Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապրելով այն գիտակցությամբ, որ աշխարհում կա մեկը, որ վայելում է արևի լույսը հենց քո շնորհիվ. Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը գրանցեց հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում

Դեկտեմբեր 13,2021 18:09

Այսօր Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ հայ դոնորի օգնության կարիքն ուներ լեյկեմիայով տառապող կանադացի մի հիվանդ, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։

Յուրաքանչյուր փոխպատվաստում փորձություն է: Մասնագետների շղթայի յուրաքանչյուր օղակ, որոնք ձեռքից ձեռք, երկրից երկիր են փոխանցում կյանքի հույսը, պետք է անխափան աշխատի: Այս ժամանակ բացվում են բոլոր սահմանները, մարդիկ մոռանում են ազգային պատկանելություն և ունեն միայն մեկ նպատակ՝ ժամ առաջ տեղ հասցնել կենսաբեր բջիջները և օգնել հիվանդին հաղթահարելու մահաբեր հիվանդությունը:

Ասօրվա մեր դոնորը Գայանե Այվազյանն է։ Գայանեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից է, ունի 2 դուստր։ Գայանեն առաջին իսկ օրվանից, երբ իմացավ, որ համատեղելի է հիվանդի հետ, մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ համաձայնվեց օգնության ձեռք մեկնել նրան: Քաջ գիտակցելով դոնոր դառնալու նախապատրաստման փուլի և ցողունային բջիջների հավաքման ողջ գործընթացը՝ իր հերթին նպաստեց լավագույնս կազմակերպելու այն:

ՈԴՀՌ-ի գործադիր տնօրեն Սևակ Ավագյան, Դոնոր Գայանե Այվազյան, Բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյան

 

Այսօր հաջողությամբ ավարտվեց դոնորի ցողունային բջիջների հավաքագրման փուլը: Գայանեն շատ երջանիկ և հպարտ է, քանի որ իր շնորհիվ Կանադայում գտնվող հիվանդը հնարավորություն կունենա ապաքինվելու և ապրելու:

Շնորհակալություն Գայանե, որ հույսի մի շող պարգևեցիր մահաբեր հիվանդության ճիրաններում գտնվող հիվանդին: Այդպիսի պատրաստակամությամբ նվիրաբերված բջիջները չեն կարող չփրկել, ուղղակի չեն կարող: Իսկ դու կապրես այն գիտակցությամբ, որ այս աշխարհում կա մեկը, որ վայելում է արևի լույսը հենց քո շնորհիվ:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:

Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 32.000 դոնոր, ռեեստր դիմած 5517 հիվանդի հետ նախնական համընկնող 5468 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 37-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031