Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերն ավելացել են

Դեկտեմբեր 13,2021 15:02

Հաստ աղիքի քաղցկեղն իր տարածվածությամբ քաղցկեղների մեջ 3-րդ տեղն է զբաղեցնում․ ամեն տարի աշխարհում մեկ միլիոնին մոտ նոր դեպք է հայտնաբերվում, այս հիվանդների գրեթե կեսը մահանում է։ Այսօր այս մասին «Արմենպրես» -ի մամուլի սրահում ասաց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային եւ էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը։

Վլադիմիր Նահապետյան

Կենտրոնն այս տարի հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը անվճար սքրինիգային ծրագիր է իրականացրել, 45 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի կարող էր դիմել, ընդ որում՝ անկախ բժշկի ցուցումից։

Նարեկ Մանուկյան

Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն ասուլիսի ընթացքում ասաց, որ դիմողները շատ էին, ուստի ծրագիրն ավարտել են նոյեմբերին․ «Սա աննախադեպ էր, քանի որ կբերի վիճակագրական տվյալների լուրջ փոփոխության»։

Վլադիմիր Նահապետյանն էլ ներկայացրեց հետազոտության արդյունքները․ հետազոտվել է 699 բուժառու, 81-ի մոտ հայտնաբերվել է հաստ աղիքի քաղցկեղ, 159-ի մոտ հաստ աղիքի բարորակ գոյացություններ․ «Մի մասի մոտ հենց կոլոնոսկոպիայի ընթացքում նմանատիպ գոյացությունները հեռացվել են։ Նաեւ հաստաղու վաղ քաղցկեղային շրջանում էնդոսկոպիկ եղանակով ենք հեռացրել՝ շրջանցելով մեծ վիրահատությունն ու քիմիաթերապիան»։

Բժշկի խոսքով՝ այս բուժառուներից շատերը որեւէ գանգատ չեն էլ ունեցել, երբ քաղցկեղ է հայտնաբերվել։

Այս տեսակի քաղցկեղը մի քիչ ավելի շատ հանդիպում է տղամարդկանց մոտ, եւ ինչպես բժիշկն ասաց, հնգամյա ապրելիությունը միջինում կազմում է 64%, վաղ հայտնաբերման դեպքում՝ 90%:

Վերջին տասը տարիների ընթացքում հաստ աղիքի քաղցկեղի աճ է գրանցվել, բժիշկների փոխանցմամբ՝ տասը տարիներին դեպքերի թիվն ավելացել է 150-ով։

Հաստ աղիքի քաղցկեղի պատճառներից բժիշկները նշեցին ժառանգականությունը, ալկոհոլն ու ծխելը, վատ կերակրացանկը․ «Կարմիր մսի չափաբաժնի մեջ քանակի գերազանցումն, ըստ տվյալների, բերում է կոլոռեկտալ քաղցկեղի առաջացմանը»։

Կենտրոնի տնօրենն ասաց՝ նոր մասնաշենք է կառուցվում՝ միջազգային չափանիշներին համապատասխան, այն նախատեսված է ամոքիչ (պալիատիվ) ծառայության համար, նախատեսվում է 30 մահճակալ, լինելու է ցավի կառավարման կենտրոն, ուսումնական կենտրոն, ինչպես նաեւ հոգեբանական ծառայություն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031