«Մենք մինչեւ այս պահն ընդդիմությունից պատասխան չունենք։ Պարոն Արծվիկ Մինասյանն այսօր անդրադարձավ հարցին, բայց արձանագրեմ, որ չի մեկնաբանել հարցը, թե իրենք ինչ կանեին՝ պատերազմից խուսափելու համար։ Սա կարեւորագույն արձանագրում է, որը հանրությունը պետք է անի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պնդելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս կատարած նույնաբովանդակ հարցադրումը։
«Այդ արձանագրումը խոսում է այն մասին, որ ընդդիմադիրների հարցադրումներն ու պնդումներն այլ նպատակ ունեն՝ հանրությանը մոլորության մեջ գցել։ Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի առաջարկին, որպեսզի վարչապետը հանրային ներկայացնի տեղեկությունները, հիշեցնեմ, որ օրերս կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նա առաջարկեց ընդդիմադիրների հետ փակ հանդիպում ունենալ։ Արծվիկ Մինասյանն, ըստ էության, խուսափում է փակ քննարկումից, որովհետեւ նման տեղեկատվության փոխանակումը պարունակելու է գաղտնի տեղեկություն։ Սրանով է պայմանավորված, որ բաց քննարկում անելը մեծապես որպես պայման է առաջարկվում ընդդիմության կողմից»,-համոզմունք հայտնեց Էդուարդ Աղաջանյանը։
Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Նիկոլ Փաշինյանի առաջարկ ուղղեց՝ վերջապես ապացուցել, որ 2018թ․-ի դրությամբ, ինչպես ինքն է պնդել, Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չգտնվելու բոլոր հնարավորությունները։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ