հանդիսատեսի առողջությունը։
Թող բոլորս առողջ լինենք և եթե եկավ այնպիսի ժամանակահատված, որ պարտադիր պատվաստած պիտի լինեն, ուրեմն այդպես պիտի լինի»։
Կարդացեք նաև
Թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանն էլ հավելեց․ «Համոզված եմ՝ եթե մեր հանդիսականն իմանա, որ այդպիսի խնդիր կարող է ծագել, անպայման բոլորը կսրսկվեն»։
Հիշեցնենք, որ ՀՀ ռեստորանների միությունն իր անհամաձայնությունն էր հայտնել Առողջապահության նախարարության նոր սահմանափակումներ մտցնելու մտադրության շուրջ՝ կոչ անելով զերծ մնալ բիզնեսի գործերին միջամտելուց և տեղեկացնելով, որ ծայրահեղ ծանր տնտեսական վիճակում ռեստորանային ոլորտը, որն ապահովում է 50 հազար աշխատատեղ, չի պատրաստվում «համակերպվել ոլորտի համար կործանարար լուծումների հետ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ