Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն ՀՀ ԱԺ լրատվականի հետ զրուցել են մեկ տարի առաջ Սենատի կողմից գրեթե միաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևին հաջորդող քայլերի շուրջ:
Մինչ զրույցն սկսելը սենատոր Բրունո Ռըտայոն կարծես ենթադրում էր, որ առաջին հարցը լինելու է բանաձևի կարևորության և նշանակության մասին: Նա ուղղակի խնդրեց տալ ցանկացած հարց և չսպասելով հարցին՝ սկսեց խոսել.
–Ֆրանսիայի Սենատն առաջինն էր Եվրոպայում, որ Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց, քանի որ Արցախի պայքարը վերաբերում է նաև մեզ: Մենք նույն քաղաքակրթության և արժեքներ կրողներ ենք և միայն Արցախի անկախության ճանաչումն է, որ կարող է երաշխավորել Արցախի ժողովրդի ապագան:
Նա խոսում էր մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից, հետպատերազմյան իրադրությունից՝ հայկական ողբերգությունը համարելով համամարդկային: Հայաստանի լավ բարեկամի սրտացավ խոսք էինք լսում.
– Ալիևը շարունակում է լինել պատերազմական ուղեծրում և հայտնի չէ՝ ուր կհասնի: Հարկ է, որ Ֆրանսիան և Եվրոպան Մինսկի խմբի շրջանակում կանգնեցնեն նրան, քանի որ նա հարձակվել է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա: Միջազգային հանրությունը պետք է անի ամենը, կանգնեցնելու Ալիևին և նրա դաշնակից Էրդողանին: Հուսով եմ, որ Ֆրանսիան կարևոր դեր կխաղա:
Մի պահ լռում է ու նորից վերադառնում Բանաձևին
-Այդ Բանաձևով մենք Հայաստանին ու հայ ժողովրդին ասում ենք, որ դուք մենակ չեք, մենք ձեր կողքին ենք և կպաշտպանենք ձեր շահերը:
Թվում էր, որ երկար էինք զրուցելու, բայց սենատորը հասկացրեց, որ ամեն ինչ ասված է, կրկնելու ու բացատրելու կարիք չի զգացվում: Արցախի ու Հայաստանի հարցերով մտահոգ, Հայաստանի լավ բարեկամ Վալերի Բուայեն է միանում ու, կարելի է ասել, շարունակում ասվածը.
-Այսօր Թուրքիան ոչ միայն Ադրբեջանի գործընկերն է, այլ պատերազմի հրահրողներից է: Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկայիս իրավիճակը: Հակամարտությունը սառեցված է, բայց լուծված չէ: Հիմա Ադրբեջանի կողմից Մինսկի խումբն անտեսելն անընդունելի է: Այսօր նրանք փորձում են Մինսկի խումբը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ճշտման հարթակ: Նպատակը Հայաստանը խեղդելն է՝ կտրելով Իրանի հետ միակ սահմանից:
Իհարկե նա վստահ է, որ իր տեսակետի ընդդիմախոսները քիչ չեն, որ շատերը կփորձեն առաջին հայացքից լուրջ թվացող հակափաստարկներ բերել, բայց նշում է, որ իրեն ամենևին չի հետաքրքրում.
-Սա ցեղասպանության շարունակությունն է անպատժելիության մեջ: Մեր տրամադրության տակ կան տարբեր գործիքներ այս իրավիճակի վրա ազդելու: Առաջինը՝ դիվանագիտական ուղին է: Անցած տարվա նոյեմբերի 25-ին Սենատի կողմից և դեկտեմբերի 3-ին ԱԺ կողմից Արցախի ճանաչման մասին բանաձևերի ընդունումն է: Երրորդը՝ Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծումն է, որը հնարավորություն կտա խոսել Արցախից, դրա իրավական կարգավիճակից: Մենք ունենք նաև այլ գործիքներ, որոնք գտնվում են ԵՄ շրջանակում:
Բուայեն չի ընդունում, երբ Ադրբեջանի ագրեսիվ հարձակումների դեպքում խաղաղության կոչի ուղիղ հասցեատերը շեղվում է և օգտագործվում է «կողմեր» բառը:
– Ֆրանսիան, որը Մինսկի խմբի անդամ է, պետք է դուրս գա չեզոքությունից և իրավիճակին նայի օբյեկտիվորեն: Այլապես հավասարության նշան է դրվում ագրեսորի և ագրեսիայի ենթարկվածի, ցեղասպանի և ցեղասպանվածի միջև: Չպետք է 10 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանին և 80 միլիոնանոց Թուրքիային մենակ թողնել 3 մլն բնակիչ ունեցող Հայաստանի դեմ:
Նա շտապում է տեղեկացնել, որ շատ շուտով Ֆրանսիան է ստանձնելու ԵՄ նախագահությունը.
-Որպես ԵՄ նախագահող երկիր Ֆրանսիան իր տրամադրության տակ կունենա տարբեր գործիքներ: Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը հարձակվի ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի վրա: Իհարկե, մեր ունեցած գործիքները սահմանափակ են, սակայն երբ կան մարդու իրավունքներին, գերիներին, մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր, մեր պատվի հարցն է դրանք հնարավորինս օգտագործել: Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը՝ այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է:
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձև՝ 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար:
Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:
Նախագիծը ներկայացրել էին հինգ սենատորներ՝ Բրունո Ռըտայոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը:
ԱԺ