Այսօր ԲԴԽ-ում քննվում է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ինչպես տեղեկացրել ենք, Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) օրերս որոշեց մերժել արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Սակայն մեկ այլ գործով ԲԴԽ-ն բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը: Այն վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով մի գործի:
Նախշքարյանը մեղադրվում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը:
Այսօր էլ ԲԴԽ-ն քննում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գործի հետ կապված Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարարի դիմումը:
Կարդացեք նաև
Նախշքարյանի գործի քննության ժամանակ ԲԴԽ դատավոր Անի Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել:
ԲԴԽ-ն գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այնուհետեւ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հրապարակեց որոշումը՝ բավարարել միջնորդությունը: Այսպիսով, Անի Մխիթարյանը հեռացվեց:
ԲԴԽ դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ մի գործով Նախշքարյանը որոշում է կայացրել հօգուտ իրեն ու անաչառ դիտորդի մոտ կարող է կասկածներ լինեն, որ Նախշքարյանի օգտին որոշում կկայացնի:
Զարուհի Նախշքարյանն ասաց. «Այդ կասկածները փարատվում են՝ ձեր կողմից նախորդ որոշումից հետո»:
Այնուամենայնիվ, ԲԴԽ անդամները կրկին գնացին խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու այս անգամ Մակյանի ինքնաբացարկի հարցով: Քիչ անց խորհուրդը որոշեց մերժել Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ