Այսօր առավոտյան Երեւանում ավտոբուսների մի խումբ վարորդներ երթուղի դուրս չէին եկել: Նրանք պահանջում էին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը: Վարորդները հավաքվել էին Ջրվեժի ավտոպարկում: Ցույցի մասնակիցները հին ավտոբուսների վարորդներն էին, նշում էին, որ պահանջում են աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում, նաեւ գազի լիցքավորման խնդիրների լուծում:
Վարորդներից մեկն ասաց, որ վերջնակետում զուգարանի խնդիր կա, բայցի այդ աշխատաժամերն ու չվերթները ավելացրել են, իսկ աշխատավարձը մնացել նույնը: «Մեզ թող նորմալ աշխատավարձ տան, նորմալ սպասարկենք: Նորմալը 350 հազար դրամն է: Մինչեւ հիմա իմ ընտանիքի բյուջեն 350 հազար դրամ է մտել, հիմա իջել է 260 հազար դրամ: 350 հազար դրամն էլ էր քիչ: Նորմալ պետք է փող տան, վարորդը, որ փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի»,-ասաց վարորդներից մեկը:
Գործադուլի պատճառով մի շարք երթուղագծեր, մասնավորապես Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթուն համայնքում չեն սպասարկվել: Ավելի ուշ վարորդների գործադուլին արձագանքեց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։
Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։
Կարդացեք նաև
Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։ Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ եւ ուղեվարձերից «սեւ» եկամուտ։ Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, մենք շարունակաբար բարելավում ենք և բարելավելու ենք վարորդների աշխատանքային պայմանները։ Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է եւ չի կարող արդյունք տալ։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու եւ տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»։
Ժամը 13-ին արդեն վարորդները դադարեցրին բողոքի ցույցը՝ նշելով, որ քաղաքապետարանի պաշտոնյայի հետ բանակցություններից հետո իրենց խնդիրներին լուծում է տրվել, եւ իրենք արդեն երթուղի են դուրս գալու. «Աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու, զուգարանների հարցը լուծվելու է, վարորդի վրա մուննաթ չեն գալու՝ ստեղ կպահես, ընդեղ կպահես»,–ասաց վարորդներից մեկը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ