Հակոբ Արշակյանն ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրենին ու Հայաստանում Գերմանիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը եւ բարեկամական խմբի անդամ Հռիփսիմե Հունանյանը:
Կարդացեք նաև
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Հակոբ Արշակյանը Վիկտոր Ռիխտերին բեղուն գործունեություն է մաղթել եւ համոզմունք հայտնել, որ վերջինս կնպաստի հայ-գերմանական կապերի խթանմանը:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկու պետությունների ու խորհրդարանների միջեւ բարեկամական հարաբերությունները ներդաշնակ զարգանում են եւ այս համատեքստում շեշտել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների դերը:
«Հայաստանը ողջունում է գերմանական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված ջանքերը»,-ասել է Հակոբ Արշակյանը: Այս առնչությամբ նա բարձր է գնահատել նախորդ տարի հոկտեմբերի 29-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հարցով Բունդեսթագում կայացած քննարկումները:
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է հայ ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը՝ այս առումով ակնկալելով Գերմանիայի ակտիվ դերակատարությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր եւ ԵՄ առաջատար պետություններից մեկը: Նա կարեւորել է վերոնշյալ հարցով Բունդեսթագում մարտին կայացած հատուկ քննարկումը:
Մաթիաս Լյութենբերգն իր հերթին կարեւորել է հայ-գերմանական կապերի զարգացումը եւ համոզմունք հայտնել, որ նորընտիր Բունդեսթագի հետ կձեւավորվի արդյունավետ համագործակցություն: Այս առնչությամբ հյուրն ընդգծել է բարեկամական խմբերի գործուն մասնակցությունը: Արեւելյան գործընկերության անդամ երկրների հետ համագործակցության խորացման համատեքստում Մաթիաս Լյութենբերգը շեշտել է առաջիկայում անցկացվելիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը:
Հյուրը հաստատել է Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նաեւ եռանախագահների այցը տարածաշրջան:
Արման Եղոյանն անդրադարձել է Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը՝ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության համատեքստում կարեւորելով ԵՄ աջակցությունը մեր երկրին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո: Ըստ նրա՝ տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերվի. Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ժողովրդավարական երկիր, առաջընթաց է գրանցում, ինչը պետք է հիմք լինի, որ Արեւելյան գործընկերության ձեւաչափում մեր երկիրն ավելի մեծ ուշադրության արժանանա: Ի թիվս հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի՝ Արման Եղոյանը կարեւորել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց հայրենադարձումը: Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք:
Հռիփսիմե Հունանյանը բարձրացրել է երկու երկրների փոխգործակցության խորացման հարցը հատկապես գիտակրթական, մշակութային եւ առողջապահական ոլորտներում, կարեւորել փորձի փոխանակումը եւ համատեղ ծրագրերի իրականացումը:
Որպես համագործակցության օրինակ՝ մասնավորապես նշվել է նաեւ Բեռլինի ԹՈՒՄՈ կենտրոնի ստեղծումը:
Քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ մի շարք այլ ոլորտներում եւս կապերի ընդլայնման հեռանկարները:
ԱԺ