Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գերիների մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը չի խանգարել Եղիշե Կիրակոսյանի աշխատանքին

Դեկտեմբեր 13,2021 16:06

«Պարզ է, հայտարարությունները կարող են անդրադառնալ տարբեր մակարդակի, բայց, ամեն դեպքում, մենք մեր աշխատանքն իրականացնում ենք»,- այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց ՄԻԵԴ-ում եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն՝ պատասխանելով հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գերիների մասին արված հայտարարություններն ի՞նչ ազդեցություն են ունենում իրենց աշխատանքի վրա: Նա հավելեց նաեւ, որ տարբեր հայտարարություններով պայմանավորված՝ իր աշխատանքում խոչընդոտներ այս պահի դրությամբ չեն եղել:

Հիշեցնենք, Սիրանույշ Սահակյանը եւ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը hհայտարարել էին, որ նման հայտարարությունները էականորեն խանգարում են իրենց աշխատանքին:

Եղիշե Կիրակոսյանը վստահեցրեց՝ գերիների վերադարձի առնչությամբ իրենց աշխատանքները չեն դադարում: Ասաց, որ վերջերս գերեվարված անձանց մասով ներկայացրել էր պահանջ, երկու օր առաջ ներկայացրել են նոր ապացույցներ, որոնց հիման վրա դատարանը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում եւ ժամկետ է արձանագրել Ադրբեջանի համար՝ իր մոտ գտնվող գերեվարված անձանց մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու առումով:

Եղիշե Կիրակոսյանը խոսեց դեկտեմբերի 7-ին, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին: Ըստ նրա, ՀՀ կողմից ներկայացված պահանջները, բովանդակային մասով, հիմնականում բավարարված են:

«Դատարանը, կարելի է ասել, բավարարեց, բոլոր օբյեկտների հետ կապված ներկայացված պահանջները: Պարզապես Արդարադատության միջազգային դատարանը երբեք սահմանափակված չէ կողմերի ներկայացրած ձեւակերպված պահանջներով եւ դատարանը կարող է վերախմբագրել այն միջոցները, որոնք վերաբերվում են տվյալ պետությանը»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Հարցին՝ ինչո՞ւ դատարանը չպարտավորեցրեց Ադրբեջանին գերիներին անհապաղ վերադարձնել, ավելին, ասվեց, որ հայկական կողմն ապացույցներ չի ներկայացրել, որ նրանք պահվում են ռասայական կամ ազգային պատկանելիության համար, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց. «Հայկական կողմը ապացույց շատ է ներկայացրել, որ նրանք պահվում են ազգային պատկանելիության հիմքով, որ նրանց նկատմամբ դաժան են վարվում, քանի որ հայ են»: Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ որոշման մեջ արված ձեւակերպումներն ուղղակի ընդունված եւ սովորական ձեւակերպումներ են եւ նկատեց, որ դատարանն ուղղակի տարբերակում դրեց անձանց պահելու եւ անձանց նկատմամբ վերաբերմունքի մոտիվների միջեւ, որին, հայկական կողմը համաձայն չէ, քանի որ ներկայացված փաստարկներն այն մասին էին, որ Ադրբեջանում տիրող ռասայական խտրականության մթնոլորտը շատ բարձր է: Նա հավելեց, որ հղում կատարելով սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործին՝ արձանագրել են, որ մարդկանց՝ Ադրբեջանում գտնվելը առհասարակ վտանգավոր է:

Ամեն դեպքում, դատարանը գտել է, որ դրանք ՄԱԿ-ի միջազգային դատարանի տիրույթից դուրս են, գտնվում են ժնեւյան մարդասիրական իրավունքի համատեքստում: «Սա, կարծում եմ, կարեւոր արձանագրում է, որովհետեւ մարդասիրական իրավունքով կա հստակ դիրքորոշում՝ գերեվարված անձանց անհապաղ վերադարձնելու մասին: Մենք հասկանում էինք այդ ռիսկը, բայց չէր կարելի այս մասին չբարձրաձայնել: Գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ օրակարգում եւ ցանկացած իրավական միջոց պետք է ձեռնարկենք»,- ասաց նա՝ հավելելով, որ միաժամանակ արձանագրվեց, որ Ադրբեջանում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նրանց էթնիկ պատկանելիությամբ եւ դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին անհապաղ դադարեցնել անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը:

Գործի հետագա քննության համատեքստում, նա կարեւոր է համարում նաեւ դատարանի այն արձանագրումը, որ գերեւարվածները օրենքի առաջ հավասար իրավունքներ ունեն:

Եղիշե Կիրակոսյանը հրաժարվեց գերիների՝ հաստատված եւ չհաստատված թիվ ներկայացնել, միայն ասաց, որ բոլոր տվյալները ներկայացված են միջազգային ատյաններ:

Հաջորդ՝ գործի հետագա քննության համար առանցքային նշանակություն ունեցող ամրագրումը, ըստ բանախոսի, էթնիկ հայերի նկատմամբ ատելության խոսքի հրահրմանը եւ տարածմանը վերաբերվող հատվածն է: Դատարանի որոշման մեջ ամրագրված է, որ ատելության քարոզը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինստիտուտների կողմից է իրականացվում եւ դա անհրաժեշտ է կանխել: Եղիշե Կիրակոսյանը գտնում է, որ հայկական կողմի ներկայացրած փաստարկները բավական զորեղ են եղել, այդ իսկ պատճառով դատարանը նման արձանագրում է կատարել, ինչը հետագայում հնարավորություն կտա հայկական կողմին առավել ամուր դիրքեր ստանալ:

Մյուս կետը վերաբերվում է հայկական մշակութային ժառանգությանը, դրանք վանդալիզմից, վնասումից եւ կեղծումից պաշտպանելուն, նման գործողություններում ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելուն: Այս ամրագրումը Եղիշե Կիրակոսյանը նույնպես առանցքային է համարում եւ հիշեցնում, որ այս դատարանի որոշումները պարտադիր կատարման են ենթակա, այդ մասին նաեւ որոշման մեջ է նշված: Այդ որոշումների կատարման մասին դատարանը զեկուցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին:

Հիշեցնենք, 2021-ի սեպտեմբերի 16-ին էր ՀՀ-ն դիմել Հաագայի միջազգային դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի հիմքով: ՀՀ-ն նաեւ դիմում էր ձեւակերպել՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, մինչեւ գործի, ըստ էության, քննումը: Ադրբեջանը ընդամենը մեկ շաբաթ անց, հայելային դիմում էր ներկայացրել:

Եղիշե Կիրակոսյանի բնութագրմամբ, Ադրբեջանի դիմումը էականորեն դուրս էր կոնվենցիայի շրջանակներից, ինչի մասին, մասին լսումների ժամանակ հայկական կողմը ներկայացրեց եւ դատարանն ընդունեց:

Ռազմագերիների մասով Հայաստանը երկու պահանջ էր ներկայացրել՝ վերադարձի ապահովում եւ մինչ արդ ապահովել ռասայական խտրականության կոնվենցիայի դրույթների խստիվ պահպանում: Պահանջ կար նաեւ հայկական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ, ազգությամբ հայերի անարգել մուտքի ապահովում հայկական մշակութային տարածքներ, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ատելության խոսքի տարածման եւ քարոզի անհապաղ դադարեցում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031