Լրահոս
Օրվա լրահոսը

«Մելիքջանյանը Նիկոլ Փաշինյանի հետ նույն դպրոցում չի սովորել, առավել եւս՝ նույն դասարանում չի սովորել». Գագիկ Ջհանգիրյան

Դեկտեմբեր 13,2021 17:04

Ինչպես տեղեկացրել ենք, Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) օրերս որոշեց մերժել արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Սակայն մեկ այլ գործով ԲԴԽ-ն բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը:

Այսօր էլ ԲԴԽ-ն քննում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գործի հետ կապված Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարարի դիմումը:

Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը միջնորդություն ներկայացրեց՝ բացարկ հայտնելով Լիպարիտ Մելիքջանյանին. «Պարոն Մելիքջանյանը ընտրվել է նախկին քաղաքական ուժի կողմից, բոլոր իրավաբան գիտնական անդամները հրաժարական են տվել: Չի ենթարկվել միայն պարոն Մելիքջանյանը: Հատուկ հատկանիշներ գոյություն չունեն: Միակ բացատրությունը մեզ համար նոր քաղաքական ուժի խաղի կանոնները ընդունելն է: Մելիքջանյանը եղել է «Ելքի» անդամ, քաղաքական այս ուժի ցուցակում է եղել, սերտորեն առնչվել է «Իմ քայլը» ուժի ղեկավարի հետ, նրանք դեռեւս դպրոցական տարիներից ձեւավորել են ընկերական հարաբերութուններ ու կասկածներ են ձեւավորվել, որ նա կողմնակալ է ու կարող է առաջնորդվել շահերով, այդ թվում՝ քաղաքական»:

ԲԴԽ դատավոր Մակյանը հուշեց, որ հրաժարական չէր տվել նաեւ Հայկ Հովհաննիսյանը:

Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ «Ելքի» ցուցակում լինելը ենթադրություն չէ, փաստ է, դպրոցական տարիներին շփվելը փաստ է, մյուս բոլոր դեպքում ենթադրություններ կարող են անել. «Ես չեմ կարծում, որ ԲԴԽ դատավորի պաշտոնը ստանձնած անձինք այնքան անլուրջ են, որ կարող են անձնական շարժառիթներից ելնելով՝ լքել պաշտոնը»:

ԲԴԽ անդամները գնացին խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այնուհետեւ Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց որոշումը. «Միջնորդությունը մերժվում է: Մելիքջանյանը Նիկոլ Փաշինյանի հետ նույն դպրոցում չի սովորել, առավել եւս՝ նույն դասարանում չի սովորել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031