Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ում Ջհանգիրյանին հիշեցրին, որ 2008-ին Տեր-Պետրոսյանի կողքը կանգնեց. «Դուք ձեր փորձով ցույց եք տվել, որ քաղաքական չեզոքությունը խախտելը ձեզ համար խնդիր չէ»

Դեկտեմբեր 13,2021 17:13

Ինչպես տեղեկացրել ենք, Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) օրերս որոշեց մերժել արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Սակայն մեկ այլ գործով ԲԴԽ-ն բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը:

Այսօր էլ ԲԴԽ-ն քննում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գործի հետ կապված Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարարի դիմումը:

Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Նախշքարյանին երբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն էր հայտնել, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը հատուկ կարծիք է ունեցել, ուստի կարող են ասել, որ խիստ նկատողությանը համաձայն են եղել 6 անդամ: Գագիկ Ջհանգիրյանը ճշգրտեց. «Պարոն Մակյանը կողմնակից է եղել ոչ թե խիստ նկատողության, այլ՝ նկատողության, այնպես որ 6-ը մնացել են, հանգիստ եղեք»:

Զարուհի Նախշքարյանը նույնպես իր ելույթում ընդգծեց Մակյանի հատուկ կարծիքի հանգամանքը ու հայտարարեց. «Դատավորի լիազորությունը դադարեցնելու համար օրենսգիրքը նախատեսում է դատավորերի 2/3-ի ձայնը, խիստ նկատողության համար պահանջվում է առնվազն 6 ձայն: Սա նշանակում է, որ նախորդ որոշումը չի ընդունվել 6 ձայնով»:

Սիրանուշ Սահակյանը անդրադարձավ նաեւ Գագիկ Ջհանգիրյանին. ««Իմ քայլը» ձեզ առաջադրել է օրենքի խախտմամբ, քանի որ տարիքային շեմի առումով եղել է անհամապատասխանություն: Այս հանգամանքը ձեզ առավել եւս խոցելի է դարձնում ու դամոկլյան սուրը ձեր քաղաքական ուժը մշտապես կապել է ձեր գլխին»: Նա նաեւ ասաց, որ 2008-ին Ջհանգիրյանը քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել. «Դուք ձեր փորձով ցույց եք տվել, որ քաղաքական չեզոքությունը խախտելը ձեզ համար խնդիր չէ ու անձնական զսպաշապիկը կարող է քանդվել: Բացի այդ, մամուլը հրապարակեց ձեր կոնֆիդենցիալ շփումները իշխանության հետ: Դուք վարչապետից, արդարադատության նախարարից, քաղաքական մեծամասնությունից անկողմնակալ չեք կարող գործել տիկին Նախշքարյանի գործով, որն ուղղակի քննադատել էր Նիկոլ Փաշինյանի անձը»:

Անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Սաֆարյանը քաղաքականացված է ու այսպես ուզում են պատժել Նախշքարյանին՝ ցույց տալու մյուսներին, թե ինչ է լինում այն դատավորների հետ, որոնք իշխանության հետ համակարծիք չեն:

Սիրանուշ Սահակյանը միջնորդություն ներկայացրեց բացարկ հայտնել ԲԴԽ մի շարք անդամների՝ Մելիքջանյանին, Գրիգոր Բեքմեզյանին, Վիգեն Քոչարյանին, Դավիթ Խաչատրյանին եւ Գագիկ Ջհանգիրյանին:

ԲԴԽ-ն որոշեց բացարկ հայտնելու մասին այդ բոլոր միջնորդությունները մերժել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031