Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԿԳՄՍ բյուջեում մշակույթի ոլորտին հատկացված է ընդամենը 7.3%». Լիլիթ Գալստյան

Դեկտեմբեր 13,2021 15:26

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում 2022 թ բյուջեի մասին խոսելիս տարակուսանքով նշեց, որ բյուջեի ուղերձի այն նախադասությունը, թե «2021 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց քաղաքական ճգնաժամը և ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար», մեղմ ասած՝ ժպիտ է առաջացնում, որովհետեւ, ըստ նրա, քաղաքական մեծամասնությունը ինքնախաբեությամբ է զբաղված: Լիլիթ Գալստյանի ձեւակերպմամբ, «ապագային նայելու հայ ժողովրդի ձգտման» ամենախոսուն ու ցավալի ցուցիչը վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանից հեռացած ավելի քան 100 000 քաղաքացիներն են։

Նրա խոսքով, արժեքային դեգրադացիայի համատեքստում, իր լավատեսությունը սպառվում է՝ տեսնելով բյուջեի առաջնահերթություններն ու ֆինանսական պատկերը. «Բյուջեի երեք առաջնահերթությունների մեջ նաեւ կրթության արդիականացումն է, ինչն ինքնին գնահատելի է, սակայն այն չի կարող արդյունավետ լինել առանց մշակութային բաղադրիչի, առանց երկու ոլորտների փոխշաղկապակցված և փոխլրացնող ծրագրերի և ռազմավարության։ Նախագծում տեղ գտած այն հաստատումը, թե մշակույթի ոլորտի ծախսերը 2021թ․ համեմատ աճել են, իրականում մանիպուլյատիվ է, համեմատության մեջ՝ ոչ շահեկան։ Այսպես, ոլորտի համար 2022 թ. նախատեսվում է հատկացնել 16,546.9 մլն դրամ՝ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հաստատված 15,403.9 մլն դրամի դիմաց: Ծախսերն աճել են 7.4 տոկոսով: Սակայն 2020թ. փաստացի կատարված մշակութային ծախսերի համեմատությամբ (եղել են՝ 20,128.935.9 դրամ, իսկ 2019-ին՝ 16.934.422 դրամ): Փաստորեն այս համեմատության մեջ ոչ թե աճ ունենք, այլ 2020թ համեմատ մոտ 15%-ի նահանջ։

Առհասարակ ոլորտի 7 ծրագրերի (կինեմատոգրաֆիա, մշակութային ժառանգության, գրահրատարակչություն և գրադարաններ, ազգային արխիվ, արվեստների ծրագիր, մարզերի մշակութային զարգացում, մշակութային և գեղագիտական դաստիարակություն) համար նախատեսված հատկացումները ֆինանսական իմաստով մնացորդային են, իսկ բովանդակային առումով դժվար է վերջնարդյունքային գնահատականներ տալ, մի կողմից՝ ռազմավարական նպատակների սահմանման բացակայության, մյուս կողմից՝ արդյունքային ցուցանիշների ոչ բավարար մշակված լինելու կամ առհասարակ չլինելու պատճառով»,-նշում է ԱԺ պատգամավորը:

Նրա խոսքով, տպավորություն կա, թե ուղերձը բոլորովին այլ խումբ է գրել, անցյալից copy և paste անելով, իսկ ֆինանսական հատկացումները կատարել է դրանց հետ անհաղորդ մեկ այլ խումբ: Նա օրինակներով, փաստում է, որ չնայած պաթետիկ գեղեցիկ ձեւակերպումներին, իրականում կինեմատոգրաֆիայի ծախսերը 2020թ համեմատ նվազել են մոտ 52.3%-ով, իսկ անիմացիայի արտադրություն առհասարակ նախատեսված չէ, գրահրատարակչության և գրադարանների ծրագրի ֆինանսավորումը 2020թ համեմատ նվազել է 11.4%-ով, գրահրատարակչության ոլորտից դուրս են մնացել պետական պատվերի կամ պետական աջակցության ծրագրերը։

Լիլիթ Գալստյանն ընդգծում է, որ մշակութային վերափոխումների, երեխաների հոգևոր և գեղագիտական ընդունակությունների բացահայտման և զարգացման խոստում տվող իշխանությունը մշակութային և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ծախսերն անցյալ տարվա համեմատ նվազեցրել է 297.3 մլն դրամով, կամ 48.9 %-ով, իսկ 2020-ի համեմատ 52.3%-ով, մշակութային ժառանգության ծրագրի համար 2022 թվականին նախատեսված գումարը 2020թ հատկացումից (3,657.198.900) նվազ է մոտ 16.1%, նվազել են եւ վերականգնվող հուշարձանների թիվը, եւ գումարները՝ 300 մլն-ից հասնելով 70 մլն…

Ի թիվս այլնի, պատգամավորը նշում է, որ լրջագույն խնդիրներից մեկը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության մշակութային կազմակերպությունների աշխատողների միջին աշխատավարձի խնդիրն է, որը հանրապետության պետական հատվածի միջին աշխատավարձից մոտ 50 000 դրամով ցածր է, իսկ թանգարանային և գրադարանային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը 68000-ից 120 000-ի միջակայքում է:

«Եվ քանի որ չկա մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ծրագիր և քաղաքականություն, ոլորտային առանձին քաղաքականություններ և հայեցակարգեր, ինչը օրենքի պահանջ է, քանի դեռ ԿԳՄՍ նախարարի համոզմամբ ռազմավարությունը ընդամենը փիլիսոփայական բառ է, դժվար է ակնկալել, որ առաջիկայում և պետական պաշտոնյաների ընկալումներում կկարողանանք սերմանել մշակույթի՝ որպես ռազմավարական պոտենցիալի գիտակցումը»,-հավելում է մեր զրուցակիցը։

Լիլիթ Գալստյանը եւս մեկ ընդգծում է անում. «Բյուջեի նախագիծը, որտեղ ԿԳՄՍ բյուջեում մշակույթի ոլորտին հատկացված է ընդամենը 7.3%, գալիս է հիմնավորելու, թե որքան լուսանցքայնացված է մշակույթը, և որքան անհեռատես ու քայքայիչ էր, գուցեև նպատակային մեկ տանիքի տակ մի շարք ոլորտների համատեղումն ու ազգային պետության թուլացումը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031